Էսօր թաղում, վաղը թաղում՝ քելեխով ապրող մարդիկ ենք դարձել

02/11/2021 22:20
Էսօր թաղում,  վաղը թաղում՝ քելեխով ապրող մարդիկ ենք դարձել

Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչների  սոցիալական անվերջանալի հոգսերն ու խնդիրները նրանց անտարբեր են դարձրել որեւէ համապետական, տեղական ընտրությունների հանդեպ։

-Սպասում ենք Հայաստան երկրի ճակատագրին, էշ մի սատկի գարուն կգա, ժողովուրդը սովից սնկսնկում ա, ասում են՝     սպասեք, լավ կլինի, էլ ինչի՞ն սպասենք։ Ազգովի քաղաքականության մեջ մտան, հելան, էլ որի՞ն հավատանք։ Էս երկիրը ոնց կար, էդպես էլ մնաց, դեռ էլ ավելի վատացավ։ Գյու՞ղ ա մնացել, սաղ օրը գյուղում մարդ է մահանում, հենց հիմա գնում ենք թաղում, վաղը թաղում, քելեխով ապրող մարդիկ ենք դարձել, էսա։ Էս պստիկ գյուղը, օրական երկու-երեք թաղումի ենք մասնակցում։ Էս երկրում էլ հեռանկար չկա, ինչքան մասնակցեցինք նոր ընտրությունների, հետո համոզվեցինք, որ մեր քաղաքական դեմքերից ամեն մեկը իր մասին է մտածում։ Որ միացնում են, էս գյուղացին ի վիճակի՞ է, որ գնա հասնի կենտրոն տեղեկանք բերի, իրա հարցերը լուծի, գյուղապետարաններ էին, թողեիք աշխատեին, էս խոշորացումն էլ կազմակերպեցին, որ իրենց փորը լցնեն։ Սխա՞լ ենք ասում՝ ասե՛ք, ում սատարեցինք փուչ դուրս եկան, սաղ սուտ բաներ են։ Ուզում եք լյուբոյ գյուղ  մտեք, նույն վիճակն է, հեկտարներով հող ունենք, ոչ կարանք ցանենք, ոչ մշակենք, ջուր չեն քաշում, որ հող մշակենք։ Ցանում ենք ու ոչ մի բան չենք ստանում։ Մի պարկ պարարտանյութը բերում են 10 հազար դրամով կապում են ժողովրդի ջանին, դե ժողովուրդ հող մշակի ապրի, սայլարկեն 10 հազար դե ցանի ժողովուրդ, ժողովուրդը ո՞նց անի։ Ասում են ապագա կա, իրար մեջ են արել արդեն էս երկիրը, էս երկրի հետ խա՞ղ եք անում, արա՛։ Հիմա էլ Ռոմանոսի բարեկամին են ուզում խոշոր համայնքի ղեկավար դարձնեն, Նոր Գեղիի գյուղապետին, խա՞ղ եք անում այ մարդ, ռոմանոսները, որ գան մեզ ղեկավար մեր հալն էլ էս կլինի,- հիասթափված ներկայացնում են քարաշամբցիները շտապելով մասնակցելու համագյուղացու հուղարկավորությանը։
Արմինե Հակոբյան