Զանգ Կառավարության թեժ գծին

11/02/2021 10:38
Զանգ Կառավարության թեժ գծին

֊Ալյոոոոոոոոոոո։
֊Ալո, լսում եմ։
֊Ալյյյյօօօօօօօօօ։
֊Լսու՜մ եմ տիկին, խոսեք... ասեք՝ ի՞նչ հարցով եք զանգահարել։
֊Աչոն ջան էս կառավարությունիցա՞։
֊Այո, այո՜... վարչապետի աշխատակազմից։ Լսում ենք Ձեզ։
֊Լսու՞մ եք... գծում էլի՞ մարդ կա։
֊Ո՛չ, ես մենակ եմ լսում... ուղղակի պաշտոնական ստացվեց՝ կառավարության անունից։
֊Աչոն ջան, վարչապետը ըտիա՞։
֊Ո՛չ մայրիկ ջան, տեղում չէ։
֊Սիրուշ դու՞ ես, ախչի էս քո համարն եմ հըվաքե՞լ։
֊Ո՜չ, Սիրուշը չէ... Լիլիթն է։
֊Դե բա հլե ասըմ ես՝ մայրիկ... ես քեզ ի՞նչ մայրիկ։
֊Լսե՜ք, տիկին...ասացեք՝ դուք ո՞վ եք և ինչ հարցով եք զանգել։
֊Անթառամն եմ, Անտառամեջ գյուղից՝ 78 տարեկան...
֊Ե՞վվվվ։
֊Ինչը՞ և... հա և չորս ամսական։ 78 տարեկան և չորս ամսական։
֊Եվը նկատի ունեմ՝ ի՞նչ հարց է Ձեզ հետաքրքրում։
֊Լսել եմ, որ Համաշխարհային Բանկից էլի վարկ եք հա՞ վերցնում։
֊Այո, այդպիսի մտադրություն կա... դե՞մ եք։
֊Բայց ինչի՞ ըտենց միանգամից կատաղած տոնով... ես ասի՝ դեմ ե՞մ։ Հարցրեցի՝ վերցնու՞մ եք։
֊Այո, վերցնելու ենք։
֊Ըհը, դե լավ է։ Կարո՞ղ եք մի 600 հազար դրամ էլ ինձ համար վերցնել, էս գոմի տանիքը ուզում եմ փոխել։
֊Ձեզ համա՞ր...
֊Հա էլի. Ձերի հետ մի քիչ էլ իմ անըմից վերցնեք։
֊Իսկ ինչու՞ դուք ՀՀ բանկերին չեք դիմում։
֊Դիմել եմ, ասում են՝ վարկային պատմություն չունես։ Դուք ունեք չէ՞... չնայած՝ 30 տարի վերցնում եք, ձերը պատմություն էլ չի՝ պատմավեպ է։
֊Դե եթե դուք վարկային պատմություն չունեք և դա է խնդիրը, փորձեք Ձեր զավակների անունով վերցնել։
֊Դա էլ եմ փորձել. Որ մեկի անունը տալիս եմ, տանում են վարկային սենյակ և ցույց տալիս պատին փակցրած մեեեեեծ նկարը՝ վրան խաչ արած։
֊Ի՞նչ ասեմ տիկին, մենք չենք կարող Ձեզ օգնել։
֊Էդ խի՞ որ... քվես Ձեզ եմ տվել։
-Հասկանու՞մ եք՝ այստեղ քվեի պահը չէ։ Ուղղակի վարկը կառավարությունն է վերցնում։
֊Դե հա թող մի քիչ էլ իմ անըմից վերցնի։
֊Դա չի լինի.Համաշխարհային Բանկը պետությունների հետ է աշխատում։
֊Այ տա, չեմ ասում՝ վարկին կից մի վարկ էլ Անթառամի համար վերցրեք։ Ասըմ եմ՝ էդ պետական վարկը մխելա մեծ վերցրեք՝ պետության անունից, հետո իմ փայը ինձ կտաք։
֊Այ տիկին, ախր անհնար բաներ եք ասում։
֊Բայց խի՞ եմ անհնար բաներ ասում. Մեր անունից վերցնում եք, ասում եմ մի քիչ շատ վերցրեք... մեր անունից վերցնելը հնարավո
՞ր է, իսկ միքիչ շատը՝ չէ՞։

֊Լսեք, տիկին.այս վարկը վերցնում ենք, որ կարողանանք ծերության թոշակ վճարել... սա գոմի վարկ չէ։
֊Դու թոշակառո
՞ւ ես, աչոն ջան։

֊Ո՜չ, թոշակառու չեմ... սա ձեզ համար ենք վերցնում։
֊Բա դա եմ ասում էս մի ժամ է. Որ, քանի որ ինձ համար եք վերցնում, մի քիչ շատ վերցրեք։
֊Չենք կարող՝ հավատացե՜ք։
֊Այ մարդ, էդ ոնցա՞ իմ թոշակի համար կարող եք, բայց իմ գոմի համար չեք կարող։
֊Որովհետև Ձեզ որ թոշակ չտանք՝ սովից կմահանաք։
֊Ո՞վ է ասում։ Հակառակ՝ Ձեր թոշակով հա՜մ ես կմահանամ, հա՜մ էլ անձրևի տակին անասուններս կսատկեն։ Բայց, որ անասունին անձրևից փրկենք, նրանց տվածով գուցե ես ապրեմ... Ձեր տված թոշակը... հրես կեսը գնաց քո հետ անկապ խոսալու վրա.... Տնաշեններ, որոշել եք մեր անունից վարկ վերցնել ու հլա չեք էլ թողնում՝ գոնե մենք որոշենք՝ ինչի համար...տուուու, տուուու...

Հեքիաթասաց՝ Արմեն Արգինյան