Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով

13/04/2021 16:45
Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:


Ըստ նախագծի, առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը:


Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ:
Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: