Աղքատության եւ թշվառության մեջ՝ մահին սպասելով

11/12/2017 16:33
  Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի 70-ամյա Շողիկ Պապիկյանը միայնակ է ապրում, իր հայրական խալխլված ու ցուրտ տանը։ Համագյուղացիները հիացմունքով են խոսում ընտանիքին հավատարիմ ծեր կնոջ մասին:   Պատմում են, թե ինչպես  է այդ տարիքում, դաշտերից հավաքում տարբեր խոստաբույսեր, բերում տուն պահածոյացված մարինադներ պատրաստում, հյուրասիրում հարեւաններին։   Ըստ մեր զրուցակիցների ժրաջան հայ կնոջ էտալոն է Շողիկը: Ի տարբերություն այն մարդկանց, որ բողոքում են, թե ապրուստի միջոց չունեն, պետությունը չի օգնում, բացի իր հանապազօրյա հացը հայթհայթելուց տարեց կինը հոգում է նաեւ իր հիվանդ աղջկա եւ թոռնիկի մասին։ Նրանք նույն գյուղում են ապրում, բայց առանձին: Շողիկ տատիկին ասում են արի մեր հետ ապրի, սակայն վերջինս չի ցանկանում, այսպես իրեն լավ է զգում, դեռ մի բան էլ ավելի, օգնում է նրանց։   -50 հազար դրամ թոշակ եմ ստանում,- պատմում է ծեր կինը,- Գումարը աղջիկս է տնօրինում՝  կոմունալ վարձերն է վճարում, հաց է թխում բերում։   Հայրական տանը, որտեղ ապրում է թոշակառու կինը, դռներն ու պատուհանները, կարծես, գոյություն չունեն, քանի որ այնքան մեծ են ճեղքերը, որ դրանցից կարելի է հետեւել դրսի անցուդարձին։ Աղետաբեր երկրաշարժի ժամանակ քանդված տունը մինչ օրս այդպես էլ մնում է կիսավեր, Շողիկ տատը պատմում է, որ մայրը մահանալուց առաջ տունը կտակել է իր թոռնիկին, նա էլ վաղուց արտագաղթել է՝ Հայաստանում չէ։ Շողիկ Պապիկյանը անհաջող ամուսնությունից հետո ապրել է իր հայրական տանը եւ մինչ օրս էլ, թեեւ տունը իր անունով չի, սիրով ապրում է այստեղ։ Երկու հեկտար հողատարածքներ ունի, չի մշակում, սակայն պարտաճանաչ կինն ի տարբերություն այսօրվա շատ մեծահարուստների, եւ խոշոր հողատերերի, ծերության թոշակը ստանալուց ժամանակին վճարում է  հողի հարկերը։   Ձմռան վառելիքի հարցն էլ է իր միջոցներով լուծում, ցույց տալով տան ավելի քանդված մի հատվածը: Պատմում է, որ ամռանը, երբ կովերը սար են գնում, նրանց հետեւից հավաքում է գոմաղբը, աթարներ է սարքում, խստաշունչ ձմռան վառելիքն ապահովվելու համար։ Եւ այսքանից հետո ուրախ ու հյուրընկալ Շողիկ Պապիկյանը մի բանից է դժգոհ միայն, որ նպաստ չի ստանում, հիմնավորելով իր անապահով կարգավիճակի մասին, ասում է.   -Մահն էլ է մեզնից փախել, որ մեռնիմ գնամ, տղա չունեմ, մի աղջիկ ունեմ հիվանդ է, ոտքը վիրահատել են չի կարողանում քայլել։ Մենակ մեռնելն է ինձ փրկում էն էլ չկա։ Լրագրող ես աղջիկ ջան, ես քեզի տնական հարցըմ տամ, մեր գեղը 40 տարի կոլխոզին աշխատել եմ, տարեկան 1000 աշխոր եմ ստացել, տարա քցեցի բանկը, էդպես էլ բանկը մնում է։ Ինձ երկու հեկտար հող են տվել, ոչ կարողանում եմ սայլարկա առնիմ, ոչ կարամ վարեմ կամ ցանեմ։ Ինձ նպաստ էլ չեն տալիս, ոչ ավտո ունիմ, ոչ մալ ունիմ, ոչ մարդ ունիմ, ոչ տղա, էս տունն էլ իմ վրա չէ գրված։ Իմ եղբոր տղան գնաց իր մամին՝ տատին համոզեց, մերս էլ կտակեց իր վրա գնաց Ռուսաստան, կարող է հիմա էլ գա ինձ հանեն դուրսը գցեն։ Անցյալ տարի գյուղապետ Գեւորգը թուղթը գրեց աղբրի վրա, պեչատը զարգեց տվեց, ասեց առ Շողիկ ջան սաղին  որ հասնում է նպաստ թող քեզ էլ հասնի։ Գյուղսովետի Լամառին ճանաչո՞ւմ ես, Լամառը խանգարեց, չթողեց, որ ինձ նպաստ տան։ Ինչի՞ Լամառ, էս քեզ ի՞նչ էի արել, որ խանգարեցիր, է ջայնամաին տաս։ Ի՞նչ կեղնի պետության փող է ինձ էլ նպաստ տան, էդքան էս պետության համար էդքան աշխատել եմ։ Ես ոչ մեկից ոչ մի օգնություն չեմ տեսել, թող գա մեկը կանգնի ասի թե Շողիկին օգնել եմ, չկա էդպիսի մարդ,- ծիծաղելով խոսքն ավարտում է Շողիկ Պապիկյանը եւ ավելացնում, որ եթե նպաստ ստանա լավ մթերքներ է առնելու, որ հյուրասիրի իր տուն այցելողներին։   Շողիկ տատիկի կյանքի պատմությունը թերեւս այնքանով է հետաքրքիր, որ չնայած պատկառելի տարիքին, աշխատասեր, բարի եւ ուրախ այս կինը, այս պայմաններում ապրելով չի կորցնում մարդկանց նկատմամբ իր սերն ու հոգատարությունը։ Ինչպես ասում են՝ տարիքը երեւույթ է․․․    

Հերմինե Մանուկյան