Ինտերը կապ է հաստատել Մխիթարյանի գործակալի հետ

18/12/2017 20:08
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: «Corriere dello Sport»-ը գրում է, որ «Ինտերի» ներկայացուցիչները կապ են հաստատել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով: Ավելի վաղ, ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել էր հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ խորհուրդն է ակումբի ղեկավարությանը: Եթե ֆուտբոլիստը դժգոհ է կամ առաջարկ է ստացել այլ ակումբից, ես երբեք նրան չեմ մերժի»: Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0): Այդ խաղից հետո կոնֆլիկտ էր տեղի ունեցել Մխիթարյանի և Մոուրինյուի միջև, երբ վերջինս ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել էր Հենրիխին և իր դժգոհությունը հայտնել հայ ֆուտբոլիստի գործողություններից: