Երկրորդ Սարդարապատ կամ ԳՈՅԱՄԱՐՏ… Հայը պայքարում է

22/09/2022 10:02
Երկրորդ Սարդարապատ կամ ԳՈՅԱՄԱՐՏ… Հայը պայքարում է

Փոքրաթիվ ռեսուրսներով՝ մեր մարտիկները սխրանքներ են գործում։ Հայը գիտի, գիտակցում է, որ սա գոյամարտ է։ Միևնույն ժամանակ՝ իշխանությունները կատարում են իրենց հանձնարարականները, ընդիմությունը՝ իրենց։ Տարբեր քաղաքական, միջազգային քայքայիչ ուժերի խամաճիկները ակտիվորեն միմոսություններ են անում՝ հեզորեն կատարելով իրենց առջև դրված առաջադրանքները։

Մտավորականությու՞նը, մտավորականություն չկա’։

Մտածող ու գիտակից մարդի՞կ։ Նրանց մեծամասնությունը լռում է։

Ինչու՞։ Իսկ ու՞մ հետ խոսի կամ ինչպե՞ս, ի՞նչ լեզվով։

Տգիտությունը, բարոյազրկումը, սրիկայությունը տարածված են հասարակության լայն շերտերում։ Բթացումն ու արժեխեղումը խորը արմատներ գցած երևույթներ են այլևս։ Անգամ օրհասական այս պարագայում անտարբերությունը, կրավորական կեցվածքը, ջայլամի նման գլուխը ավազի մեջ մտցնելու քաղաքականությունը շարունակվում են։

Ոմանք օգնություն են սպասում այլ երկրներից, ոմանք գլուխը պրծացնելու քաղաքականություն են տանում, ոմանք էլ քննադատում են բոլորին՝ կարծելով, որ մեծ օգուտ են տալիս։ Միջազգային հանրությու՞նը, այլ երկրնե՞րը։

Բավական է այլևս անմեղսունակ կեցվածք ընդունենք։ Ու՞մ համար պարզ չի, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր իսկ շահերով, յուրաքանչյուր կառույց կատարում է իր առջև դրված խնդիրները։ Մեղադրում ենք բոլորին, այլ երկրներին, քաղաքական հին ու նոր գործիչներին, ավելի շուտ գործիքներին, մինչդեռ պետք չէ մարդկանցից, երկրներից սպասել ավելին, քան իրենք կարող են տալ։ Ներքին տականքի մասով, մի բան միայն կասեմ. ավելի լավ կլիներ նրանց ձևավորմանը չխթանեյիր հայ ժողովուրդ։ Ցավով եմ ասում, բայց մենք ենք այս ամենի պատասխանատուն, քանի որարժեզրկվել ու բարոյազրկվել ենք, պատրաստ ենք ամեն ինչի հանուն ցանկացած շահի ու անգամ նվազագույն տրամաբանություն չի մնացել գնահատելու այդ «շահը» վերջնական տեսքով. այսօր նրանց մի մեծ պատառ կշպրտեն, գեղեցիկ տներ կկառուցեն, կապրեն ապահովված, կհարգվեն միայն փողով ու «դիրքով» գնահատող հասարակության լայն շերտերի կողմից, իսկ վաղը ի՞նչ կանեն, երբ երկիր կորցնեն։ Ու՞ր են գնալու, ի՞նչ են անելու, անհայրենիք բոշա են լինելու ու եթե որևէ մեկին թվում է իրենց փողերը իրենց փրկելու են կամ կարողանալու են ինքնադրսևորվել այլ զարգացած երկրներում՝ սխալվում են. նման տարրերին այնտեղ մանրեի նման են նայում։ Բացի այդ բացարձակ անմրցունակ են իրենց «պետքական» կարողություններով։

Եվրոպայում օրինակ արդեն անգամ շները չեն հաչում, էլ ու՞մ են պետք վայրահաչոցի մակարդակի «քաղաքականություն» տանող մարդիկ։ Մենք ենք, որ կրակի մեջ ենք ու ամեն անգամ խեղճ ու կրակ մեկից վառված դեպի մյուսի կողմ ենք թեքում գլուխներս՝ փրկիչ սպասելով։

Հայ ժողովու’րդ, քո միակ փրկիչը դու ես։ Քո միակ փրկությունը՝ ինքնամաքրումը, վերարժևորումը, պայքարը հանուն քո երկրի գոյության ու զարգացման։Հայաստանն այսօր կանգնած է լինել չլինելու առաջ, կամ ինչպես ասում են` սա վերջի սկիզբն է։

Այդ վերջը, եթե անգամ այսօր չլինի, վաղն է լինելու, ինչու՞, որովհետև մեր բոլոր գործողությունները դրան են տանում։ Հայ ժողովու’րդ, արմատախիլ արա տականքը քո իսկ մեջից, վերադարձի’ր բարձր արժեքներին, կերտի’ր, արվեստ ու մշակույթ զարգացրու’, երկի’ր կառուցիր։

Իսկ այսօր՝ կռվի’ր հայ ժողովուրդ, կռվիր քո ապրելու իրավունքի համար, կռվիր հզոր պետություն կառուցելու սրբագույն հեռանկարով։ Այսօր, երբ համիսլամ երկրները քո վրայով, քո ոչնչացման գնով՝ ցանկանում են իրար միանալ։ Ահա եկավ այն օրը, որ Նժդեհն էր նախանշել ու կոչել կենաց մահու կռիվ գոյության համար։ Հայ արժանավոր գործիչներ, կանգնե’ք ձեր ժողովրդի կողքին, գիտակցե’ք իրավիճակի լրջությունը, ոչ ոք սովից չի մեռել, ֆիզիկական ոչնչացումն էլ թող ձեզ չվախեցնի, քանի որ ավելի վատ է բարոյական ոչնչացումը։

Մենք ենք մեր երկրի տերը և մենք պետք է կառուցենք, պահպանենք, պաշտպանենք ու շենացնենք այն։ Հա’յ ժողովուրդ, մաքուր ու վե’հ հայ ժողովուրդ, չծախվող ու ուժե’ղ, դեռ ունենալու ենք մեր երազանքների երկիրը, միայն պայքարիր, միայն մի կորցրու հույսդ, միայն ձգտիր վեհին, ինչպես հերոս նախնիներդ են արել։

Հայ մարտիկներ, դուք մի անգամ չի, որ ապացուցել եք, որ Նժդեհի, Անդրանիկի, Հայկի սերունդներն եք, դուք վեր եք ամեն ինչից ձեր սխրանքներով ու մեծությամբ։ Հայ մտածողներ, եղեք փարոս ձեր ժողովրդի համար, հիմա բոլոր վառվռվող ֆանարիկները դեպի անդունդ են առաջնորդում ժողովրդին։

Ցույց տվեք հային իր հերոսական անցյալը, հիշեցրեք, որ հայը գաղափարի մարտիկ է, արթնացրե’ք արդարության ու պայքարի ոգին, արթնացրեք ճշմարիտ արժեքները։

ԱՊՐԻ’Ր ՀԱՅ, կռվիր ու ապրիր, ապրիր ու արարիր մեր բոլորի երազանքների հայրենիքը ու արժանավոր հասարակություն։

Աննա Աղվանյան