Փարաքարում իրեն ընտրված համայնքապետ է համարում երկու թեկնածու

21/12/2021 23:30
Փարաքարում իրեն ընտրված համայնքապետ է համարում երկու թեկնածու

Ո՞վ էր ի վերջո այսօր աշխատանքի գնացել Փարաքարի համայնքապետարան։
Փարաքար խոշորացված համայնքում այս պահին իրեն հաղթած համայնքապետ է զգում երկու հոգի։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։
«Ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար», - գրել է նա։
Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։ Մեկնաբանություններում հրավառություններ են...
Ո՞վ էր ի վերջո այսօր աշխատանքի գնացել Փարաքարի համայնքապետարան։
Մերձավանցի Վոլոդյա Գրիգորյանի համախոհները՝ հիմնականում մերձավանցիները հավաքվել «Արդարություն» են վանկարկում։ Այս գյուղն էլ է միանում Փարաքարին, ընտրություններում Գրիգորյանի կուսակցությունը՝ «Ապրելու երկիրը» ստացել է ամենաշատ ձայները՝ 4637, երկրորդ տեղում ՝ 2609 ձայնով «Քաղաքացիական պայմանագիրն» էր, երրորդում ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը։
Այս երեք ուժերից ավագանու 21 հոգանոց կազմ է ձևավորվել. 10 տեղ «Ապրելու երկիր» կուսակցությանն է , 11-ը՝ մյուս երկու ուժերինը։ Բոլորով երեկ պետք է ընտրեին համայքնապետ։
Ինչպե՞ս է ստացվել, որ երկու համայնքապետ է ընտրվել։ Վարկածները տարբեր են։
«Ես ընտրված համայնքի ղեկավար եմ համարում ինձ, իսկ ինչ-որ անձինք կարող ա դև չեն համարում դա այդպես», - ասում է Վոլոդյա Գրիգորյանը՝ հավելելով, թե երեկ ավագանու առաջին նիստին առաջադրվել է ինքը , «Դավիթ Մինասյան» դաշինքը Մինասյանին է առաջադրել, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Վերջիններս սակայն, ըստ Գրիգորյանի, առաջադրման փաստաթղթեր չեն ունեցել, ընդմիջում են վերցրել այդ թղթերի հարցը լուծելու համար, ընդմիջումն ավարտվել է, նրանք չեն եկել։Ավագանու իր համախոհների հետ քվեարկել են 10 կողմ ձայներով ինքն էլ ընտրվել է. - «Հայտարարել է նիստը փակված նիստը վարողը, երդմնակալության արարողության հարցն ա քննարկվել, քննարկվել ա առաջին նիստը ավագանու հունվարի 8-ով և համարել է նիստը փակված»։
Դրանից հետո հեռացել են։ Որոշ ժամանակ անց եկել են «Քաղաքացիական պայմանագրի» ու «Մինասյան» դաշինքի ավագանու անդամները։ Նրանք էլ իրենց 11 ձայներով ընտրել են Դավիթ Մինասյանին։
Վոլոդյա Գրիգորյանն ասում է, թե մինչև երեկ ավագանու կազմի մյուս ուժերի բանավոր համաձայնություն են ունեցել համայնքի համագործակցված կառավարման վերաբերյալ։
Բայց ընտրությունից առաջ, նրա տպավորությամբ, ինչ-որ բան է փոխվել. - «Վերջին վայրկյաններին մարդկանց մոտ երևի ինչ-որ մտքեր ա ծագել, որ պետք ա էսպես չլինի, այնպես լինի։ Բայց այդպես էլ ես ինքս թույլ չեմ տա, որ լինի, որովհետև դա դեմ կլինի արդարությանը»։
«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամները քվեարկել են Մինասյանի օգտին։
Լյուդվիգ Գյուլնազարյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, բնակության վայր գնացինք, ասացին տանը չէ։
Դավիթ Մինասյանն էլ է փարաքացի է, համայնքը ղեկավարում էր մինչև այս ընտրությունները։ Նա էլ հեռախոսազանգերին չարձագանքնեց, տան դուռն էլ չբացեց։
«Մինասյան» դաշինքում հիմնականում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներն են։ Այս ուժի ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը ասաց, թե կրքրեը հանդարտվեն, Մինասյանը կգնա աշխատանքի, ընտրյալ համայնքնապետը նա է. - «Պարզագույն մաթեմատիկան և քաղաքական տրամաբանությունը ու իրավունքի նորմերը հուշում են, որ պարոն Դավիթ Մինասյանը համայնքի ընտրված ղեկավարն է»։
Տասնմեկը տասից մեծ թիվ է, արձանագրում է Նահապետյանը՝ Վոլոդյա Գրիգորյանի թիմին հորդորելով դատարան դիմել և պարզել, որ ավագանու տասնմեկ կողմ ձայներն ստացած թեկնածուն է համայնքապետը, ոչ թե տասը։
Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ապա Միքայել Նահապետյանն ասում է, որ ավագանու առաջին նիստը ամենատարեց անդամն էր վարում, «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Առաջադրման թղթեր է պահանջել, իրենք էլ, թեպետ օրենքը այդպիսի բան չի պնդում, ընդմիջում են խնդրել գրավոր առաջադրման հարցը լուծելու համար։ Եվ ադս ընթացքը մրցակիցն օգտագործել է ու ընտրվել. - «Մեժդուսաբոյչիկ են արել, նիստ են արել, քվեարկել են, քվեաթերթիկ են տպել... դրանք ծայրից ծայր հակաիրավական գործընթացներ են, որովհետև մեր թեկնածուին հրաժարվել են գրանցել։ Անհրաժեշտ քանակի ընդմիջումներից հետո ափալ-թափալ էդ մարդիկ իրանց տասը հոգով նստել-քվեարկել, շնորհավորել են իրար, թողել գնացել։ Որևէ մեկը նման իրավունք չի տալիս էդ մարդկանց։
Ավագանու այս անդրանիկ ու պատմական դարձող նիստը վարել է Մերձավանի դպրոցի փոխտնօրեն Էմմա Թորոսյանը։ Նա պնդում է, թե ընդմիջումից հետո սպասել է 2, 3, նույնիսկ 5 րոպե, մրցակիցները չեն եկել։ Բարձրախոսով կանչել է նրանց. - «Գիտակցաբար եմ դա կանչել։ Իսկ երրորդ, չորրորդ կարող ա արդեն մեխանիկորեն եմ ասել»։
Տիկին Թորոսյնաը վստահ է՝ Մինասյանն ուշացել է գնացքից. - «Գնացքը եթե չշարժվեր, ես գնացքի մեջ կգտնվեի։ Բայց շարժվել է չէ՞ արդեն»...
Վոլոդյա Գրիգորյանն այսօր ընդհուպ համայքնապետարանի երկրորդ հարկ հասավ, բայց կնիքը չկա, ասում է, որ աշխատեմ։ Նաև համայքնապետի դռան բանալին չկա։
Այնուամենայնիվ Գրիգորյանը պատրաստվում է երդվել և արդեն առաջին հանձնարարականներն է տվել, մինչ մյուս համայքնապետը՝ Դավիթ Մինասյանը սպասում է, որ կրքերը հանդարտվեն։
«Տարբեր համայնքներում աղբահանության հետ կապված հանձնարարականներ կան տրված արդեն», - ասում է Գրիգորյանը։
Նրա համախոհները վստահեցնում են, որ չեն նահանջելու։ Ո՞վ է տեսել կրկնակի պակաս ձայներ ստացած թեկնածուն կառավարի համայնքը. - «Քսաներկու տոկոս հավաքած ավագանու թեկնածուն համայնքի ղեկավար դառնա՞, քառասունինը տոկոս հավաքածը չդառնա»։
Հետընտրական կրքերը Փարաքարում եռում են նախատոնական առևտրին զուգահեռ։ Փարաքարցի Աշոտ Գևորգյանը սունկ էր ընտրում։
Նա ցույցին հեռվից է հետևում, առանց էնտուզիազմի. - «Հին ասացվածք կա, ասում ա՝ ով էշ, մենք փալան»։

Աղբյուր