Ձկնաբուծարանները հրաժարվում են հարկեր վճարել

11/12/2017 16:49
Արարատի մարզում գործող ձկնաբուծարանների սեփականատերերը հրաժարվում են հարկերը վճարել՝ խնդիրներ ստեղծելով այն համայնքների համար, որոնց վարչական տարածքում են գտնվում: Հայկական Ժամ-ին են դիմել Արմաշ գյուղի բնակիչները՝ տեղեկացնելով, որ Արմաշ գյուղի վարչական տարածքում գործող Կարպալճակային Տնտեսություն ՓԲԸ թերանում է վճարել համայնքի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները։ Ըստ արմաշցիների, համայնքապետարանը իրենց ամեն օր հիշեցնում է հողի հարկերի ու տուքերի հավաքագրման մասին, գյուղացիներն էլ մի կերպ հայթհայթելով աշխատում են վճարումներ անել, իսկ ձկնաբուծարանները՝ օրինակ, վերը նշված ՓԲԸ-ն, մինչեւ երկու միլիոնի հասնող պարտքեր ունի չվճարված։ -Թող մի հատ նրանցից, էդ հարուստներից փողերը հավաքեն, նոր մեզ ասեն ինչի չեք տալիս հողի հարկերը։ Ինչքան հասցնում ենք, մուծումները անում ենք, տարիներով չենք կուտակում, ոնց որ ձկան գործ անողները,-դժգոհում են գյուղի բնակիչները։