Լոնդոնը մտադիր է ռուսասանցի պաշտոնյաների նկատմամբ խիստ պատժամիջոցային ռեժիմ սահմանել

12/03/2018 06:01


Մեծ Բրիտանիան կոռուպցիային եւ մարդու իրավունքների խախտումներին մասնակցած ռուսաստանցի պաշտոնյաների դեմ նոր խիստ պատժամիջոցային ռեժիմ կսահմանի ԱՄՆ-ի եւ Կանադայի կողմից արդեն ընդունվածի նմանությամբ:

Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ արդեն համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի ԱԳ եւ ՆԳ նախարարներ Բորիս Ջոնսոնը եւ Էմբեր Ռադը:

Նրանք համաձայնվել են, որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ ընդունած «Մագնիտսկու օրենքի» սեփական տարբերակը մշակի: Պարբերականը հստակեցնում է, որ այս ծրագրի մշակումը սկսվել է մինչեւ այն, երբ Սոլսբերիում թունավորվել էին ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան: Ըստ որում՝ պարբերականը նշում է, որ կառավարական պաշտոնյաների կարծիքով՝ այս մահափորձի քննության մեջ շատ բան մատնացույց է անում դրան Մոսկվայի մասնակցությունը, չնայած կոնկրետ տվյալներ չեն բերվում: Ռուսաստանը, սակայն, բազմիցս հերքել է իր մասնակցությունը ԳՀՎ նախկին գործակալի մահափորձին, փոխանցում է news.am-ը:

Պահպանողականների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ օրինագիծը գտնվում է Ներկայացուցիչների պալատում: Պարբերականի զրուցակիցները հստակեցրել են, որ նախարարները համաձայնվել են ներդնել «Մագնիտսկու ակտի» նմանօրինակը, սակայն նախազգուշացրել են, որ կառավարությունը դիմադրում է դրա մեջ «առանցքային տարրեր» մտցնելուն, որոնք այս օրենքն իսկապես գործող կդարձնեն:

«Մագնիտսկու օրենքն» իր անվանումը ստացել է բրիտանական Hermitage Capital Management հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու պատվին: Նա բացահայտել էր ռուսական բյուջեից բազմամիլիադանոց յուրացումների սխեմաները: Նրան կալանավորել էին սխեմաների ստեղծման մեղադրանքով, որոնցով հիմնադրամը խուսափել է հարկերի վճարումից, 2009 թվականին Մագնիտսկին մահացել էր «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում: 2012 թվականին ԱՄՆ-ն ընդունել էր «Մագնիտսկու օերնքը» եւ պատժամիջոցներ սահմանել այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք, Վաշինգթոնի կարծիքով, մասնակցել էին աուդիտորի մահվանը:

2018-ի փետրվարին Լատվիայի ԱԳՆ-ն «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված 49 անձանց արգվելել էր երկիր մուտքը: Լիտվայում «Մագնիտսկու օրենքի» նմանօրինակն ընդունվել էր 2017-ի նոյեմբերին: