Խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի կունենան համամասնական ընտրություններ

07/10/2021 12:59
Խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի կունենան համամասնական ընտրություններ

Հայաստանում խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ: ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:
«Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում: Երեկ որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,-   հոկտեմբերի 7-ի Կառավարության նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ տեղեկացրել է, որ նախորդ օրը 2 որոշում են կայացրել:
«Դա իսկապես կապված էր ժամկետների պահպանության հետ՝ հատկապես նկատի ունենալով, որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Ունենք ընտրությունների անցկացման երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5. Արդյունքում, ՀՀ-ում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին, և 5 բնակավայրեր, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել»,-ասաց նախարարը:
79 համայնքից 7-ը որևէ մեկի հետ միավորված չեն լինի, մնացած 72-ն ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են:
«Երեկ ընդունված առաջին որոշմամբ 441 համայնք միավորում ենք 38 համայնքային միավորի փնջերի մեջ»,-ասել է Սանոսյանը:
Փաշինյանը հավելեց՝ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ընտրություններ: Խոշորացվել են, օրինակ, Աշտարակ, Ապարան, Թալին համայնքները, որտեղ սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունենալու ընտրություններ Արարատի մարզում խոշորացվել են Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքները, որտեղ ևս ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:
Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում:  Դրանք են՝ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզում՝ Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի, Արմավիրի մարզում՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզ՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզ՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզ՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան:
«Նախորդ օրը կայացված երկրորդ որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ ընտրողների թիվն այս երկու համայնքներում 4000-ից քիչ է, այդ երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն, երկուսն էլ՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված: Բայց խոշորացվող համայնքներում նույնպես ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին»,-ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Տեղում, Մեղրիում, Դիլիջանում, մեծամասնական ընտրակարգով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովա համայնքներում: Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Իջևան, Ստեփանավան և Կապան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արզնի և Լերմոնտովա համայնքներում:
Փաշինյանը պարզաբանեց՝ օրինակ, Իջևան, Ստեփանավան, Կապան համայնքներն արդեն խոշորացված են, և ընտրություններով ոչ թե խոշորացման որոշումն է կայացվելու կամ չկայացվելու, այլ միասնական ընտրությունների հերթական փուլն է: Նա հիշեցրեց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու են բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:
«Առանձնահատկությունն այն է, որ սրանով, ըստ էության, խոշորացման այս փուլն ամփոփվում է: Խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: Հիշեցնեմ, որ խոշորացված համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է: Բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է քաղաքապետն ընտրվել և՛ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»,-ասել է Փաշինյանը: