Բարքերը դպրոցներում չեն փոխվել՝ թեկնածուների հարազատ երեխաները թիրախում

12/02/2018 05:17
Բարքերը դպրոցներում չեն փոխվել՝ թեկնածուների հարազատ երեխաները թիրախում

Արարատի մարզի Նորամարգ գյուղում  մարտի 11-ին  կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, ըստ տեղացիների, ընտրությունները թեժ են լինելու, քանի որ գրանցված թեկնածուները երեքն են։


«Հայկական Ժամ»-ին են դիմել գյուղի բնակիչները, ովքեր զգալով կրթօջախում տիրող արդեն իսկ թունավորված նախընտրական մթնոլորտը, տագնապում են, որ արդյունքում կտուժեն միայն երեխաները։ Նորամարգ գյուղի բնակիչների հետ մասնավոր զրույցներում տեղեկացանք, որ դպրոցում սկսվել են նախընտրական խլրտումները, դպրոցում թեկնածուների բարեկամ աշակերտների նկատմամբ արդեն զգացվում են ագրեսիայի, երեխաների քաշքշելու, նույնիսկ ապտակելու դրսեւորումներ։



-Ընտրություններն ի՞նչ կապ ունեն անչափահաս երեխաների հետ, որ կոպիտ հաճախ էլ վիրավորական խոսքերով փորձում են վիրավորել մեր երեխաներին։ Մի հատ նկարեք դպրոցի բակը, տեսեք թե քանի մեքենաներ են կանգնած դպրոցի հենց բակում, ասֆալտի վրա։ Բա էդ երեխաները որտե՞ղ վազեն, խաղան դասամիջոցներին։ Շատ գյուղեր գնացել ենք, տեսել ենք, որ դարպասից այն կողմ ոչ մի մեքենա ներս չի մտնում, մեր մոտ արտոնյալնե՞ր են իրենք։ Մարզային իշխանություններին կխնդրենք դպրոցի աշխատանքներին հետեւեն, որպեսզի երեխաները չդառնան ընտրող-չընտրողների համար քավության նոխազ,- անհանգստացած փոխանցեցին նորամարգցիները։

Հ.Գ. Նախընտրական Նորամարգի անցուդարձի մանրամասները կներկայացնենք առաջիկայում։


Հերմինե Մանուկյան