Վնասի փոխհատուցում չստացած գյուղացիները հրաժարվում են հարկերը վճարել

11/12/2017 16:43
Արմավիրի մարզի սահմանամերձ Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը չի կարողանում հավաքագրել սեփական եկամուտները։ Ըստ տեղացիների, հուսահատ  ղեկավարը գրեթե աշխատանքի էլ չի գալիս, գյուղապետարանը օրերով չի բացվում, միայն բնակիչների այցելությունների ժամանակ՝ զանգերով։ Համագյուղացիների հետ չկարողանալով «լեզու» գտնել, անզոր գյուղապետը ամեն օր գնում է տարբեր պաշտոնյաների դռներ թակում, սակայն անօգուտ։   Լրագրողիս այցի ժամանակ էլ Ռոստամ Արոյանը գյուղում չէր, ասաց, որ «պետական գործերով Երեւանում է», եւ չհերքեց, որ չի կարողանում բնակիչներից գանձել պետական հարկերն ու տուքերը։ Արգինայի բնակիչները, հատկապես խոշոր հողատերերը եւս հատատում են, որ չեն վճարում, քանի որ կարկուտից վնասված ծիրանի բերքի փոխհատուցումը դեռ չեն ստացել։ Մշակովի հողերը շատ են գյուղում, այս տարի էլ ցրտահարվել է բերքը։ Գյուղում ավագանիներից մեկն էլ պատմեց։ - Ես խոշոր հողատեր եմ ու ինքս նույնպես չեմ տալիս հողի հարկը, ինչի՞ տամ որ, կառավարությունը ե՞րբ փոխտահուցեց կարկուտի հասցրած վնասները, որ մենք հարկեր վճարենք։ Ոչ մեկն էլ չի տալիս պարտքերը։ Ինտերնետով կարդացի, որ պետք է մեր մարզին փոխհատուցվի, բայց հըլը, որ ոչ մի լուր չկա։ Արմավիրի մարզը ամենաշատն է տուժվել։ Ոչ ոռոգման ջուր ենք ունեցել, ոչ էլ խմելու մաքուր ջուր ունենք գյուղում։ Արգինայում ունենք մեկ հաշվիչ սարք, արտեզյան խորքային հոր։Վիոլա ջուրը առել ա մեր սաղ Հայաստանի ջրերը, հիմա էլ մեզ ծանուցագրեր  ա ուղարկել, ջրի փողեր է ուզում։ Ջրի ներքին ցանցը քայքայված է, ջրի 70 տոկոսը կորում է հողի տակ, հաշվիչ չկա, բան չկա։ Անմխիթար վիճակ է, Վիոլան էլ ասում է ինձ չի հետաքրքրում, փակ ցանցը իմը չի, ջուրն է իմ փողը դուք իմ փողը տվեք, թե չէ կգամ հաշվիչը կհանեմ, ջուրը կանջատեմ։  Էս ճանապարհների փոսերը քանդված են ջրերի կորուստները տեղերը գտնելու համար։ Հետո էլ ասում է, ամսական ամեն ընտանիք պետք է 4.600 դրամ պարտադիր վճարի։ Թող բերեն ամեն տանը հաշվիչներ տեղադրեն մենք մեր օգտագործած ջրի վճարը տանք, տանը ապրող մեկ մարդն էլ է այդքան գումար վճարելու, բազմանդամ տան անդամներն էլ։ Որքանո՞վ է նորմալ։ Մենք Թալինի ջուրն ենք առնում, որպես  խմելու ջուր։ Էդ արտիզյան ջուրը կենցաղի համար ենք օգտագործում,-պատմում է զրուցակիցս։