Հնաբերդի խնդիրների մեջ թաղված դպրոցը զերծ կմնա՞ քաղաքական ինտրիգներից

02/04/2021 18:33
Հնաբերդի խնդիրների մեջ թաղված դպրոցը զերծ կմնա՞ քաղաքական ինտրիգներից

Ապրիլի 5-ին, Արագածոտնի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված է մրցույթ, որին հայտ է ներկայացրել միայն դպրոցի նախկին տնօրեն Նելսիդա Նիկողոսյանը:
Ըստ մարզային մեր աղբյուրների, մարզպետ Դավիթ Գեւորգյանը ցանկացել է մրցույթին անցկացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Ասատրյանին, սակայն վերջինս տապալել է հավաստագիր ստանալու քննությունը եւ հնարավորություն չունի մասնակցելու մրցույթին:
Ըստ տարածաշրջանում տարածված լուրերի, մարզպետը փորձելու է տապալել ապրիլի 5-ին կայանալիք մրցույթը՝ հնարավորություն տալով Վ. Ասատրյանին նորից քննություն հանձնել ու ստանալ տնօրենի հավաստագիր:
Այս հարցերի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ տնօրենի Ժ/Պ Վ. Ասատրյանից եւ Ն. Նիկողոսյանից, վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ չունի տնօրենի Ժ/Պ գրավոր թույլտվությունը:
-Մեզ արգելված է հարցազրույց տալ, կարող եմ ձեր հարցերին պատասխանել միայն մի դեպքում, երբ Վարդգես Ասատրյանը կտա գրավոր համաձայնություն,- ասաց նախկին տնօրենը:
Դպրոցի տնօրենի Ժ/Պ-ն, ով լրագրողիս ուղեկցել էր Ն. Նիկողոսյանի աշխատասենյակ, վայրկյանների ընթացքում անէացավ, եւ միայն հայտնվեց հեռախոսով հրահանգներ ստանալուց հետո:
Իր անհետացումը արդարացնելով հաշվապահին թղթեր փոխանցելու պատրվակով, Վ. Ասատրյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անում է, որ դպրոցում լարվածություն չլինի: Չթաքցնելով, որ  ինքն ունեցել է հավակնություն՝ դառնալ դպրոցի տնօրեն, ասաց.
-Քանի որ տնօրենի թեկնածուն մեկն է, մրցակցություն չկա, աշխատում ենք խաղաղ պայմաններում, առանց ավելորդ խոսակցությունների: Ինչ վերաբերվում է Նելսիդա Նիկողոսյանին գրավոր թույլտվություն տալուն՝ չեմ կարող՝ դա կլինի նրա սահմանադրական իրավունքների խախտում,- պատասխանեց Վ. Ասատրյանը: