«Սա մանուկների ուրախության ծրագիրն է, նպատակը՝ երեխաների մոտ արվեստի հանդեպ սեր սերմանելը»

12/10/2021 22:02
«Սա մանուկների ուրախության ծրագիրն է, նպատակը՝ երեխաների մոտ արվեստի հանդեպ սեր սերմանելը»

Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»ը։ Օրերս,  հիմնադրամը՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (ՅՈՒՆԻՄԱ Հայաստանի) հետ միասին Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր դպրոցի երեխաների համար ցուցադրեցին Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» տիկնիկային ներկայացումը, որը համեմված էր կրթադաստիարակչական ծրագրով, երգ ու պարերով՝ աշակերտների ներգրավվածությամբ։


«Կարապետ շրջիկ թատրոնի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Կարապետ Բալյանի խոսքով, ծրագրի նպատակը ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ համայնքներով, կրթական ու լուսավորչական թեմատիկաներով ներկայացումներ ցուցադրելն է՝ ծայրամասերում ապրող երեխաներին մշակույթին սերտ պահելու, տիկնիկային թատրոնը ներկայացնելու համար։

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Գեւորգ Աբոյանի ներկայացմամբ, հիմնադրամը նպատակ է հետապնդում սահմանամերձ ու հեռավոր գյուղերում ապրող երեխաներին հասցնել, որ իրենք միայն աշխարհագրական դիրքով են հեռու մայրաքաղաքից, իսկ իրականում իրենք հասարակության մի մասնիկն են, հոգեւոր ու մշակութային կարեւոր առանցքներից մեկը։

Իսկ թե ինչու՞ է ընտրությունը կանգ առել Խաչաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի վրա, Գ․ Աբոյանը տեղեկացրեց, որ դպրոցի հետ համագործակցությունն ավանդույթ է ձեռք բերել, նախկինում կատարված աշխատանքների շնորհիվ։
-Արվեստի լեզուն շատ ավելի ընդգրկուն է, արվեստով եթե տպավորես ու զգացմունք ծնես, այն պարտադիր հետեւանք կունենա,- ասում է Գեւորգ Աբոյանը,- Սա մանուկների ուրախության ծրագիրն է, նպատակը երեխաների մոտ արվեստը սիրելու, մասնագիտությունը ընտրելու հնարավորթյուն տալ։


-«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ը դպրոցի զարգացման երեք ծրագիր է իրականացրել՝ բակի տարածքի բարեկարգում,  փոքր ֆինանսավորմամբ, բայց մեծ նշանակությամբ՝ դասասենյակների վերանորոգում։ Արվեստի բնօրրան դարձած մի դասասենյակ, որտեղ  երեխաները կարողանալու են նկարչություն, կավագործություն եւ արվեստի այլ ճյուղեր ուսումնասիրել ու սովորել,- տեղեկացրեց Գ․ Աբոյանը, նշելով, որ ծրագրերը շարունակական են լինելու, քանի որ հանձինս դպրոցի տնօրեն Աննա Դանիելյանի, իրենք վստահելի գործընկեր են ձեռք բերել,-  Դպրոցի հետ աշխատելը բարձր ենք գնահատում, մենք տալիս ենք գումար ակնկալելով մեկ գործ, գալիս ենք ու տեսնում արված երկուսը։ Դա հետեւանք է այն բանի, որ դպրոցի տնօրինությունը կարեւորելով հանրային շահը նպատակային է ծախսում միջոցները, իր ունեցած խնայողությունների հաշվին ավելացնելով ու ընդլայնելով աշխատանքները։

Օբյեկտիվ լինելով փաստենք, որ Խաչաղբյուրի Կարինե Գեւորգյանի անունը կրող միջնակարգ դպրոցը հիշեցնում է մեծ շինհրապարակ, որտեղ բնականոն դասապրոցեսին ուղեկցում են բարեկարգման ու զարգացման աշխատանքները, որի վառ ապացույցն է նաեւ կրթօջախի հպարտությունը դարձած գրադարանը։
Ինչպես խաչաղբյուրցիներն են համոզված պնդում․ «Հլը ու՜ր եք, ռայոնի լավագույն դպրոցն ենք դառնալու»։
Ա․ Գրիգորյան