5 ընկերություն Մալթայի օֆշորային գոտում

08/11/2017 20:09
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter—ի իր էջում արձագանքել է Paradise papers-ում Թուրքիայի վարչապետի որդիների անունները հայտնվելու հետ կապված։ Կարո Փայլանը Twitter—ի իր էջում գրել է․ «Վարչապետի որդիները հարկային դրախտում ընկերություններ են հիմնել։ Հարկ վճարող աղքատների հետ սրա հաշիվը մինչեւ վերջ պահանջելու ենք»։ Paradise papers–ում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի վարչապետի որդիները 5 ընկերություն ունեն Մալթայի օֆշորային գոտում, որտեղ զբաղվում են նավաշինարարությամբ, նավերի առք ու վաճառքով եւ բեռնափոխադրումներում։ Ցուցակում տեղ էր գտել նաեւ նախագահ Էրդողանի փեսան եւ նրա ընտանիքի անդամները, որոնք եւս խոշոր ընկերություններ են հիմնել Մալթայի օֆշորային գոտում։