Վահեն, Կարենը, Սուրենը, Մանվելն ու Դավիթն, այսուհետ հայրենակիցների խախաղ անդորրը կհսկեն բարձր բլուրից

26/03/2021 13:34
Վահեն, Կարենը, Սուրենը, Մանվելն ու Դավիթն, այսուհետ հայրենակիցների խախաղ անդորրը կհսկեն  բարձր բլուրից

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքը, ի թիվս ՀՀ բոլոր բնակավայրերի, եւս սգում է որդիների մահը: Հինգ զինծառայող է կորցրել գյուղը, տասնմեկ վիրավորներ ունի: Վիրավոր գազանի նման՝ վերքը լիզելով ու կորուստը լալով, համայնքը հավերժացնում է իր զոհերի հիշատակը:
Իր աշխատասիրությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող Լեռնագոգ համայնքի  երիտասարդ կամավորականները՝ Արամի եւ Արգամի նախաձեռնությամբ, որոշել են համայնքի սկզբնամասի մի բարձր բլուրի վրա կառուցել, 44-օրյա պատերազմում զոհված ընկերների՝ Վահեի, Կարենի, Սուրենի, Մանվելի ու Դավթի հիշատակը հավերժացնող պուրակ:  


Ամբողջ համայնքը մասնակցում է պուրակի կառուցման աշխատանքներին՝ անձնական ֆինանսական միջոցների, աշխատուժի, սնունդի ու շինանյութի ապահովման հարցում:
-Մեղվի փեթակ է մեր գյուղը,- ներկայացնում են լեռնագոգցիները,- Մեր մեջ առավելություններ ունեցող մարդիկ չկան, մենք սասունցիներ ենք՝ մեր հող ու ջրին նվիրված մարդիկ: Մեր հողի համար կռիվ տված ու նահատակված մեր հերոսների համար սա ամենաքիչն է, որ կարող ենք անել՝ մեր ու մանուկ մասնակցում ենք աշխատանքներին:
Համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանի փոխանցմամբ, պուրակի կառուցման համար համայնքային բյուջեից ոչ մի գումար չի հատկացվել, ինքն էլ ինչպես համայնքի բոլոր բնակիչները, անձնական միջոցներից է ներդրում ունեցել: Համայնքապետը տեղեկացրեց, որ պուրակում կառուցվում է մատուռ եւ ծառատունկ է կազմակերպվելու:
-Պատերազմում նահատակված մեր հինգ հերոսներին հուղարկավորել ենք համայնքային գերեզմանոցում, պուրակում տեղադրված են նրանց նկարներով հուշաքարերն ու խաչքարը: Արդեն խաչ է տեղադրված, մատուռի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջնային աշխատանքներից է ջրագծի անցկացումը եւ ծառատունկը,- ասաց Ս. Մարգարյանը:
Տեղեկացանք նաեւ, որ Լեռնագոգ են տեղափոխվել Արցախից տեղահանված թվով 33 քաղաքացիներ, որոնց կացության եւ կենցաղային խնդիրները համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են:

-Լավ, նորմալ ժողովուրդ են մեր «նոր գյուղացիները»,-պատմում են Լեռնագոգի բնակիչները,- Բոլորիս ցավը նույնն է՝ հայրենիք ու զավակներ ենք կորցրել, պետք է միասնական լինենք, որ պատվով դուրս գանք ու մեր մեջ հաղթենք այդ ցավը, որ վերականգնենք մեր կորուստները,- եզրափակում են լեռնագոգցիները: