• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • The Guardian-ը ներկայացրել է նոր փաստեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ

    Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ:

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձր մակարդակի փորձառություն ունեցող երկու մարդ The Guardian-ին համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել:

    Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը, ով դարձել է այլախոհ, հայտնել է, որ նավթային պաշարներով հարուստ երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում ունեցել է 30 մլն եվրո` ԵԽ ինստիտուտներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում լոբբինգի համար ծախսելու նպատակով: «Ադրբեջանի պատվիրակության կազմում բոլորը լսել էին այդ թիվը, թեպետ այն երբեք գրի չէր առնվել: Ասվում էր, որ այս գումարը նախատեսված է պատվիրակությունների անդամներին և առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու նպատակով»,- ասել է նա The Guardian-ին:

    Շվեդիայի պատվիրակության անդամ և նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլլսթրոմը հայտնել է, որ «շատ հավաստի անդամներ» իրեն ասել են, որ իրենց կաշառք է առաջարկվել քվեարկության դիմաց:

    Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «խավիարային դիվանագիտության» մասին պնդումները տարիներով պտտվել են ԵԽԽՎ շուրջ, որտեղ Ադրբեջանը մեղադրվում էր ցանկալի քվեների դիմաց գումարի և թանկարժեք նվերների փոխանակման մեջ:

    Պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թվականին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցի միջոցով, սակայն լուրջ շրջադարձ ապրեցին, երբ իտալական դատախազությունը սկսեց հետաքննություն իրականացնել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ` փոխարենն աջակցելու այդ երկրի կառավարությանը ԵԽ-ում: Նրա դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով:

    Թեպետ ԵԽ անդամների մեկ հինգերորդը հունվարին գործը շտապ հետաքննելու կոչ արեց, սակայն ԵԽԽՎ ղեկավարները մարտին կայացած վերջին հանդիպման ժամանակ ձախողեցին որոշման ընդունումը: The Guardian-ը նշում է, որ հատկապես մեծ ճնշում է գործադրվում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի գործիչ Պեդրո Ագրամունտի վրա, որպեսզի այս ամսվա վերջում ապահովվի անհրաժեշտ հետաքննությունը:

    Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է ԵԽԽՎ-ն նախագահ Իլհամ Ալիևի կառավարման լեգիտիմությունը ապահովելու նպատակով: 2013 թվականին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը, քվեարկության ժամանակ տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով:

    Քվեարկության բացասական ելքում առանցքային դերակատարում է ունեցել Վոլոնտեն, ով Ադրբեջանում իշխող ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից գումար է ստացել դրա դիմաց:

    Շտրասերը նշել է, որ իմացել է Ադրբեջանի կողմից գումար առաջարկելու մասին, սակայն չի ունեցել քվեները գնելու վերաբերյալ որևէ ապացույց: Նա ընդգծել է, որ ցանկանում է հետաքննությունը տեսնել որպես վստահելիության կետ: «Եթե կա կասկած, որ այս կառույցի ներսում կարող է կաշառակերություն լինել և այդ կասկածն անտեսվում է, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,- նշել է նա:

    Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձամբ ապահովել «անկախ արտաքին հետաքննական մարմին առանց հետագա ձգձգումների»:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մարտ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31