«Արենին Հայաստանի Իտալիան է, բայց այստեղ էլ կա․․․»

10/10/2021 23:36
«Արենին Հայաստանի Իտալիան է, բայց այստեղ էլ կա․․․»

Սահմանամերձ Արենիում մի քանի օր է ինչ սկսվել է խաղողի բերքահավաքը։ Սահմանից 500 մետր հեռավորությունից մարդիկ բերք են հավաքում եւ հետն էլ հպարտանում։
-Մեր բերքը՝ խաղողը, դեղձը, պղպեղը, որ աճեցնում ենք բրենդային դարձած միրգ ու բանջարեղեն են։ Արենիում սոցիալապես անապահով մարդ չես տեսնի, աշխատող են, համ էլ մեր գյուղի հողերը այնքան բերրի են ու թանկ, որ ասում ենք Արենին Հայաստանի Իտալիան է։ 90-ական արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ մեր գյուղի վրա գրադներով կրակում էին, բայց էլի մեր ոգին չի կոտրվել, մեր հողն ու ջուրը պետք է մշակենք ու շենացնենք,-նշում են գյուղի բնակիչները։ 
Խաղողի մթերման խնդիր ունեն նաեւ այստեղ, սակայն, ըստ Արենիում ապրող տեղաբնակների, գինու գործարանները մթերում են բերքը, կամ դժվարությամբ արտահանում են։
-Մթերման հետ կապված, իհարկե, խնդիր կա, բայց մեկ ամսից երեւի բոլորս էլ կհասցնենք հանձնենք գործարաններին։ Մենակ մեր մոտ ծիրանի համար բարենպաստ պայմաններ չկան, կարող է 4-5 տարին մեկ ծիրանի լավ բերք հավաքենք։ Ու հետո էլ տուրիստների հետ առեւտուրը մեր մոտ շատ է, գալիս են հիմնականում Արենի գինու գործարանի գինիներից են օգտվում։ Տնականը քիչ է իրացվում, գնում են գործարանային գինուց են օգտվում, ասում են այնտեղ  համեղ են ուտելիքները, աշխատողները ռուսերենին, անգլերենին լավ են տիրարպետում, դրա համար մեր ճանապարհին կանգնածներից գինին քիչ է ծախվում,-պատմում են առեւտրով զբաղվողները։
Արմինե Մանուկյան