Սյունիքի համայնքապետերի կոչը

27/02/2021 00:40
Սյունիքի համայնքապետերի կոչը

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված  հայտարարությունը շրջադարձային է, այն ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության և ժողովրդի շահերից ելնելով: Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել,  իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը:


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանը ֆեյսբուքում գրել է.

Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում։
Քաջարանի համայնքապետ Մանվեր Փարամազյանը գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը  ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ  որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։ Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում,  որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․
«Կոչ եմ անում բոլորիդ, վաղը`փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, ներկա գտնվելու Գարեգին Նժդեհի անվան հրապարակում (շատրվանների մոտ) կայանալիք հանրահավաքին`քննարկելու երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Ես անձամբ հանդես եմ գալու խոսքով և ներկայացնելու եմ իմ պատկերացումները` երկրում կատարվող իրադարձությունների և քաղաքական ներկայիս իրավիճակի վերաբերյալ»։


Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայրենակիցնե՛ր, Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, իմ նկատմամաբ քաղաքական համակրություն ու հակակրություն ունեցող քաղաքացիներ
Այսօր մենք կանգնած ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին։ Իրավիճակն իրապես ծայրահեղ է, որովհետև մի կողմից պետական ապարատն է պարալիզացված, մյուս կողմից ամենօրյա մարտահրավերներն են մեր դուռը թակում, իսկ մեկ այլ կողմից վարչապետի աթոռին հայտնված և երկիրն այս օրին հասցրած անձն իր ամեն մի խոսքով, ելույթով գրգռում է առանց այդ էլ շիկացած վիճակը։
Կցանականայի իմ, համայնքի ավագանու և թիմակիցներիս անվերապահ աջակցությունը հայտնել ՀՀ ԳՇ-ին և Օնիկ Գասպարյանին։ Մարդու, որի կենսագրությունը, անցած ճանապարհն ամբողջապես պետական այրի վարքի դրսևորման լավագույն օրինակ է։
Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, չեմ խուսափում ասել՝ էլիտա, ունենեցել և ունի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ներդրում, և ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր ( առօրյա խոսակցականում ասում ենք՝ քյալլագյոզ), որոշումներում՝ իմպուլսիվ, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ, տեսնել նրա քաղաքական կուրսը, որը տանում է անդունդ։
Հայոց բանակի ու սպայի կողքին եմ, նրա զինվորն եմ և ամեն պահի պատրաստ եմ սատարել նրան»։