ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել դպրոցներին. «Վերջին զանգ» լինելու է

10/05/2021 13:50
ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել դպրոցներին. «Վերջին զանգ» լինելու է

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջացոռւմը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատեց, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:
«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից: Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, կարևոր է հասկանալ, որ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: