Եվրոպայի չեմպիոնին շնորհավորեց նաեւ Աշտարակի համայնքապետը

26/12/2017 21:29
Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը հյուրընկալել է Աշտարակը ներկայացնող շախմատի Եվրոպայի չեմպիոն Սոնա Ասատրյանին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի Արագածոտն մարզի փոխնախագահ, շախմատի ակադեմիայի մարզային ներկայացուցիչ Աշոտ Թամազյանին: Տեղեկացնենք, որ Ռումինիայի Մամայա քաղաքում վերջերս կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սոնա Ասատրյանն իր կարիերայի ամենամեծ նվաճմանն է հասել՝ մինչև 18 տարեկանների առաջնությունում նա դարձել է հաղթող և Հայաստանի հավաքականին միակ մեդալը բերել: Սոնային 5 տարեկանում շախմատ խաղալ սովորեցրել է հայրը: Հետագա տարիներին արդեն գրանցելով լուրջ հաջողություններ Սոնան դարձել է Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան հավաքականում և բազմիցս մասնակցել Հայաստանի, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ հասնելով լավ արդյունքների: Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը շնորհավորեց Սոնային հաղթանակի կապակցությամբ և շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալու ու Աշտարակ համայնքը արժանապատիվ ներկայացնելու համար պարգևատրեց համայնքի ղեկավարի պատվոգրով և դրամական խրախուսանքով՝ մաղթելով նորանոր նվաճումներ: