Այս տարվա 10 լավագույն մարզիկներին հանձնվեցին նվերներն ու պատվոգրերը

27/12/2017 22:55
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների մեծարման արարողությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարվա 10 լավագույն մարզիկներին հանձնեց հատուկ պատրաստված մրցանակներ եւ անվանական պատվոգրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին պարգեւատրեց Hyundai մակնիշի ավտոմեքենաներով:
Սերժ Սարգսյանը դրամական պարգեւներ հանձնեց առավել աչքի ընկած մարզիկներից հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Մաքսիմ Մանուկյանին, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանին: Մարզիչներից` Լեւոն Ջուլֆալակյանին, Փաշիկ Ալավերդյանին, Դավիթ Թորոսյանին եւ Լեւոն Հայրապետյանին: Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ՀՀ նախագահը նվիրեց անվանական զենք: