Բանդա է նստած այսօր Հայաստանի գլխին, իսկ բանդայի դեմ որեւէ երկրում Սահմանադրությամբ չեն պայքարում. Նահապետյան

15/03/2021 08:00
Բանդա է նստած այսօր Հայաստանի գլխին, իսկ բանդայի դեմ որեւէ երկրում Սահմանադրությամբ չեն պայքարում. Նահապետյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի շուրջ աղմուկը, համենայնդեպս, ժամանակավորապես հանգուցալուծվեց, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից Հայրենիքի փրկության շարժման սպասումները մնացին չարդարացված: Դեռ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Իսկ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում ասաց, թե իր ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԸ Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ԱՆԵՐԿԲԱ ԱՍՈՒՄ Է` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՀԱՆՁՆԵԼՈՒ»

– Պարոն Նահապետյան, սպասելի՞ էր Ձեզ համար, որ իշխանությունն այդպես հեշտությամբ կազատվի Օնիկ Գասպարյանից:
– Սպասելի էր նաեւ` Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի` Արմեն Սարգսյանի դիրքորոշումից ելնելով: Պարզվեց, որ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու ոչ այն, ինչի մասին ընդդիմությունը, փորձագետները, իրավաբաններն ասում էին: Այսպիսով` Փաշինյան Նիկոլը ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ զինված ուժերին աներկբա ասում է` իշխանությունը չեմ հանձնելու: Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունների նպատակը լիցքաթափելն է, որոնք մերթընդմերթ քարոզչական դաշտ է նետվում օրվա իշխանությունների կողմից: Այսինքն` երբ ճգնաժամային վիճակ է առաջանում կամ դրա նախադրյալները կան, լիցքաթափելու համար խայծ է տրվում, թե` արտահերթ ընտրությունների պատրաստվեք: Քաղաքական ուժերը, ընդդիմությունը փորձ է անում պատրաստվել եւ այդ ժամանակ, երբ Փաշինյան Նիկոլի դիրքերը ուժեղանում են, բնականաբար, ինչպես հատուկ է պրոֆեսիոնալ ստախոսի, նա մոռանում է իր ասածները եւ կատարում է այլ քայլեր:
– Շատերը սպասում էին, թե Օնիկ Գասպարյանը տանկերով գալու է Բաղրամյան պողոտա, լինելու է ռազմական հեղաշրջում, սակայն ԳՇ հայտնի հայտարարությանը որեւէ գործողություն այդպես էլ չհաջորդեց: Ինչո՞ւ:
– Հիմա ՀՀ-ում ռազմական դրություն է, որի ժամանակ զինված ուժերը միայն բանակը չէ, այլ գործող իրավական ակտերի համաձայն` ԶՈւ-ի մաս են կազմում ոստիկանության ներքին զորքերը, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունը: Ներքին զորքերի հրամկազմը ռազմական դրության ժամանակ ենթարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Ուստի` եթե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կեցվածք է դրսեւորում, հայտարարություն է տարածում, որին միանում են Զինված ուժերի ծառայությունների պետերը, բանակային կորպուսի, այնուհետեւ զորամասի հրամանատարները, ապա դրանից հետո շատ ակնհայտ պետք է լիներ, որ Ներքին զորքերը միայն բացառիկ դեպքերում կարող էին մայրաքաղաք մտնել: Նրանք ընդհանրապես պետք է չլինեին այդ հանրահավաքներին: Իսկ դուք, վստահ եմ, տեսել եք Ներքին զորքերի ծառայողներին, որոնք հանրահավաքների ժամանակ որոշակի դերակատարում ունեն: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ենթակա Ներքին զորքերը Երեւանում եւ ի՞նչ գործառույթ են կատարում: Ինչո՞ւ Գլխավոր շտաբի պետը հանձնարարական չէր տալիս, որ նրանք չգային: Այսինքն` այստեղից կարող ենք հետեւություն անել, որ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ Գլխավոր շտաբի պետը նվազագույնը թերանում էր կամ օրենքով իրեն ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումն իր հրամանները չէր կատարում: Երրորդ տարբերակ չկա: Եվ տանկեր չէ, որ պետք է մայրաքաղաք մտնեին, այլ ուղղակի Գլխավոր շտաբի պետը պետք է իր գործառույթն իրականացներ եւ նախեւառաջ Ներքին զորքերն ընդհանրապես չպետք է լինեին քաղաքի կենտրոնում: Ամեն դեպքում, կարծում եմ` ԳՇ-ն արեց առավելագույնը, որովհետեւ տվեց գնահատական ե՛ւ օրվա իշխանությունների դիլետանտ կառավարման, ե՛ւ բացթողումների ու արտաքին հարաբերություններում ձախողումների մասին:

«ԵԹԵ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԲԱՆԴԱՅԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՊԱ ՈՒԺԻ ՕՐԵՆՔՈՎ ՊԵՏՔ Է ԶԻՆԱԹԱՓՎԵՆ»


– Այդպիսի գնահատական տվել էին` կուսակցություններից սկսած` կաթողիկոսներով ու ԳԱԱ-ով վերջացրած: Ինչո՞վ տարբերվեց այդ շարքում Գլխավոր շտաբի հայտարարությունը, եթե ոչ միայն դրան գործողություն չէր հաջորդելու, այլեւ ընդունելու էին Փաշինյանին:
– Այդ հայտարարությունից հետո օրենքի դաշտում ԳՇ-ն որեւիցե այլ գործողություն իրավունք էլ չուներ անելու, բայց եկեք այս ամենը դիտարկենք մեկ այլ հարթության մեջ: Օրվա իշխանությունը  սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը բռնազավթել է, ինչի վերաբերյալ բազում օրինակներ կան` սկսած Ռադիոտան գրավումից, որը պետական պահպանության հատուկ օբյեկտ է, բայց դրանից հետո Փաշինյան Նիկոլն իր պատգամավորական անձեռնմխելիությունից չզրկվեց եւ չդատապարտվեց, վերջացրած ԱԺ շրջափակումով եւ օդանավակայանի մուտքը փակելով, որոնք եւս հատուկ պահպանության տարածքներ են: Իշխանությունը վերցնելուց հետո` առ այսօր իրենք անում են գործողություններ, որոնք հաճախ մեր գործող օրենքներին, նորմատիվ ակտերին եւ Սահմանադրությանը հակասում են: Օրվա իշխանություններն իրականում իրենց օրենքից վեր են դասում եւ իրենց համար, միեւնույնն է, թե ինչ է գրված: Կարեւորում են, թե իրենք ինչպես են ցանկանում, եւ իրենց նպատակին հասնելու համար ինչ քայլեր պետք է անել: Իրականում` ճիշտ է, մարդու արարքը իրավական առումով դատարանն է որոշում` որպես հանցագործ որ հոդվածով որակում տա, բայց զուտ քարոզչական իմաստով հաշվի առնելով, որ իշխանությունը բռնազավթելուց առ այսօր որքան շատ են իրենց կողմից օրենքների խախտումը` կարող ենք գնահատել, որ այդ մարդիկ հանցագործներ են: Այո՛, հանցագործների միավոր է այսօր Հայաստանի գլխին նստած, ընդ որում` կազմակերպված հանցագործների: Այսինքն` սա բանդա է, որն ունի իշխանական լծակներ: Ուստի` տեսե՞լ եք, որ բանդայի դեմ սահմանադրությամբ պայքարեն որեւէ երկրում: Սովորաբար ուժի օրենքով սկզբից զինաթափում են բանդային, հետո` օրենքի ուժով դատում: Հիմա եթե օրվա իշխանություններն իրենց պահում են բանդայի տրամաբանության մեջ, ապա ուժի օրենքով պետք է զինաթափվեն: Այնպես որ, Գասպարյան Օնիկը պետք է դիմեր ուժի օրենքին, առավել եւս, որ այդ բանդան հասկանում է միայն մեկ լեզու` ուժի լեզուն:


– ԳՇ հայտարարությունը բավական խիստ էր, եւ եթե իրավիճակն իսկապես օրհասական է, ինչո՞ւ բանակը չի պաշտպանում իր ազգին, այլ ազգովի փորձում ենք պաշտպանել բանակին` Նիկոլ Փաշինյանից:
– Այդ հարցը պետք է ուղղեք Օնիկ Գասպարյանին, հատկապես, որ իր վերջին ուղերձում նա, փաստորեն, իր ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին այլ կարգավիճակով է շարունակելու: Իսկապես, հարցը տրամաբանական է եւ կարքի ունի պարզաբանման:
«ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ «ԳԼԽԱՏՈՒՄԸ»


– Փաստորեն, ստացվեց այնպես, որ ԶՈւ ԳՇ-ից այլեւս որեւէ հույս չպե՞տք է ունենալ, թե իրավիճակը կշտկեն` հաշվի առնելով, որ ԳՇ վերջին հայտարարության համաձայն, իրենք գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վերջին ուղերձում հնչած հորդորը վերցնում են` որպես հանձնարարական, այսինքն` շարունակելու են ծառայությանը, ու որեւէ մեկը չի պատրաստվում լքել պաշտոնն ու իր աթոռը:
– Առաջին հայացքից է այդպես, բայց նաեւ հիշեք, որ զինված ուժերի ղեկավար կազմը` ծառայությունների պետերը, բանակային կորպուսի հրամանատարները, զորամասի հրամանատարները ոչ թե միացել էին Օնիկ Գասպարյանին, այլ իրենց համաձայնությունն էին տվել այն հայտարարությանը, որը հրապարակվել էր Գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ: Հետեւաբար, այդ մարդկանց կարծիքը չի փոխվել: Մասնավորապես` այդ հայտարարության մեջ ասված էր, որ կադրային քաղաքականությունը Փաշինյան Նիկոլն իրականացնում է` հիմնվելով միայն անձնական եւ հավակնոտ զգացմունքների վրա: Իսկ պատերազմող երկրում նման որոշումներ կայացնելը հղի է մեծ սխալներով: Նշված էր նաեւ, որ ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ` հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Հիմա, ենթադրենք, Օնիկ Գասպարյանն այլեւս ԳՇ պետի պաշտոնին չէ, մեկ ուրիշն է գալիս, փոխվո՞ւմ է Փաշինյան Նիկոլի եւ կառավարության ունակությունը` համարժեք որոշումններ կայացնելու հետ կապված: Իհարկե` ոչ:  Նույն հայտարարության մեջ նաեւ շեշտվում է, որ Զինված ուժերի դեմ իշխանությունների կողմից կատարվող քարոզչական աշխատանքը նպատակ ունի վարկաբեկելու եւ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ասենք, Օնիկ Գասպարյանն էլ ԳՇ պետ չէ, այս կետերը փոխվո՞ւմ է: Զինված ուժերը պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ, նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, եւ այն սպաները, գեներալները, բարձրաստիճան ծառայությունների պետերը, որոնք այսօր իրենց գործառույթներով ՀՀ սահմաններն են պահում եւ երկրի տարածքային ամբողջականությունը, իրենց այս մոտեցումը չի փոխվել, չի փոխվում եւ չի էլ փոխվելու, որովհետեւ ստորագրել են այդ կետերի տակ: Հետեւաբար, Փաշինյան Նիկոլին մի բան է մնում` ուղղակի ազատվել այդ հայտնի հայտարարությունը ստորագրած անձանցից` տարբեր պատրվակներով: Օրինակ` պատերազմի պարտության պատճառները բարդելով նրանց վրա եւ քրեական գործեր հարուցելով: Ասենք, ասել, թե զենքի առեւտրի հետ կապված հայտնի Պատրոն Դավոյի հետ փոխկապակցված անձինք են, չէ որ Հատուկ քննչական ծառայությունն արդեն  մասնագիտացել է գործեր «կարելու» մեջ եւ ցանկացած թիրախ, որն իր առջեւ վարչապետ կոչեցյալի կողմից կտրվի, կկատարեն: Այնպես որ, հաջորդ քայլը լինելու է զինված ուժերի ղեկավար կազմի գլխատումը: Իսկ զինված ուժերի հիմնանական սյունը բանակն է, հետեւաբար բանակի գլխատումն է լինելու: 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: