Գավառի պոլիկլինիկա ՊՓԲԸ շենքի վերանորոգման համար կպահանջվի 180-200 մլն դրամ

15/08/2022 23:33
Գավառի պոլիկլինիկա ՊՓԲԸ շենքի վերանորոգման համար կպահանջվի 180-200 մլն դրամ


Գեղարքունիքի մարզի Գավառի, դեռևս 1978 թ-ից գործող պոլիկլինիկան, կառավարության որոշմամբ, միացվել է Գավառ ԲԿ-ին։ Այս պոլիկլինիկայի ողբերգական վիճակին մեր կայքն անդրադարձել էր 2019թ-ին՝ հանրային դատին հանձնելով, թե ինչ անմարդկային պայմաններում և ԽՍՀՄ-ի հին բուժ սարքավորումներով են բուժաշխատողները սպասարկում տարածաշրջանի բնակչությանը։

Այցելեցինք Գավառի պոլիկլինիկա։ Այստեղ պատկերը նույն զահրուրելի տեսքն ուներ, ոչինչ չէր փոխվել մեր նախորդ այցից։

Անմշակ ու քանդված բակ, բաց հոսանքներ ու կեղտի մեջ թաղված արյան ախտորոշման սենյակն իր մաշված ու պոկված հատակով։ Մոտ 80 բուժ աշխատողներ, այսօր էլ դժվարանում են աշխատել քայքայված սենյակներում։

Տես լուսանկարները։

Պոլիկլինիկայում մեզ ասացին, որ Գավառի ԲԿ-ին միացնելուց հետո, ԲԿ-ի տնօրենն սկսել է որոշ բուժ կաբինետներ վերանորոգել։ Սակայն, ըստ բժշկուհիներից մեկի, շենքն ու գույքը սկսած 1978 թ-ից չեն վերանորոգվել ու թարմացվել։ Մաշված ու ոչ պիտանի են դարձել բուժ սարքավորումները, որով տեղի բնակչությունը սպասարկվել է տասնյակ տարիներ։

-Մոտ 180-200 մլն դրամի գումարներ են անհրաժեշտ, որպեսզի պոլիկլինիկայի շենքն ու բակը վերանորոգվի, չհաշված բուժ սարքավորումները,- պատմեց մեզ դիմավորած բժշկուհին,-վերջինս թույլ տվեց մեզ լուսանկարներ անել։

Վերջում, մեր զրուցակիցն հավելեց, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունն օտարեր պոլիկլինիկայի  այս շենքը և նորը կառուցեր՝ Գավառ ԲԿ-ին կից։Սա թույլ կտար տեղի տնօրինությանը համատեղ վերահսկողություն սահմանել 2 աղողջապահական կենտրոնների նկատմամբ։ Ի դեպ, Գավառի պոլիկլինիկայի նախկին տնօրեն՝ Պարույր Կուռոյանին նոր պաշտոն են տվել։ Վերջինս ղեկավարում է տարածաշրջանի տեսչական ոլորտը։

Հ․Գ․ Փորձեցինք կապ հաստստել Գավառ ԲԿ-ի տնօրեն՝ Գարիկ Սողոմոնյանի հետ և լսել նրա մեկնաբանությունները՝ վերը շարադրածի առնչությամբ, սակայն, վերջինիս հեռախոսը չպատասխանեց։Այս թեման կմնա մեր կայքի ուշադրության կենտրոնում։ Հետագա զարգացումների մասին տեղյակ կպահենք մեր ընթերցողներին։

Անի Մադոյան