Հայկաշենի վթարային դպրոցը պետական աջակցության կարիք ունի

01/04/2021 18:13
Հայկաշենի վթարային դպրոցը պետական աջակցության կարիք ունի

Օրերս, Արմավիրի մարզի, Հայկաշեն համայնքի  Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցում, գրկաբաց  ընդունեցին հարեւան՝ Հովտաշեն համայնքի միջնակարգ դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ, զինվորականի մասնագիտությամբ, իրենց համագյուղացի Շանթ Ավդալյանին՝ դպրոցի տնօրենի պաշտոնում:
Շենքային անմխիթար պայմաններում գտնվող դպրոցում հավատում են, որ տնօրենի փոփոխությունից հետո, ամեն օր քայքայվող կրթօջախում եւս կլինեն դրական տեղաշարժեր:


Հատկապես, մանկավարժական  եւ ծնողական խորհրդի գնահատմամբ, հուսադրող է եղել նորանշանակ տնօրենի դպրոցի զարգացման ծրագիրը
-Գիտե՞ք, կարեւորը, որ տնօրենը զարգացման ծրագիրը իրատեսական էր եւ շոշափելի, ոչ թե գեղեցիկ խոսքերից կազմված դատարկ տեքստ,- ներկայացրեց մանկավարժներից մեկը:
Ծնողներին հատկապես ոգեւորել էր, որ տնօրենի զարգացման ծրագրում ներառված է լոկալ ջեռուցումը եւ դպրոցի ճաշարանի հիմնանորոգումը, ինչի արդյունքում դպրոցում կգործի նաեւ տաք սնունդ ծրագիրը:
Ըստ նորանշանակ տնօրեն Շանթ Ավդալյանի, դպրոցը միայն վերջերս է լիցենզավորում ստացել, եւ այժմ հնարավոր է ստուգել դպրոցի սեյսմոկայունությունը:


-Անզեն աչքով էլ երեւում է, որ դպրոցն ունի սեյսմիկ խնդիրներ, եւ ավելի նպատակահարմար է նոր դպրոց կառուցելը, ինչն առանց պետական եւ համայնքային աջակցության, հնարավոր չէ իրականացնել:
Տնօրենի փոխանցմամբ, գործող դպրոցի տարածքում հնարավոր է նոր, մինչեւ 120 հոգանոց դպրոց կառուցել:



Հ.Գ. Դպրոցում աչք ծակեց պատմության փառքի պատը՝ նվիրված տարբեր ժամանակների մեր ազգային հերոսներին: Պարզվում է, որ դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Սերոբյանն իր ձեռքերով, պատի թերությունները ծածկել է Հայ ժողովրդի հերոսական անցյալն արձանագրող ցուցանակներով, իսկ իր դասարանին հաղորդել հայրենասիրություն՝ որը փոխանցվում է դպրոցի սաներին:
Ա.Խ.