Խոշորացված Արենիի աշխատակազմը ընդլայնվելու է, իսկ աշխատասենյակներ չկան

08/01/2018 23:32
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների խնդրանքով,  Բրեժնեւն ու Արենիի դպրոցը վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք դպրոցի հիմնախնդիրներին՝ հատկապես սանհանգույցի բացակայությանը, որի պատճառով աշակերտները մի կերպ օգտվում են դրսի հորատ զուգարանից։ Այս խնդրով զրուցեցինք խոշորացված Արենի համայնքի ղեկավար՝ Հուսիկ Սահակյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ ընդհամենը մեկ ամիս հետո դպրոցի ներսում կգործեն սանհանգույցները՝ բոլոր հարմարություններով։   -Պետք է աշխատել առավոտից իրիկուն, միավորված համայնք ղեկավարելը դյուրին գործ չէ, այստեղ  սայթաքել չի կարելի։ Ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է իրար թեւ ու թիկունք լինեն, մեզ պետք չի օգնություն, կարեկցանք, մենք աշխատող ժողովուրդ ենք։Մեզ պետք է աջակցություն, գյուղի մարդուն ոռոգման ջուր եւ մեխանիզացիա պետք է տալ, որ հող ու այգի մշակենք, երկիր շենացնենք,- լրագրողիս հետ զրույցում իրենց հուզող խնդիրների մասին են կիսվում տեղացիները։ Ընթերցողին հիշեցնենք, որ այս տարի նոյեմբերի 5-ի կայացած ՏԻՄ ընտրություններին միավորված Արենի համայնքի ղեկավար ընտրվեց Ռինդ գյուղի նախկին համայնքապետ ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը։ Նրա մրցակիցներն էին՝ Արենիի նախկին գյուղապետ անկուսակցական Ռաֆֆի խաչատրյանը եւ Արփիի նախկին ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը։   Ընտրություններից հետո դեռ երկու ամիս չի անցել, նորընտիր համայնքապետը արդեն այցելել է բոլոր իննը բնակավայրերը, լսել բնակիչներին, ծանոթացել ՀՈԱԿ-ների առկա խնդիրներին։ Համայնքապետարանի աշխատակազմը ի դեմս Հուսիկ Սահակյանի իր առջեւ խնդիր է դրել վարչական ներկայացուցիչների եւ ավագանիների հետ միասին մեկ առ մեկ քննարկել եւ լուծել բնակիչներին հուզող խնդիրները։ Արենիի գյուղապետարանը մինչ օրս գործում է գյուղի մարզադահլիճի շենքում, որտեղ համայնքային ծառայողները աշխատում են մարզիչների համար նախատեսված փոքրիկ երեք սենյակներում։ Խոշորացված Արենիի աշխատակազմը ընդլայնվելու է, իսկ աշխատասենյակներ չկան։ Գյուղի նախկին վարչական շենքն էլ վաղուց է ինչ գտնվում է անմխիթար վիճակում՝ քայքայված ճանապարհներով։ Ըստ Հուսիկ Սահակյանի աշխատանքներ են տարվում, որպեսզի Արենիում կառուցվի նոր վարչական շենք, որտեղ կգործեն տարբեր ծառայություններ։ Արենին պետք է ունենա թանգարան, որտեղ կցուցադրվեն եւ կպահպանվեն գինեգործության պատմական եւ արժեքավոր նմուշները։   Տեղացիների խոսքերով, տարիներ շարունակ Արենիի բնակիչները բարձրաձայնել են մանկապարտեզի բացակայության մասին, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրությունից ընտրություն խոստացել են կառուցել եւ մոռացել բարձրացված խնդիրը։   Հաջորդ տարի նախատեսվում է Արենիի կամուրջը վերանորոգել, նախագծային եւ նախահաշվարկային աշխատանքներ են կատարվում։ Գյուղը կունենա նաեւ մանկապարտեզ՝ տարածք տրամադրելու համար համապատասխան  աշխատանքներ են տարվում։   Միավորված Արենիում բարեփոխումների մեկնարկը տրված է։ Փոփոխությունները տեսանելի են հատկապես Ելփին, Խաչիկ, Արփի գյուղերում։   -Սահակյանը լավ ղեկավար է, աշխատող ու հետն էլ պահանջող, հենց այնպես չենք վստահել, հույս ունենք։ Իր աշխատասիրության համար հարգանք է վայելում աշխատող մարդուն ո՞վ չի ծափահարում։ Ինչպես Ռինդն է զարգացրել, այնպես էլ մյուս գյուղերը կսարքի։ Մեր վարչապետի ասած՝ չեմպիոն համայնքներ ենք ունենալու,-կատակելով կարծիք են հայտնում մարդիկ։