Նախընտրական տրամադրություններ․ ՔՊ-ական ակտիվը սուլոցներով եւ լկտի պահվածքով հետեւում, ծաղրում են իրենց համաքաղաքացիներին

23/09/2022 12:25
Նախընտրական տրամադրություններ․ ՔՊ-ական ակտիվը  սուլոցներով եւ լկտի պահվածքով հետեւում, ծաղրում են իրենց համաքաղաքացիներին

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում  ավագանու ՏԻՄ համամասնական ընտրակարգով կայանալիք նախընտրական տրամադրությունները թեժ են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այստեղ գրանցված Քաղաքացիական Պայմանագիր, ՀՅԴ, «Արդար Հայաստան» եւ «Միասնություն» քաղաքական ուժերից ոչ մեկ ինքնաբացարկ չի հայտարարել։  

Ի՞նչ տրամադրություն է տիրում քաղաքում, եւ ո՞ր ուժին են նախապատվությունը տալիս ընտրողները, պատասխաններն իրարից քիչ տարբերվող էին․ 
-Տարածաշրջանը մեծ չի, այստեղ բոլորն իրար լավ են ճանաչում, ամեն մեկն ունի իր թիմը՝ լավ ու վատ, ծանոթ ու անծանոթ,- ներկայացրեց համայնքի կրթական ոլորտի ներկայացուցիչնեից մեկը,- Մեծ քաղաքում անհատների գործունեությունը վարագուրված է, իսկ այստեղ թափանցիկ են բոլորն՝ իրենց անցած ճանապարհով։ Մի կարեւոր փաստի վրա ուշադրություն դարձրեք, որ 2018թ-ին՝ համընդհանուր էյֆորիայի ֆոնին, միայն Բյուրեղավանի անուն չհնչեց ու այստեղ «թալանչի չգտան»։ 

-Արդեն սովոր ենք, որ նախընտրական շրջանում, թեկնածուների թիմերն իրար պիտակավորում են, բայց ժողովրդին էլ չես կարող խաբել,- ներկայացնում է բակում հավաքվածներից մի երիտասարդ,- Սեւին խոսքով չես կարող սպիտակեցնել, սպիտակին էլ՝ սեւացնել։ Բոլոր թեկնածուներն էլ մեր աչքի առաջ են ապրել, մենք լավ գիտենք ով՝ ով է ու ինչի է ընդունակ։ Բյուրեղավանցուն չպիտի ծանոթացնեն իրա հարեւանի ու ծանոթի հետ։

-Տարբերություն չկա՝ Բյուրեղավա՞ն, թե՞ հարեւան գյուղերից մեկը- ավելացնում է ընկերը,- Մեր մոտ բոլորն էլ իրար լավ են ճանաչում, իսկ խոսքերս կհաստատեն ընտրությունների արդյունքները։ Հրապարակ դուրս եկած ինքնակոչերը մի քանի օրից պոչները ծալած ետ են քաշվելու, որովհետեւ հիմա խաբկանքի մեջ են, իրանց ճակատին ուղիղ ոչ մեկ չի ասում, թե ինչ ա մտածում իրանց մասին, իսկ ընտրության արդյունքը հենց այդ միտքն ա լինելու։
Ի դեպ  մեր զրուցակիցներից շատերը պնդում էին, որ  անձամբ չեն ցանկանում հայտնվել տեսախցիկների առջեւ, քանի-որ  ՔՊ-ական ակտիվը  սուլոցներով եւ լկտի պահվածքով հետեւում, ծաղրում են իրենց համաքաղաքացիներին։
Արմինե Հակոբյան