Նորամարգի փոքր դպրոցը կցակառույցի խնդիր ունի (Տեսանյութ)

06/05/2021 18:44
Նորամարգի փոքր դպրոցը կցակառույցի խնդիր ունի (Տեսանյութ)

Անցյալ տարի, Արարատի մարզի Նորամարգի դպրոցի աղմկահարույց դեպքերը ԶԼՄ-ների էջերից չէին իջնում: Մեր կայքը ևս անդրադարձել էր դպրոցի տնօրենի խնդրահարույց  փոփոխությանը:
Հիշեցնենք, որ 2020թ-ի ամռանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանի հրամանով, աշխատանքից ազատվել էր գործող տնօրեն Ծովինար Գալստյանը, ով օրենքի խախտման համար հայտնվեց  դատական ատյաններում: Ի դեպ, վերջինս ներկա պահին աշխատում է Մասիսի քաղաքապետարանի կրթության վարչությունում: 2020թ-ի օգոստոսի 5-ին, Նորամարգի դպրոցի տնօրեն նշանակվեց Այնթափի թիվ 1 դպրոցի փոխտնօրեն՝ Գոհար Սահակյանը:
Մեկ տարվա ընթացքում, կառավարման ի՞նչ մեթոդներ  կիրառեց դպրոցում  նորանշանակ տնօրենը, խաղաղվե՞ց մանկավարժական կոլեկտիվի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած դպրոցը: Այս և նման  այլ հարցերի մտահոգությամբ՝ այցելեցինք դպրոց:
Նորամարգում, ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում:
-Համայնքապետ Արման Թադևոսյանը նախատեսել  է նաև, դպրոցի բակն ասֆալտապատել,- հայտնեց ծնողներից մեկը:
Տեղեկացանք, որ նախկին տնօրեն՝ Ծովինար Խաչատրյանը դեռևս  կես դրույքով աշխատում է դպրոցում: Այստեղ է աշխատում նաև Ծ.Խաչատրյանի քույրը: Ըստ դպրոցում պտտվող շշուկների, վերջինս վերադառնալու հույսեր ունի, անգամ, մերձավորների մոտ, սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր նավը լքողների հետ:
Առաջինը, որ նկատեցինք, դպրոցի փոքր լինելն էր, կցակառույցի խիստ անհրաժեշությունն էր զգացվում: Դպրոցի տանիքն էլ էր անմխիթար վիճակում: Անձրևներից խոնավանում էին դպրոցի պատերը: Լաբորատոր սարքավորումներ չկային: Խոհանոցը խիստ փոքր էր, որտեղ տարրական դասարանների աշակերտներն օգտվում էին ՄԱԿ-ի տաք սննդի ծրագրից: Դպրոցում 16 երեխաներ ստանում են ներառական կրթություն: Նրանցից մեկ երեխա, ով ծանր մտավոր խնդիրներ ունի, մնացել էր նույն դասարանում, որը ըստ նոր տնօրենի, անթույլատրելի է:
Դպրոցի նոր տնօրենը կադրային ջարդի չէր դիմել:
Մի քանի տարի առաջ, նորոգված, երկհարկանի դպրոցն ուներ սպորտային վերանորոգված դահլիճ՝  առանց  մարզագույքի, իսկ հանդիսությունների դահլիճն ու 2 հանդերձարաններ, դպրոցի պահուստային գումարներներով մոտ ժամանակներում կվերանորոգվեն: Դպրոցը ձեռք էր բերել 3 նոթբուքեր: Նախկինում, 393 աշակերտներ ունեցող դպրոցը ներկայումս ունի  417  դպրոցականներ: Տնօրենի կարգադրությամբ, հաճախակի դասալսումներ են ընթանում: Դպրոցի ուսուցիչների մեծամասնությունը սերնդափոխված է:
Համայնքի բնակիչների խոսքերով, նոր տնօրենը դժվարությամբ,արհեստածին խոչընդոտները հաղթահարելով դպրոցը տանում է բարեփոխման: Թեև Գոհար Սահակյանն իրենց համագյուղացին չէ, սակայն, հարազատ ու առինքնող կերպար է դարձել նորամարգցիների համար: Դպրոցականներն  ակնկալիքներ ունեն իրենց նոր տնօրենից:
 Դպրոցի բակում, աշակերտներն անարգել <<պարան, կլաս>> մանկական հին խաղեր էին խաղում՝ գարնանային  թռչունների ճռվողյունների ներքո: Բաց պատուհաններից լսվում էին ուսուցիչների սաստող ձայներն ու հարցերը, աշակերտների տարբեր  պատասխանները:
Տես՝ տեսանյութը:
Նարինե Հասրաթյան