Գյուղապետի աթոռը՝ 100 հազար դոլարից սկսած

05/03/2018 16:20
Գյուղապետի աթոռը՝ 100 հազար դոլարից սկսած

Համայնքների խոշորացման շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը ՏԻՄ նախարար Դավիթ Լոքյանին շրջաբերականներ է փոխանցել, որն էլ նախարարը պետք է բաժաներ համայնքների ղեկավարներին եւ լսել նրանց կարծիքները...

Սակայն, քանի դեռ միամիտ Կարեն Վիլենիչը, ով դույզն անգամ չի էլ կասկածում, որ այդպիսով փողի առվակ է բացել դաշնակ Լոքյանի համար, զբաղված է այլ խնդիրներով: Լոքյանը պարկի ու ոչ միայն, բերանը բացել ու անհատական կամ խմբերով ընդունում է խոշորացվող համայնքների ղեկավարներին:

Խոշորացվող համայնքների շարքում, այս տարի ընդգրկված են նաեւ Գեղարքունիքի Մարտունու տարածաշրջանի գյուղերը:

Ու թեեւ դեռ հստակ չէ, թե որ համայնքներն են միավորվելու, բայց Մարտունիում տարօրինակ մրցավազք է սկսվել: Բանը հասել է նրան, որ գյուղապետերը դիմում են «խոպանի» իրենց համագյուղացիներին՝ պահանջելով կլորիկ գումարներ, ներկայացնելով, որ դրանք անհրաժեշտ են, որպեսզի իրենց համայնքը դառնա խոշորացվածի կենտրոն:


Պասիվ ակտիվիստը

Фото Հայկական Ժամ.


«Տղայի տանը խոսք չկա, աղջկա տանը դհոլ զուռնա են խփում...» հիշու՞մ եք դարձվածքը: Այ նման մի իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում: Դեռ հայտնի չէ, թե որ համայնքը որին է միանալու, բայց Երանոսի թիվ 1 դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանը մի նախաձեռնությամբ է հանդես, որը կարելի է վերնագրել՝ «Чужой среди своих...»:


Չգիտես, ինչն է ստիպել վարժապետին, որ դաս ու դպրոց մոռացած, հավաքի կոլեկտիվին, շրջանավարտներին, ծնողներին ու քարոզի, որ «համայնքների խոշորացումը դա չարիք է, եւ հնարավորինս պետք է օգուտով դուրս գալ դրանից»:

Մանկավարժներից մեկը տեղեկացրեց, որ դպրոցի տնօրենը ստորագրահավաք է կազմակերպում դպրոցում, ըստ որի, ստորագրողները պահանջում են՝ «Երանոսը դարձնել կենտրոն եւ իրենց համայնքին միացնեն հարեւան Վարդաձոր գյուղը, եթե ոչ՝ ուրեմն իրենք մինչեւ վերջ պայքարելու են խոշորացման ծրագրի դեմ»,- անկեղծանում է զրուցակիցս ու ափսոսանքով հարցնում,-«Բայց էդ խոշորացումը լավ բան չի, չէ՞...»:


Երբ այս առնչությամբ հարց ուղղեցինք Ադամիկ Փինաչյանին, վերջինս կցկտուր պատասխան տվեց:

-Մենք դասերից հետո ենք հավաքվում...

-Դպրոցու՞մ:

-Այո՛, դասերից հետո:

-Բայց ինչու՞ դուք, չէ՞ որ որպես դպրոցի տնօրեն չարաշահում եք ձեր լիազորությունները եւ կրթական հաստատությունում զբաղվում եք քարոզչությամբ:

-Դե որպես գյուղի մտավորական, մեր պահանջն է եղել՝ Երանոսը թողնել առանձին միավոր, իսկ եթե հնարավոր չէ առանձին միավոր գոնե՝ Երանոս կենտրոնով:

-Այսինքն դուք գյուղի ակտիվիստների՞ց եք:

-... Դե եսիմ, մի օր ակտիվիստ եմ, մի օր պասիվիստ...



Ներքին Գետաշենում հույսը հյուսիսային արջն է



Արդեն քանի տարի Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն համայնքում տեղացիներն ուզում են գյուղապետ փոխել, բայց չի ստացվում, բանն այն է, որ գյուղապետ Կարո Գեւորգյանին հովանավորում է նրա մորաքրոջ Թաթուլ տղան՝ ՌԴ-ում բնակվող մեծահարուստ: Վերջինիս շնորհիվ է, որ արդեն քանի տարի Կ. Գեւորգյանը կարողանում է պահել գյուղապետի աթոռը, այն դեպքում, երբ իր դեմ են դուրս եկել անգամ ազգականները:

Ըստ տեղացիների,  գյուղապետարանում հազվադեպ երեւացող Կարո Գեւորգյանին, արդեն տեւական ժամանակ հնարավոր է հանդիպել բանկում կամ Տարածքային կառավարման նախարարի ընդունարանում՝ «Утром деньги - днем стулья, днем деньги - вечером стулья...»: 




Տարիներ շարունակ գյուղապետ աշխատած ու այդ պաշտոնից հնարավորինս «դժգոհ» գյուղապետերը, «ԽՈՇՈՐԱՑՈՒՄ» բառն անգամ լսելիս փշաքաղվում ու խաչակնքվում են:

Ոչ մեկ չի ուզում կորցնել «ԳՅՈՒՂԱՊԵՏ»-ի տիտղոսը եւ դրանից բխող ոսկե վտակները, ու դա է պատճառը, որ գրպանները բացել ու վազում են «լուսապսակով» Լոքյանի ետեւից: Ըստ մարզային մեր աղբյուրների, գյուղապետի «ստավկան» մինչեւ 100 հազար դոլարի է հասնում:

Եվ միայն վերջին՝ «բարեփոխված սահմանադրությամբ» «նախագահական ընտրություն»-ից հետո սթափվեցին՝ իսկ վարչապետի ընտրությունից հետո, նոր ձեւավորվելիք Կառավարության կազմում Լոքյանը կլինի՞... մի՞թե գյուղապետերը «քցվեցին»:

Իսկ դա կոնկրետ ընկեր Լոքյանին քիչ է հուզում:

Իսկ մեզ մնում է հետեել այս խելահեղ մրցավազքին...



Աննա Գրիգորյան