Արթիկի նախընտրական խրոնիկան

23/11/2021 10:38
Արթիկի նախընտրական խրոնիկան

Արթիկ քաղաքում եւ սահմանակից գյուղերում ավագանու թեկնածուների պակաս չի զգացվում, քաղաքն ու գյուղերը ողողված են թեկնածուների նախընտրական պաստառներով ու կարգախոսներով։ Արթիկի կենտրոնական մասը, որտեղ քիչ թե շատ, բարվոք են փողոցներն ու աղբի կուտակումներ չկան, այդտեղ էլ փակցված են   ավագանու թեկնածուների հպարտ ու խրոխտ նկարները։ Ըստ արթիկցիների, ովքեր լրագրողներիս ուղեկցեցին քաղաքի ծայրամասային թաղամասերը, մատնացույց անելով թափառող շներով եւ կատուներով լի աղբամանները, պատմեցին․


-Պաշտոնի կռիվ է, խնամի-ծանոթ-բարեկամի ընտրություն։ Ավագանիների թեկնածուները էնքան են տարված պաշտոնով, որ իրանց կնկտոց էլ քցել են տնետուն ձայներ մուրալու համար, ի՞նչ խաբար է, էդքան թեկնածու, հերիք չէ՞ մեկին նշանակեն պրծնենք գնա։ Շվարել ենք ոնց ապրինք, սրանք մարդավորս են սկսել։ Հիմա ոսկե սարեր կխոստանան, բայց դեկտեմբերի 6-ից հետո էլ մարդ չի կըրա իրանց դուռը բացի, աստված չանի մի-մի գալստուկ էլ, որ քցեցին վզներին էլ պրծա՜վ, հետները խոսել չի լինի,- ներկայացնում են քաղաքացիները։
Արթիկում նախընտրական շտաբների այցելությունները շատ պասիվ են, նախկինում, եթե ընտրությունները  տոնական տրամադրություններ էին հաղորդում, այսօր այդ հմայքը չքացել է,  շտաբների դռները հազվագյուտ են բացվում։
-Էդ շտաբներում ի՞նչ կա, որ գնանք, մարդիկ իրար հետ կվախենան խոսան, սաղ ծախող ու կախող են։ Չկա գաղափարախոսություն, չկա հավատ, չկա հույս, կան մենակ պաշտոնի վազողներ, էստեղ պաշտոն չունես, ուրեմն մարդ չես։ ՔՊ-ի շտաբի աշխատողները կբողոքեն, թե գեղից, գեղ ընգած գըչարչարվին բացի ջերմուկից ուրիշ բան չեն տա, որ խմեն։ Դատարկ փորով ի՞նչ քարոզ, դաշնակների մոտ էլ բեթար, ձեռքերը գրպանները մոլոր ման գուկան, իսկական ծերանոց է, վարագյանները ծածուկ մարդ կընդունեն ու կճամփեն։<Ազատականի> նախկին փոխքաղաքապետ, գործարար Արտակը կըսե շատ աշխատատեղեր կստեղծեմ կգաք կաշխատեք, նույնը   աստոյանները կխոստանան։ Տեսնինք քանի՞ տեղով պետք է կիսվինք, որ չնեղացնենք հեչ մեկին, նույն քաղքի մարդիկ ենք։ Դարձել ենք անաղուհաց  ժողովուրդ, կոֆեն էլ, որ խմես կըսեն կաշառք է ու էս խասյաթով ընտրության կերթա՞նք,-դժգոհում են քաղաքացիները։

-Արթիկ քաղաքի թիվ 2-րդ դպրոցի նախկին տնօրեն՝ Բավական Աբրահամյանի տունը այսօր<Հանուն Հանրապետության> կուսակցության նախընտրական շտաբի համար է ծառայում-, տեղեկացնում են արթիկցիները։
Գյուղական բնակավայրերում մարդիկ մասնակցում, ուշադիր լսում, ծանոթանում են կուսակցությունների նախընտարական ծրագրերի բովանդակությանը, բայց վերջիններիս ճանապարհելուց հետո ձեռքերը հուսահատ թափ տալով ասում են․
-Հավատ չկա, ինչքան ընտրեցինք, ում ընտրեցինք փուչ դուրս էկան, մենակ էս երկիրը թող դզվի, մեր էրեխեքը ապահով երկրում ապրեն։
  
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին խոշորացված Արթիկ համայնքում ՏԻՄ ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրություններին կմասնակցեն<Միասնական Արթիկ> դաշինքը, <Ազատական>, <ՀՅԴ>, <Քաղաքացիական Պայմանագիր>, <Ապրելու Երկիր> եւ  <Հանուն Հանրապետության> կուսակցությունները։ 1 դաշինք եւ 5 կուսակցություններ, 27 ավագանու տեղի համար 218 թեկնածուներ են կմրցակցեն։ Տարածաշրջանի 23 գյուղերի հետ միասին Արթիկ քաղաքը կկազմի 24 բնակավայրերով միավորված Արթիկ համայնք։
Արմինե Հակոբյան