Հայ բժիշկներն արժանացան Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալների

29/06/2017 14:41
Հայ բժիշկներն արժանացան Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալների

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:

Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չմնացին: Երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայել են խաղաղությանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:
 Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Հայկ Հովհաննիսյանը երկու անգամ 2010 և 2013 թվականներին եղել է առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում: ­ Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Սուդանում միացավ բժշկուհի Արմինե Բարխուդարյանը. մինչ այդ նա մարդասիրական առաքելությամբ մեկնել էր Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում: Երեք հայ բժիշկները Նուբայի լեռներում սիրով ու նվիրումով փոխարինեցին Թոմ Քաթինային նրա բացակայության ընթացքում: