Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր

30/08/2017 19:54
Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերն արդեն 17-րդ այցն է կատարում Հայաստան։ Երգչի այս անգամվա այցի նպատակը Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25 ամյակներն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դեքերը մանրամասներ ներկայացրեց իր նախագծից։ «Սեպտեմբերի 3-ին Արցախում կլինեմ «Իմ Արցախ» նախագծով։ Համերգի ընթացքում երկու պրեմիերա կլինի՝ «Արաքս» և «Իմ Արցախ» ստեղծագործությունները։ «Արաքս»-ի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունն Արա Գևորգյանինն է։ Երգը հենց գետի մասին է, գրել եմ այն հեռանկարով, որ գետը խոսի ժողովրդի հետ։ Իսկ «Իմ Արցախ» երգը հարցազրույց է Արցախի ու քաջ ժողովրդի միջև։ Շատ ուրախ եմ, որ բեմը կիսելու եմ իմ ընկերների՝ սիրված երգիչներ Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ»,- ասել է երգիչը։ Դիտարկմանը, թե նա ինչպիսի վերաբերմունք ունի Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, որտեղ կարող է հայտնվել նաև ինքը, ամերկկացի երգիչը պատասխանեց. «Եթե կա սև ցուցակ, պատիվ ունեմ այնտեղ գտնվելու։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես նորմալ եմ համարում դա, քանի որ կանգնած եմ ճշմարտության կողքին»։