Հայաստան է թափանցել նոր վարակ՝ տան առք ու վաճառքի շուկայում առկա մեքենայությունները

25/12/2017 12:49
  Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների փոխանցմամբ, ՌԴ-ում արդեն տեւական ժամանակ տան առք ու վաճառքի մեքենայությունների աննախադեպ աճ է գրանցվում:   Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախադեպը չունեցող մեքենայություններ են ի հայտ գալիս ամեն օր: Եվ չի բացառվում, որ տուն գնելուց հետո հայտնվես ծուղակում՝ լավագույն դեպքում կորցնելով գումարդ, իսկ վատթարագույն դեպքերում հայտնվես կալանավայրում կամ դաժան հաշվեհարդարի զոհ դառնաս:   ՌԴ-ից հայրենիք վերադարձած զրուցակիցս պատմում է, որ քաղաքացիներից մեկը, ում շահերը դատարանում ինքն է պաշտպանել, կալանավայրից վերադարձել է ու պարզել, որ անտուն է՝ ինչ-որ մեկը սեփականաշնորհել էր նրա տունը եւ չէր զլացել վաճառել այն:   -Նմանօրինակ շատ դեպքեր են տեղի ունենում, հատկապես Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Մեծ քաղաքաներում, մեքենայություններն իրականացնելը խաղ ու պար է դարձել,- պատմում է մեր փաստաբան զրուցակիցը՝ նշելով, որ դա այնքան արհեստավարժ են իրականացնում ու հիմնավորված, որ բացահայտելը կամ նախորոք հասկանալը, որ դու խարդախության զոհ ես դառնում, գրեթե անհնար է:   Ինչպես ցանկացած նորամուծություն, այս մեքենայությունները եւս  ՌԴ-ից շատ արագ կերպով թափանցում են հայաստանյան շուկա: Խոսքերիս հետ կհամաձայնեն հատկապես այն ընթերցողները, ովքեր ժամանակին «քցվեցին»՝ բնակարան գնելով քրեաօլիգարխիկ համակարգի ԱԺ պատգամավորների կառուցած էլիտար շենքերում, որից հետո պարզվեց, որ այդ բնակարանները գրավադրված էին բանկերում: Չէ՞ որ այս վարակն էլ էր ՌԴ-ից թափանցել Հայաստան աշխարհ:   Ի՞նչ է ստացվում, որ քաղաքացին բարեխիղճ գնորդից վեր է ածվում հանցակցի, կամ ավելի վատ՝ հանցագործի: Օրինակ, Հայկական Ժամ -ն իր ուշադրության տակ է պահում թիվ ԵԿԴ/0207/01/14 քրեական գործը, որտեղ բնակարանի գնորդ Արփինե Մայսուրյանը վերածվել է հանցագործի եւ մեղադրվում է միանգամից Հոդված 178 Մաս 3 Կետ 1Հոդված 325 Մաս 1, Հոդված 349 Մաս 1 երեք քր. հոդվածներով: Իսկ մեր ուշադիր ընթերցողները կհիշեն, որ այս գործով տուժող հանդես եկող Հասմիկ Պողոսյանը՝ տունը վաճառած Զարուհի Պողոսյանի դուստրը, Սանկտ Պետերբուրգում է ապրում ու ինչպես երեւում է այս քրեական գործի ենթատեքստից, քաջատեղյակ է այնտեղ տիրող մեքենայություններից:   Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ այս թեմային 27/11/2017թ-ի թողարկմանն անդրադարձել է նաեւ «Սուր անկյուն» հաղորդման «Հատուկ դեպքեր» շարքը:   Իսկ հայաստանյան ԶԼՄ-ներն այն ուշադրության կենտրոնում են պահում, քանի որ սա կարող է նախադեպ դառնալ, որ տունը վաճառելուց հետո, վաճառողը ինչ-որ վկաներ բերի, որոնք վկայություն կտան, թե տան վաճառքի գումարը չի տրվել եւ բարեխիղճ գնորդը կզրկվի եւ՛ իր գումարից, եւ՛ տնից, ավելին՝ կհայտնվի ամբաստանյալի աթոռին:   Տեղեկացնենք, որ այս քրեական գործն այժմ վերաքննության կարգով գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ արդեն 10 ամիս ուսումնասիրվում է: Տեղեկացնենք նաեւ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատավոր Գագիկ Պողոսյանն իր թեթեւ ձեռքով 5 տարի ազատազրկման էր դատապարտել Արփինե Մայսուրյանին, «արժանահավատ համարելով» Զարուհի եւ Հասմիկ Պողոսյանների բերած վկաների ցուցմունքներն այն մասին, որ Արփինե Մայսուրյանը տան գումարը չի տվել: Ի դեպ, այդ վկաներից եւ ոչ մեկը տան առք ու վաճառքի գործարքին մասնակից չէր եղել:  

Մարտին Ավագյան