Ճամբարակից ահազանգում են․ Մարդկանց ահաբեկում են՝ ստիպելով ընտրել քաղաքապետին

20/10/2017 16:16
Ճամբարակից ահազանգում են․ Մարդկանց ահաբեկում են՝ ստիպելով ընտրել քաղաքապետին

Քիչ առաջ Հայկական Ժամ -ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից ահազանգեր ստացավ տարբեր գերատեսչություններում աշխատող քաղաքացիներից այն մասին, որ իրենց սպառնում են աշխատանքից զրկել այն բանի համար, որ իրենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին սատարելու են Վազգեն Ադամյանին։

Մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Ճամբարակի մասնաճյուղի տեսուչներին հրահանգված է քաղաքից ու հարակից գյուղերից բերել որոշակի թվով ձայներ, հակառակ դեպքում գործազրկությունն է նրանց սպառնում։ Քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրեց, որ իր զավակներն են ոստիկանությունում աշխատում, ու քանի որ երիտասարդ են ու կանգնած են երիտասարդ թեկնածուի կողքին, կանգնած են անգործ մնալու վտանգի առաջ։ -Մենք խեղճ ու կրակ ժողովուրդ ենք, սահմանին ապրող, սա ի՞նչ բան է, սեփական ժողովրդին միլիցիայով են վախացնում, գործից հեռացնելով են վախացնում։ Առանց էդ էլ աղքատութոյւնը դռներիցս չի քաշվում, հիմա էլ ընտրությունների պատճառով մեր երեխոցն են ուզում անգործ թողնե՞ն, ո՞նց կարելի է մարդկանց այսքան նեղացնել․․․,- զայրացած պատմում էր Ճամբարակցի կինը։   Իսկ մի ուրիշ քաղաքացի, ով խուսափեց ներկայանալուց, հայտնեց հետեւյալը․ -Ճամբարակում ինկվիզիցիայա սկսվել, ով մեզ հետ չի մեր դեմա, ամբողջ ռայոնի ջահելությունը հավաքվածա երիտասարդ թեկնածուի կողքը, ուզում ենք քաղաքում փոփոխություն լինի, սա ի՞նչ բան է, Երեւանից մինչեւ Վարդենիս եկել լցվել են ու ուզում են Ճամբարակցու փոխարեն քաղաքապետ ընտրե՞ն, չեն հասկանում, որ ժողովրդին էլ ավելի են չարացնում։ Դե եթե իրանց պաշտպանած քաղաքապետն էնքան լավ քաղաքապետա, ինչի՞ են վախենում որ չի ընտրվի, իսկ եթե չեն վախենում ինչի՞ են այդքան խառնվել։ Ուրեմն մի բան էն չի չէ՞ ուրեմն սա լավ չի աշխատում, որ ժողովուրդը փոփոխությունա ուզում, բա որ լավը չի էլ ինչի՞ եք սրան ատամներով պահում․․․ Բարեփոխում եք ուզում,  բա ինչի՞ չեք թողնում մենք մեր քաղաքը բարեփոխենք․․․   Մեզ չհաջողվեց կապ հաստատել թեկնածու Վազգեն Ադամյանի հետ, հեռախոսահամարին, որը մեզ հաջողվեց պարզել պատասխանեց մի երիտասարդ ներկայանալով որպես Վազգեն Ադամյանի շտաբի ներկայացուցիչ։ Այն հարցին, ինքը արդյո՞ք իրավասու է լրագրողիս հարցերին պատասխանելու, երիտասարդն ասաց․   -15 տարուց ավել է, որ ձեւավորված է մեր թիմը, իսկ թեկնածու Վազգեն Ադամյանն այդ կուռ թիմի անդամն է։ Մենք չունենք լիդերներ, մենք ամենքս հավասար սանդղակի վրա ենք կանգնած ու ես լիովին պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, քանի որ ինչ ասելու եմ ես՝ կասեն նաեւ թիմի մյուս անդամները։   -Մեզ դիմել են Ճամբարակի բնակիչները տեղեկացնելով, որ թիմի անդամների  եւ ձեր համակիրների հանդեպ ճնշումներ են սկսվել, այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը։   -Կա նման բաներ, ամեն կերպ փորձում են ճնշումներ իրականացնել, որ մեր թեկնածուն հրաժարվի ընտրապայքարից, սակայն ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի լինելու։ Մենք ունենք հստակ ծրագիր եւ առաջ ենք գնում այդ ծրագրով։   -Իսկ ո՞րն էր ձեր ըմբոստությանը պատճառը, չէ՞ որ դուք գործող քաղաքապետի հետ թիմակիցներ եք եղել։   -Սա ըմբոստություն չէ, մենք ոչ մեկի դեմ դուրս չենք եկել։ Այո՛, քաղաքապետի հետ եղել ենք թիմակիցներ, մինչեւ օրս էլ կանգնած ենք իշխող կուսակցության օգտին։ Բայց այս ընտրությունները կուսակցության եւ քաղաքականության հետ կապ չունեն։ Սա պայքար է Ճամբարակը բարեփոխելու համար։ Քաղաքապետը բազմիցս մեր կողմից զգուշացվել է, որ քաղաքը չի զարգանում հարկավոր են նոր ծրագրեր, նոր մոտեցումներ․․․ Միեւնույն է ոչ մի դրական տեղաշարժ չեղավ այս տարիների ընթացքում ու դա էր պատճառը, որ մեր թիմը ետ քաշվեց քաղաքապետից ու մեր միջից ընտրեցինք մեկին, ով երիտասարդ է գործունյա, կարողացել է երիտասարդ տարիքում հասնել որոշակի դիրքի․․․   -Ձեր թիմն առավել հայտնի է «Յուրայի բանդա» անունով․․․   -Դա հումորային անուն է, բանդա ենք կոչվել, քանի որ թիմը կազմված է ակտիվ երիտասարդներից, ովքեր ցանկացած խնդիր կարողացել են միասին լուծել ու հաղթահարել։ Սա խուլիգանական բանդա չէ, կրկնում եմ սա մի կուռ միություն է, որը շատերը կերազեին ձեւավորել, այստեղ հավաքված տղաները հմուտ մասնագետներ են, գերակշռող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստացած, մանկավարժների երեխաներ։   -Այդ դեպքում, ինչու՞ են գործող իշխանությունները ձեր դեմ դուրս եկել, ճնշում են ձեր թիմակիցներին։   -Որովհետեւ մեր գործողություններին կեղծ ձեւով ուզում են քաղաքական աստառ տալ։ Բայց ես կրկնում եմ, մենք ինչպես եղել, այնպես էլ մնում ենք հավատարիմ իշխող Հանրապետական կուսակցությանը, մեր պայքարը բարեկարգ ու զարգացող Ճամբարակի համար է, իսկ մնացածը շահարկումներ են։     Նշեմ, որ զրուցակիցս տեղեկացրեց, որ իրենց թիմն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրելու են նաեւ մամուլի ասուլիս, որտեղ հստակ կներկայացվեն, թե հատկապես ովքեր եւ ինչպես են խանգարում նախընտրական գործընթացին։    

«Հայկական Ժամ»