Գյումրու բժշկական կենտրոնը «EMERTE» սարքավորում է ձեռք բերել

15/02/2018 09:03
Գյումրու բժշկական կենտրոնը «EMERTE» սարքավորում է ձեռք բերել

Հանրապետության  առողջապահության առաջնային կենտրոնները, պոլիկլինիկաները բուժսարքավորումների մասով արդիականացնելու լուրջ խնդիրներ ունեն։ Ինչպես «Հայկական Ժամ»-ին դիմած քաղաքացիներ են տեղեկացնում, դա է պատճառը, որ  հիվանդները խուսափում են այցելել մարզային հիվանդանոցներ:

 

Շիրակի մարզը բացառություն չէ, եւ մարզի ազգաբնակչությունը, անկախ հեռավորությունից նախընտրում է այցելել Գյումրու Բ/Կ, որտեղ վերջին ժամանակներս արդիականացվել են բուժսարքավորումները:

Թե ի՞նչ արդյունք են տվել այդ ձեռբերումները եւ բարձրացե՞լ է, արդյոք, հասարակության վստահությունը բժկական կենտրոնի նկատմամբ, այս եւ այլ հարցերի պատասխանում է Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

-Առողջապահաության նախարարության հետ մեր նոր ներդրումների եւ ծառայությունների հետ կապված իրականացնում ենք նորանոր գործընթացներ։ 2017թ-ին բժշկական կենտրոնը իրականացնելով  «Կյանքի ստենդ» ծրագիրը փրկեց սուր ինֆարկտից հիվանդներին, որոնք նախկինում ստիպված էին լինում գնալ Երեւան: Իսկ նման հիվանդների համար տարբեր բարդություններ կարող է առաջացնել այդ երկար ճանապարհը:

Այս ընթացքում, տեղում մեր մասնագետների ներկայությամբ կատարվել է 400 վիրահատություն, այդ վիրահատությունների մի մասը կորոնարոգրաֆիա, իսկ մյուս մասը ստենդավորում է ավարտվել, կատարվել են եւ՛ վճարով եւ՛ պետպատվերի շրջանակներում։

 Գյումրու բժշկական կենտրոնի եւ տարածաշրջանի համար լուրջ ձեռքբերում է այն, որ մոտ 400 հիվանդ չեն մեկնել մարզից Երեւան, այդքան հիվանդների հարազատները գտնվել մարզում իրենց հիվանդների մոտ, իսկ հիվանդները ստացել են լիարժեք բուժօգնություն, բավականին բարձր մասնագիտական որակավորումներով։

Վիրահատությունների, հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու գործունեության ընթացքում գրեթե չենք ունեցել, որեւէ բարդություն, իսկ եթե եղել է, ապա այն միջազգային նորմերից, ոչ բարձր քանակի է։

2017թ-ը ավարտելով, այս տարի Առողջապահության նախարարության հետ համատեղ անմիջապես երեք նոր անվճար ծրագրեր իրականացրինք։ Աչքի վիրահատությունները, որի ընթացքում մեծ թվով գյումրեցիներ եւ շիրակցիներ կարողացան օգտվել անվճար վիրահատություններից։

Ծրագիրը շարունակական է, ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի սեպտեմբեր ամսին, երբ կենտրոնում կներդրվի աչքի ամբողջական բուժման համար վերանորոգված նոր կաբինետը, որը լազերային վիրահատություն անցկացնելու հնարավորություն կտա:

Ռուսաստանյան ընկերության հետ համագործակցելով ձեռք ենք բերելու EMERTE բժշկական սարքավորում՝ Յամեռ, մեր հայրենակիցները այսպես են ավելի շատ անվանում։ Մարզերն այս սաքավորոմներն ընդհանրապես չունեն, որի բացակայության պատճառով հիվանդներին ստիպված տեղափոխում են մայրաքաղաք։ Մոտ երկու ամսից կենտրոնում կգործի, այս նոր սարքավորումը եւ կկարողանանք այս ծրագրի շրջանակներում, խնդիրներ ունեցող հիվանդներին տեղում որակյալ եւ անվճար բուժօգություն ցուցաբերել։


 

-Պրն Իսահակյան, իհարկե, ողջունելի է սարքավորումների ձեռքբերումը, բուժհիմնարկի արդիականացումը, սակայն հասարակության շրջանում տարածված դժգոհություն կա, որ կենտրոնը չունի մասնագետներ, եւ այդ դեպքում, մարդիկ արդարացիորեն նկատում են, որ «ու՞մ է պետք սարքը եթե բժիշկն այն ճիշտ չի օգտագործում»:



-Մարզերում մասնագետների հետ կապված բարդությունները  միշտ եղել են ու կլինեն։ Պատճառները տարբեր են, թե ինչու է հմուտ մասնագետների պակաս զգացվում։ Նախ հրապուրիչ չի մարզերում աշխատելը, շատ մասնագետներ, այս իսկ պատճառով  մնում են  Երեւանում աշխատելու։ Գիտեք, որ Շիրակի մարզը սոցիալ-տնտեսական ծանր կարգավիճակում գտնվող մարզն է։ Երկրաշարժից հետո բնակչությունը ի զորու չի վճարովի ծառայություն իրականացնել եւ կարողանալ թանկարժեք բուժօգնությունից օգտվել, որը հասանելի չի այն մարդկանց, որոնք չեն օգտվում սոցիալական փաթեթից, չունեն կարգ այդ իսկ պատճառով տարբեր խնդիրներ են առաջանում։

 

Դեպի մարզեր մասնագետների հոսքը բարդ է, սակայն ես ձեզ մի տվյալ ասեմ, որ 2012թ-ից, երբ Գյումրու բ/կ սկսեց իր գործունեությունը, առաջին իսկ օրվանից նպատակն է եղել հասատությունը ապահովվել լավագույն մասնագետներով։ Եւ մոտ 30-40 երիտասարդ մասնագետներ են ընդունվել Գյումրու բ/կ, մենք զրույցներ ենք ունեցել երեւանաբնակ բժիշկների հետ, ովքեր այսօր ընտանիքներով ապրում են Գյումրի քաղաքում։ Մենք վիրաբույժներ ունենք, որ պլաստիկ վիրաբուժություններ են կատարում։ Չենք ունեցել  դիմածնոտային վիրաբույժը այսօր նա լուրջ աշխատանք է կատարում։

Մարզերից եզակին է Գյումրու բ/կ-ն, որը համալրված է մասնագետների 90 տոկոսով, բուժսարքավորումները, լաբորատորիաները եւ նոր վիրահատարանները, այս ձեռքբերումները  հնարավորություն են տալիս, որպեսզի շատ բժիշկներ ձգտեն աշխատել մարզի բուժհաստատությունում։


 

-Ձեր հավաստմամբ կենտրոնի բոլոր բժիշկներն ունեն բարձր որակավորում, այդ դեպքում որտեղի՞ց է առաջանում «վատ մասնագետ» հասկացությունը։



-Դժգոհությունները որտեղից են, ես բերեմ օրինակներ։ Ենթադրենք շաբաթ օր է, ոչ աշխատանքային։ Պոլիկլինիկան չի աշխատում եւ հիվանդը լավ չի զգում, գալիս է բժշկական կենտրոն՝ միակ աշխատող բուժհաստատությունը մարզում Գյումրու բ/կ-ն է եւ պահանջում է իրեն անվճար հետազոտել: Եբր բացատրում ենք, որ հիվանդանոցն անհապաղ դեպքերի համար է անվճար հետազոտություններ իրականացնում եւ իրենք պետք է իրենց բնակավայրի առաջնային բուժօղակ դիմեն՝ առաջանում է դժգոհություն:

Այսպիսի երեւույթները մարդկանց շրջանում ինֆորմացիայի պակասից  է, եւ ցանկալի է, որ առողջապահության առաջնային օղակներում տեղում մարդիկ ավելի շատ տեղեկություն ստանան, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնեն պոլիկլինիկաներում եւ տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին։ Մենք չունենք պոլիկլիկական ծառայություն, մենք կարող ենք իրականացնել անհետաձգելի բուժօգնություն եւ ստացիոնար հիվանդների բուժօգնություն։

Այստեղ անվճար բուժօգնություն չի իրականացվում, կան երկու վճարման ձեւեր մեկը՝ պետությունն է փոխհատուցում, մյուսը քաղաքացին։ Հիմա, քաղաքացին դիմում է, բայց գումար չունի, իսկ պետությունն էլ ամբուլատոր ծառայության համար մեզ չի վճարում:

 Հաճախ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում, երբ հիվանդին բերում են շտապօգնության մեքենայով, եւ ասում է. «ինձսկոռիով են բերել, ուրեմն ինձ պետք է ձրի ստուգեք, ինչի՞ եք փող ուզում»։  Եթե հիվանդը ունի հիվանդության կարգ, եւ կենտրոն է եկել իր սեփական ավտոմեքենայով, ապա նրան անվճար կսպասարկվի, իսկ եթե հիվանդը չունի կարգ, արտոնություն կամ անհետաձգելի բուժօգնության կարիք եւ տեղափոխվել է ընդհամենը բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով, ապա պետք է վճարի տեղափոխման համար միայն։ Այս երեւույթը դեռեւս բաց է մնում, մեր բնակչության շրջանում, որը, հուսամ, ժամանակի ընթացքում կկարգավորվի, եւ մարդն ավելի իրազեկված կլինի բուժծառայություններից օգտվելու մանրամասների վերաբերյալ։

 

 

Հերմինե Մանուկյան