Գորիսում ամենամարդաշատ վայրը քաղաքապետի ընդունարանն է

19/12/2017 21:40
Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի աշխատասենյակին հասնելու համար պետք է կարողանաս անցնել քաղաքապետի հետ հանդիպման եկած քաղաքացիների բազմությունը: Աշխատակազմից տեղեկացրին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր, քաղաքապետի մոտ ընդունելության են գալիս մի քանի տասնյակ մարդիկ, եղել են օրեր, երբ նրանց թիվը հասել է հարյուրի: Թե ի՞նչ հարցերով են դիմում քաղաքապետին, փորձեցինք ճշտել անձամբ հանդիպման եկած քաղաքացիներից: Օրինակ, Գորիսի «Ատլանտ» հ/կ ղեկավար Վաչագան Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրենց հ/կ-ն զբաղվում է տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների խնդրով, իսկ քաղաքապետի մոտ եկել են խնդրանքով:   -Մարզի խոշոր ընկերություններից մեկի կողմից հ/կ-ն առաջարկ է ստացել, որ ընկերությունը կաջակցի ստեղծել մի արտադրամաս, որտեղ կաշխատեն տեսողության հետ խնդիր ունեցողները, պարզապես մենք շենք չունենք, եւ դիմում ենք քաղաքապետին տարածք տրամադրելու խնդրանքով: Թե հատկապես ի՞նչ են արտադրելու, Վ. Մկրտչյանը հրաժարվեց պատասխանել, քանի որ արտադրանքը իրացման խնդիրել է ունենալու ու չեն ցանկանում, որ գաղափարը տարածվի, միայն նշեց, որ այդպիսով 25-30 հաշմանդամի աշխատատեղի խնդիր է լուծվելու:   Հավաքվածների շարքում էր նաեւ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Շանթ Հովհաննիսյանը:   Ինչպես հայտնի է այս տարվա սկզբին, Տաշքենդում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստի ընթացքում, Հայաստանի Գորիս քաղաքը ճանաչվել էր ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք: Արդեն հայտնի է, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է 2018 թվականի հունիս ամսին եւ Գորիսը այս մի քանի ամսում պետք է բարեկարգի քաղաքն ու ենթակառուցվածքները, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կազմակերպել միջոցառումները: Похожее изображение   Վ. Վաղարշյանի անվան Գորիսի պետական ակադեմիական թատրոնը, որը կառուցվել է 1888 թվականին, անհիշելի ժամանակներից չի բարեկարգվել եւ արդիականացվել: Եվ այս օրերին, Շանթ Հովհաննիսյանը, ով ընդհամենը մի քանի ամիս է ինչ ղեկավարում է թատրոնը, քաղաքային իշխանությունների հետ քննարկում եւ հաշվարկում են ծախսերը, որոնք անհրաժեշտ են թատրոնն արդիականացնելու համար:       Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրներով: Նշենք, որ մի հետաքրքիր երեւույթ արձանագրեցինք, քաղաքապետի աշխատասենյակից դուրս գալուց հետո մարդիկ առաջին հարկում պահակակետից, քաղաքային հեռախոսով զանգում էին իրենց ծանոթ-բարեկամներին ու կանչում քաղաքապետարան.   -Իմ խնդիրը լուծվավ... դու էլ արի,- հեռախոսով հրահանգում էին բնակիչները: Տարիներով կուտակված ու չլուծված խնդիրներին լուծում տալու ակնկալիքով մարդիկ դիմում են քաղաքապետին, անտեսելով անգամ ընդմիջման ժամն ու աշխատանքային օրվա ավարտը: Եվ ցավալի է, որ մարդիկ իրենք էլ քաջ գիտակցում են, որ չարաշահում են քաղաքապետի բարյացակամությունը, բայց ստիպված են. -Ի՞նչ անենք այ բալա,-ասում է հավաքված կանանցից մեկը,- Ախր հազար հարց ու պռոբլեմ ունենք, միայն նա կարողա մեզ օգնի, հասկանում ենք էլ, որ առավոտից իրիկուն էսքան մարդ ընդունելով ու լսելով հոգնում է, բայց մեր խնդիրների հետ մենակ էինք մնացել, երկու ամիս է ինչ ընտրվել է Առուշանյանը, բայց հասցրել է սիրվել ժողովրդի կողմից՝ արած գործերի շնորհիվ...   Քաղաքապետի ընդունարանում հետեւում էինք քաղաքացիների ել ու մուտին, երբ Գորիսի նոտարի գրասենյակից զանգահարեցին: Պարզվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր սեփական միջոցներով բնակարան է գնել Խնձորեսկում նույն համայնքի բնակչուհի Արմինե Մեժլումյանի ընտանիքի համար եւ նոտարը հրավիրում էր նվիրատվության գործարքը կնքելու:   Հավաքվածները պատմեցին, որ մարզպետը մի նոր տուն էլ կառուցում է  տաս երեխա ունեցող Էլիկ Մկրտչյանի համար:       Քաղաքապետի աշխատասենյակից բացի բազմամարդ է նաեւ փոխքաղաքապետի՝ Էմին Հովսեփյանի աշխատասենյակը: Քաղաքապետարանի աշխատակազմը քննարկում է Ամանորյա միջոցառումների ցանկը, քաղաքային տոնածառի ձեւավորումը, մանուկների նվերները եւ այլն:   Փոխքաղաքապետ Էմին Հովսեփյանը տեղեկացնում է, որ Գորիս եւ յոթ միավորված համայնքներում առանձին առանձին տեղադրվելու են տոնածառներ, իսկ դեկտեմբերի քսանին լինելու է Ամանորյա միջոցառումների բացումը: Բայց ամբողջ ուշադրությունը հատկապես ուղղված է Գորիսն ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք միջացառումներին:   Երբ այս առնչությամբ հարց ուղղեցինք քաղաքապետին, Առուշ Առուշանյանն ասաց. -Գորիսը կոլորիտային քաղաք է: Դարերով ձեւավորված ավանդույթները որոնք մշակույթ են դարձել ի ցույց պետք է դրվի: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հնարավորս բարձակարգ միջոցառումներ կազմակերպել: Սա մեր տունն է, մենք մեր հյուրերին պատվով կճանապարհենք:   Քաղաքապետը տեղեկացրեց, որ մինչեւ մարտի մեկը Գորիսը միավորված յոթ գյուղերով ապահովելու են գիշերային լուսավորությամբ: Գարունը բացվելուց հետո բարեկարգվելու են մայթերն ու փողոցները: Քաղաքային պուրակը, որը նախկինում պատված էր մացառներով, այսօր աղբազատված է ու միջոցառումների շրջանակներում, ըստ քաղաքապետի, այնտեղ կազմակերպվելու է քանդակագործության սիմպոզիում եւ այլն:   Հուսանք, որ երիտասարդ քաղաքապետի ու իր թիմի ջանքերով, դարերից եկած Գորիսը ԱՊՀ երկրների շրջանում կներկայանա որպես երիտասարդ ու խոստումնալից մայրաքաղաք: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ ԱՊՀ երիտասարդ մայրաքաղաքի էստաֆետը Գորիսը ստացել է ադրբեջանական Գյանջա քաղաքից: