Շիրակը մանկապարտեզ կունենա

25/08/2022 23:54
Շիրակը մանկապարտեզ կունենա

Շիրակի մարզի  Շիրակ գյուղը, մոտ  երեք տարի է ինչ կերպարանափոխվել է, լուսավորված փողոցներն ու ասֆալտապատ ճանապարհները համայնքին նոր տեսք ու հարմարավետ ապրելակերպ են տվել։ Գյուղի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ նորակառույց նախադպրոցական հաստատության շենքի շինարարական աշխատանքները ոգեւորել են համայնքաբնակներին։ Մարդիկ պատմում էին, որ իրենց  հույսերը արդարացվել են՝ հաջորդ տարի մանկահասակ շիրակցիները հնարավորություն կունենան մանկապարտեզ հաճախելու։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։

Թեեւ Շիրակը վարչական տարածքով ամենամոտ գյուղն է Գյումրի քաղաքին, սակայն, աղետաբեր երկրաշարժից հետո մինչ օրս, գյուղի 300 տնտեսություններից միայն երեսունն է, որ  գազաֆիկացված են։ Ըստ շիրակցիների, լավատեղյակ են, որ տեղական իշխանությունները, մարզային եւ հայրենի իշխանությունների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի սումբվենցիոն ծրագրով գազաֆիկացնեն մանկապարտեզի շենքը, դպրոցը , գյուղապետարանի վարչական շենքը եւ համայնքի չգազաֆիկացված թաղամասերը։ Դպրոցում սովորող  երեխաների ծնողները ասում են, որ խստաշունչ ձմռան ամիսներին  դպրոցը ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչներով, սակայն որքան էլ միջոցներ են ծախսվում դասասենյակները տաքացնելու համար, այնուամենայնիվ լիարժեք ջերմաստիճան ապահովվելը բավականին դժվար ու ծախսարար է։ Բնակչության հետ մասնավոր զրույցներում եւս մարդիկ նույնաբովանդակ կարծիքներ էին հայտնում այն մասին, որ գազաֆիկացման խնդիրը խիստ անհրաժեշտ է համայնքին ու համայնքում գործող ենթակառուցվածքներին, որի մասին իրենց կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվել է։


-Վերջապես էս մեր գյուղին սկսեցին քաղցր աչքով նայել, 100 տարի էր մենք էս գյուղի ապրողներս չէին տեսել, որ գյուղի ճամփեքն սարքեն, կամ մտածեն մանկապարտեզ ստեղծեն էս մեր քյորփեքի համար։ Էդ սումբվենցիոն ծրագրերով կարելի է շատ գործեր անել, լավ ծրագրեր են, թող տնտեսեն, ամեն տարի մի կարեւոր գործ անեն։ Տեսեք Շիրակ գյուղը վերջապես լուսավոր փողոցներ ունի, գլխավոր ճամփեքն ասֆալտ են, ունենք գյուղապետարանում աշխատող երիտասարդ ու գրագետ աշխատողներ, երբ տեսանք վազքի մեջ են, բանիմաց իրենց գործին, էսքան բանի հասել են էս վերջին տարիներին, երբ միավորեցին համայնքները։ Ճիշտ է խոշորացումը մեր սրտով չէր, բայց էսօր մեր գյուղում տվել է դրական արդյունքներ։ Մեր գյուղի ձմեռներին ով ծանոթ է կհասկանա, որ մեր պահանջը տեղին է, դառը տանջանքով ապրող գյուղացիներիս համար բնական գազով ապահովելը մեծ բան է,-կարծիք է հայտնում գյուղի բնակիչներից մեկը, չցանկանալով անունը հայտնել։
 

Բնակիչներին ուղղված հարցին, թե Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարությունը հաճախակի այցելո՞ւմ է Շիրակ բնակավայր, վերջիններս պատասխանեցին։
-Հա գալիս են, մանավանդ մանկապարտեզի աշխատանքներին հետեւելու համար, իրենք էլ են ուզում, որ շուտ վերջացնեն։ Ասում են պետք է գույքի ու գազի հարցն էլ լուծենք, որ շահագործվի, մենք էլ համբերատար սպասում ենք։ Արդեն հավատում ենք, որ գործեր են  արվում։
Արմինե Հակոբյան