Հայաստանում խմելու ջուրը խնդիր է դարձել. ահազանգ

20/08/2021 20:04
Հայաստանում խմելու ջուրը խնդիր է դարձել. ահազանգ

Շիրակի մարզի Մեծ Մանթաշի ջրամբարի շուրջ ստեղծված թնջուկը տարիների հետ ավելի ու ավելի է խորացել։ Ջրամբարից սնվող Արթիկի տարածաշրջանի ազգաբնակչության համար խմելու եւ ոռոգման ջուրը դարձել է գերխնդիր։ Խմելու ջրի բացակայության պատճառով խմբագրություն են ահազանգել՝ Սպանդարյան, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն համայնքների բնակիչները եւ փոխանցել, որ տեւական ժամանակ է ինչ վերը նշված համայնքները զրկված են ջրամատակարարումից։

Ըստ «Վիոլա ջուր» ՓԲԸ  բնակիչ բաժանորդների, հուսահատված  դիմում են համայնքապետարաններ, որպեսզի գյուղերի պատասխանատուները խմելու ջրի խնդրով հետաքրքրվեն։ Մարդիկ տարակուսած են՝ չգիտեն էլ որտե՞ղ դիմեն, որպեսզի իրենց ձայնը հասանելի լինի,  ճանապարհ փակելն էլ այլեւս մոդայիկ չէ։ Մարզային իշխանություններն էլ բացակա հայացքներով դիմավորում եւ ճանապարհում են այս խնդրով իրենց դիմող քաղաքացիներին։
-Համայնքի ղեկավարներն էլ ասում են դիմել ենք «Վիոլա ջուր» ընկերության մեզ պատասխանել են, որ ջրային կոմիտեի կողմից կատարվել է Մանթաշի ջրամբարից մատակարարվող խմելու ջրի քանակի պակասեցում։ Ի՞նչ պակասեցում՝ չենք հասկանում, ինչի՞ համար։ Վերջապես գյուղացին էլ է մարդ, բավական է մարդկանց հոգեվիճակների հետ խաղաք։ Ընկնում ենք գյուղ-գյուղ, որ ջուր բերենք լողանանք,Նոր Կյանքի ճանապարհի պուլպուլակից ենք ջուր բերում, որ օգտագործենք, ամեն օր էդ ջուրը կա։ Ամոթ է՝ վերջապես 21-րդ դարում ենք ապրում, խմելու ջուրն ի՞նչ է պռոբլեմ են դարձրել։ Հարուստների՝ ձկնաբուծարանների համար ջուր կա, երկիրը պահող գյուղացու համար չկա՞։ Էդ ջրամբարը ումն է գիտե՞ք, Լեւոն Տեր-Պետրոսյանինը,  սովետը փլվեց ժողովրդի հարստությունները վայ ղեկավարների թեթեւ ձեռքով իրար մեջ արին ու մինչեւ հիմա խելքի չենք գալիս։  Էդ էլ հո թշնամին չարե՞ց, մենք արինք չէ՞, ջուրն էլ են չափաբաժնով տալիս, էդպիսի ուրիշ երկիր կա՞, դե ասեք։ Հելնենք ճամփա փակենք, որ լսե՞ն,-դժգոհում են գյուղերում մարդիկ։
Հերմինե Մանուկյան