70 մլն «դաբրոյի» դիմա՞ց

02/11/2017 08:39
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ադրբեջանից բռնագաղթած գյուղերի բնակիչները ահազանգում են. «30 տարի է անցել այդ մղձավանջից, բայց որոշ մարդիկ անձնական խնդիրներ լուծելու համար մեզ պառակտում են»:   Հայկական Ժամ-ին դիմած մարդիկ տեղեկացնում են, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին միավորված Գեղամասար համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ հայտնվել է ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ու առանց ՀՀԿ մարզային ղեկավարի ու մարզպետի հետ քննարկելու առաջադրել է մի երիտասարդի թեկնածություն, ով հասարակությանն անծանոթ է ու անընդունելի:   -Աբովյանի բնակիչը՝ Սպարտակ Մելիքյանը եկել է Վարդենիսի գյուղեր ու ուզում է գյուղապետ կարգել մի խամաճիկի, ով հասարակությանն անծանոթ է:   Կայքին դիմած քաղաքացիներն անհանգստացած են, քանի որ համոզված են, որ Սպարտակ Մելիքյանը հետաքրքրված է, ոչ թե տարածաշրջանի խնդիրներով, այլեւ տարածաշրջանի ընդերքով:   -Սպարտակ Մելիքյանի թեկնածուն՝ Հակոբ Ավետյանը, որտեղ նստում ասում է, որ 70 մլն դրամ է տվել Սպարտակ Մելիքյանին՝ որպես ընտրվելու երաշխիք:   Պարզվում է միավորվող 11 համայնքների ղեկավարները նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ միավորի ղեկավարի պաշտոնին կառաջադրեն իրենցից մեկին, սակայն Սպարտակ Մելիքյանը պառակտել է նաեւ համայնքապետերին:   -Ո՞վ ա Սպարտակը Մելիքյանը, իրան դրել ա Բայաջիի տեղը, եկել մեր գլխին վերակացու է կարգում: Ադրբեջանի տարբեր ռայոններից մեր տուն ու տեղից մեզ զրկեցին, եկանք Հայաստան, այստեղ նոր տուն տեղ դրեցինք տղա ու աղջիկ պսակեցինք, կնքվեցինք ու բարեկամացանք, հիմա Սպարտակ Մելիքյանն եկել փախստական ու տեղացի է խաղում:   Կայքին դիմած քաղաքացիները դժգոհում են, որ երկրի իշխանություններին տարիներ շարունակ Սպարտակ Մելիքյանը ներկայացրել է, որ «փախստական գյուղերը» վերահսկվում են իր կողմից, ու ինքն է կառավարում տարածաշրջանի ձայները:   -Իրականում Սպարտակ Մելիքյանն այստեղ ընդունված մարդ չէ, վերջապես պետքա էս իշխանությունները հասկանա՞ն, որ մենք երկրի մի մասնիկն ենք, ու ոնց ամբողջ ժողովուրդը այնպես էլ մենք: Մենք ժողովրդի թշնամիները հո չենք, որ մի սամոզվանեց եկել իբր մեզ վերահսկում ա...   Տեղեկացնենք, որ Գեղամասար համայնքի ընտրություններում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ նախկին Շատջրեք համայնքի նախկին երկարամյա ղեկավար Զոյա Գեւորգյանը եւ Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը:   Վերջինս ֆերմերային տնտեսություն ունի՝ կարտոֆիլագործ է, վերջին մի քանի տարում շքեղ տուն է կառուցել եւ հպարտանում է, որ տարածաշրջանում ոչ մեկ չունի նման շքեղ տուն: Թեեւ համագյուղացիները ծիծաղում են, նշելով, որ միայն էլեկտրոէներգիայի 2,6 մլն պարտք ունի թեկնածուն, իսկ տունն ու հողերն էլ գրավվադրված են:   Հայկական Ժամ-ին դիմած տեղաբնակները թեկնածուին բնութագրելու համար, վերջերս Վարդենիս քաղաքում տեղի ունեցած մի դրվագ պատմեցին.   -Թեկնածու Հակոբ Ավետյանը Վարդենիս մսի խանութ է մտել, ու վաճառողից 2 կգ միս ուզել, դա Վարդենիսի հիմնական մսի խանութնա, երբ միսը տվել են վերցրել հոտ ա քաշել ու հարցրել. «Թարմա՞, կարողա՞ շունս չուտի...», ամբողջ խանութի ժողովուրդը արհամարհանքով նայել են դրան ու հազիվ են իրենց զսպել, որ չթքեն երեսին: Տո այ չտես, ու՞մ ես ի՞նչ ցույց տալիս, վրայից դեռ թրիքի հոտ ա գալիս, ու՞մ ես զարմացնում այ թրիք թափող, մոռացա՞ր անցյալդ...,- վրդովված պատմում էին մարդիկ:   Ի դեպ, զրուցակիցներս հայտնեցին, որ իրենց զայրույթի պատճառը եղել է օրաթերթերից մեկում հրապարակված մի հոդված, որտեղ Սպարտակ Մելիքյանը գովերգել է Հակոբ Ավետյանին:   -70 մլն վերցրելա Սպարտակը, բա պետքա սազն էլ առնի գովի, բնականա: Հարգելի խմբագրություն, խնդրում ենք մեր խոսքը տեղ հասցնել՝ հարգելի իշխանություններ, մենք էլ այս երկրի մի մասնիկն ենք, մենք՝ Ադրբեջանից բռնագաղթվածներս ունենք եւ խելք եւ բանականություն, առանց Սպարտակ Մելիքյանի էլ մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք: Այդ մարդը պարզապես պղտոր ջրում ոսկի է ման գալիս, իսկ ավելի կոնկրետ, այս դեպում, Սպարտակին հետաքրքրում են Սոթքի ու տարածաշրջանի ընդերքը դա է պատճառը, որ մի խամաճիկի է բերում իշխանության, որ տիրանա տարածքի հողերին ու սարերին: Գլխներիս նոր գանձ որոնող է հայտնվել: