Եկեղեցի սարքելու փոխարեն՝ գյուղ շենացրեք

17/12/2017 23:15
Արմավիրի մարզի երբեմնի մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ ու Բագարան գյուղական համայնքներն այսօր Հայաստանի Հանրապետության  մոռացված ու անտեսված ծայրամասային համայնքներից են դարձել: Արեւմտյան Հայաստանին, այժմյան Թուրքիային սահմանակից գյուղերն իրենց պատմությամբ ու գեղատեսիլ բնությամբ կարող էին զբոսարջության համար իսկական արժեք դառնալ, սակայն անտեսված հայրենի իշխանությունների կողմից, Հայոց պատմության այս փոքրիկ մասնիկն իր առօրյան ինքն է կազմակերպում ու պահպանում Երվանդունիների ու Բգրատունիների տոհմերի պատմությունը... Ինչեւէ: ...Երվանդաշատ ու Բագարան հասնելու համար պետք է հաղթահարես խրամատ հիշեցնող հսկայական խոր փոսերը, ապա հաղթահարես վիրավորանքդ առ երկրիդ իշխանությունների անգործության եւ միաջազգային այն կառույցների, որոնց լռության ու անտարբերության պատճառով պատմական Հայաստանի գյուղերն այսօր բնակեցված են քրդերով... ...Երվանդաշատում մարդիկ պատմում են, որ քրդերի նամազի ժամանակ հստակ լսվում են նրանց ձայները, իրենք էլ հեռվից անզոր նայում են իրենց պատմական հայրենիքին ու համակերպվում: Ցավոք հայերս համակերպվելու մի վատ սովորություն ունենք, այնքան վատ, որ 21-րդ դարում Բագարան համայնքում մարդիկ զրկված են կենցաղավարության մինիմալ պայմաններից, իսկ համայնքապետ Գեւորգ Մարգարյանին այդ խնդիրները եւրեւի թե չեն էլ հուզում, որովհետեւ երկար տարիներ ղեկավարելով Բագարանը, գյուղապետը գրեթե ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրել գյուղում:   Պատկերն այլ է հարեւան Երվանդաշատում: Բնակչության թվով եւ բյուջեով գրեթե նույն սանդղակի վրա են գտնվում Բագարան ու Երվանդաշատ գյուղերը, բայց գյուղերի բարեկեցությունը միմյանց հետ համեմատվելու ոչ մի եզրագիծ չունի: Երկարամյա գյուղապետ Հովնան Ավետիսյանը տեղական բյուջեով ու միջազգային տարբեր ծրագրերով կարողացել է լուծել գյուղի համար առաջնային խնդիրները: Արդեն 10 տարի է գյուղն ապահովված է խմելու ջրով, լուծված է գիշերային լուսավորության խնդիրը: Համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել է Երվանդաշատի դպրոցի ճաշարանը, ինչի արդյունքում տարական դպրոցականները կարողանում են օգտվել տաք սնունդ ծրագրից: Գյուղի մոտ 40 տնտեսություն օգտվում է արեւային էներգիայով ջերմային տաքացուցիչներից, առաջիկայում կանխատեսվում է, որ ցանկացողների թիվն աճելու է: Թուրքիայի հետ սահմանամերձ Երվանդաշատում համայնքապետի ու բնակիչների նախաձեռնությամբ կառուցվում է եկեղեցի: Խոսելով գյուղի առօրյաից, մարդիկ դժգոհում են միջպետական ճանապարհից, որի անբարեկարգ լինելու պատճառով երթուղային տաքսիներն էլ են հրաժարվում երթուղիներ կազմակերպել երկու գյուղերում:   Նշենք, որ առաջիկայում համայնքների խոշորացման ծրագրով Բագարան եւ Երվանդաշատ համայնքները միանալու են մեկ միավորի կարգավիճակ ստացող Բաղրամյանին, իսկ թե այդ միավորումն ինչ արդյունք կունենա երվանդաշատցիների ու բագարանցիների համար ցույց կտա ժամանակը: