Մոսկվայի և Կարսի պայմանագրերի և որոշ այլ պատմական և արդիական իրողությունների մասին՝ համառոտ

22/01/2021 12:14
Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերի  և  որոշ  այլ  պատմական  և  արդիական  իրողությունների  մասին՝  համառոտ

Պատմական  համառոտ  ակնարկ: Կարսի  մարզը  ռուսական  պետության՝  Ցարական  Ռուսաստանի  կազմում  որպես  մարզ՝  վարչական  միավոր,  ստեղծվել  է  1877թ.  նոյեմբերի  1-ին՝  ռուս-թուրքական  1877-1878թթ.  պատերազմի  ընթացքում՝  ունեցել  է  շուրջ  19 հազ.  կմ2  տարածք: Ավելի  վաղ  ժամանակներում  այդ  տարածքը  գտնվել  է  հայկական  թագավորությունների  կազմում՝  բնիկ  հայկական՝  ազգային-պատմական  տարածք  է,  որպիսին  նաև  հայտնի  է,  ինչպես  այսօր  Ադրբեջանի  հովանավորության՝  պրոտեկտորատի,  տակ  գտնվող  Նախիջևանը՝  այսպես  կոչված  Նախիջևանի  ինքնավար  հանրապետությունը: Ի  դեպ,  մի  կարճ  ժամանակահատված  Կարսն  ու  Նախիջևանը  գտնվել  են  նաև  Հայաստանի  առաջին  հանրապետության  (1918-1920թթ.)  կազմում: 1920թ.  սեպտեմբերի  23-ին  Օսմանյան  թուրքերը  ներխուժելով  Հայաստանի  Հանրապետության  սահմաններից  ներս.  սեպտեմբերի  29-ին  գրավեցին  Սարիղամիշն  ու  Կաղզվանը,  հոկտեմբերի  30-ին՝  Կարսը,  նոյեմբերի  7-ին՝  Ալեքսանդրապոլը  (Լենինական,  Գյումրի),  նոյեմբերի  12-ին  Աղինը  (ՀԽՍՀ  Անիի  շրջանում)  և  երկու  ուղղություններով  գրոհը  զարգացրին  դեպի  Երևան: Մոսկվայի՝  1921թ.  մարտի  16-ի,  և  Կարսի՝  1921թ.  հոկտեմբերի  13-ի  պայմանագրերը  նախապատրաստելու  և  կնքելու  ժամանակ  այդ  տարածքները  թուքերի  ձեռքին  էին,  իսկ  Նախիջևանը՝  մուսաֆաթական  «Ադրբեջանի»  վերահսկողության  տակ: Այստեղ  նշենք  նաև,  որ  Թուրքիայի  հետ  1920թ.  դեկտեմբերի  2-ի՝  հետագայում  չվավերացված  Ալեքսանդրոպոլի  պայմանագրով  Հայաստանին  մնում  էր  շուրջ  10  հազ.  կմ2  տարածք.  ի  դեպ  այդ  պայմանագրով  Հայաստանի  կառավարությունն  անվավեր  էր  համարում՝  հայտարարում  նաև  Սևրի  պայմանագիրը՝  Հայաստանի  մասով:

Ինչպես  հայտնի  է  1920թ.  դեկտեմբերի  2-ին  Հայաստանի  առաջին  հանրապետության  ղեկավարությունը  կործանման  եզրին  կանգնած  Հայաստանի  իշխանությունը  հանձնեց  բոլշևիկներին՝  այսինքն՝  Հայաստանը  խորհրդայնացվեց: Մի  փոքր  ժամանակահատված՝  1921թ.  փետրվարի  18-ից  մինչև  ապրիլի  2-ը,  դաշնակցական  կառավարության  զինված  հեղաշրջման  հետևանքով  խորհրդային  իշխանությունը  երկրում  տապալվեց,  որից  հետո,  սակայն,  այն  նորից  վերականգնվեց  և  գոյություն  ունեցավ  մինչև   այսօրվա՝  Երրորդ  Հանրապետության  ստեղծումը:
Հիշատակված  պայմանագրերի  կնքման  շրջանում  Խորհրդային  Ռուսաստանը  և  Քեմալական  Թուրքիան  բավական  մերձավոր  հարաբերությունների  մեջ  էին.  հավատալով,  թե  չհավատալով,  որ  Թուրքիան  և  նրա  հովանավորության  տակ  գտնվող  Արևելակովկասյան  Իսլամական  հանրապետությունը  (հետագայի  Խորհրդային  Ադրբեջանը)  միջազգային  իմպերիալիզմի  դեմ  պայքարի  ֆորպոստն  են  Մերձավոր  Արևելքում.  Ռուսաստանը  1920թ.  նույնիսկ  զգալի  օգնություն՝  զենքով,  ոսկով  ևն,  ցույց  տվեց  Թուրքիային  Անտանտի  դաշնակից  «իմպերիալիստական»  Հունաստանի  դեմ  պայքարում: Այդ  շրջանի  թուրք-ռուսական՝  բոլշևիկյան  «սիլի-բիլիներ»-ը  բավական  նման  են  այսօրվա  Էրդողան-Պուտին  «սիլի-բիլիներ»-ին… (Որոնք,  ի  դեպ,  կարծում  եմ,  շատ  երկար  չեն  տևի,  ինչպես  այն  ժամանակ…): Հայաստանի  բուրժուական  հանրապետությունը  դիտվում  էր  որպես  իմպերիալիստական  Անտանտի՝  Անգլիա,  Ֆրանսիա,  դաշնակից  և  քեմալական  Թուրքիան  իր  գիշատչական  ծրագրերը  Հայաստանի  նկատմամբ  քողարկում  էր  այդ  կեղծ  կարգախոսով՝  հաճոյանալով  բոլշևիկյան  Ռուսաստանին: Իհարկե  Թուրքիան  կոմունիստական-բոլշևիկյան  դառնալու  որևէ  իրական  ցանկություն  չուներ  (ինչպես  որ  այսօր  նա՝  Թուրքիան,  ռուսների  հետ  եղբայրանալու  իրական  ցանկություն  չունի  և  չի  էլ  կարող  ունենալ.  Թուրքիայի  պանթուրքիստական  մտադրություններն  ամենից  շատ  հենց  Ռուսաստանին  են  վնաս.  իսկ  ինչ  վերաբերվում  է  Ադրբեջանին՝  որն  իր  պետական  ակտերում  թե՛  ցարական  և  թե՛  բոլշևիկյան  Ռուսաստանին  համարում  է  օկուպանտներ,  Ռուսաստանն  այլևս  չի  կարող  անջատել՝  կտրել  իր  եղբայր  Թուրքիայից՝  եթե  նույնիսկ  ոչ  միայն  Երևանը,   այլև  Մոսկվան  էլ  տա  թուրքերին.  կարծում  եմ  ռուսները  բոլորովին էլ  հիմար  չեն,  դա  հասկանում  են…): Թուրքերը,  հենց   ինքը  Մուստաֆա  Քեմալը,  քանիցս  երկրի  ներսում  իրենց  խոսքում  ընդգծել  են,  որ  իրենք  բնավ  էլ  բոլշևիկ՝  կոմունիստ,  դառնալու  մտադրություն  չունեն,  որ  թուրքական  ազգի  կյանքի  ու  ապագայի  երաշխիքները  կապված  են  ազգային  իդեալների  ու  սկզբունքների  հետ  (Տե՛ս  օր.՝  Երվանդ  Սարգսյան,  Դավադիր  գործարք.  Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա,  Երևան,  1995,  էջ  152-153  և  հտ.):
Մոսկվայի  «բարեկամության»  և  «եղբայրության»  պայմանագիրը  Թուրքիայի  և  ՌՍՖՍՀ-ի  միջև  կնքվեց  1921թ.  մարտի  16-ին.  պայմանագրով  ոչ  միայն  Կարսի  մարզն  էր  թողնվում  Թուրքիային,  այլև  նրան  էր  հանձնվում    Սուրմալուի  գավառը՝  մեր  ազգային-պատմական  խորհրդանիշ  Արարատ-Մասիսով՝  որպես  փոխհատուցում  Բաթումի  մարզը  Վրաստանին  տալու  դիմաց,  իսկ  Նախիջևանը՝  նույն  նկատառումով  որպես  ինքնավար  տարածք  հանձնվում  էր  Ադրբեջանի  հովանավորությանը  (Պատմության  մեջ  երևի  նման  զավեշտալի  օրինակ  չկա,  քան  Ադրբեջանի  կազմում  ադրբեջանական՝  գերազանցապես  այսօր  100%-ով,  ադրբեջանցիներով  բնակեցված  Նախիջևանի  ինքնավարությունը…): Ուշագրավ  է,  որ  Մոսկվայի  պայմանագրի  15-րդ  հոդվածով  Ռուսաստանը  պարտավորվում  էր  Անդրկովկասյան  հանրապետությունների  նկատմամբ  դիմել  քայլերի,  որպեսզի  Թուրքիայի  հետ  կնքվելիք  պայմանագրերում  անպատճառ  (պարտադիր՝  անպայման)  ճանաչվեն  Մոսկվայի  պայմանագրի  իրենց  վերաբերվող  կետերը,  այսինքն  Հայաստանը  պետք  է  առանց  առարկության  ճանաչի  Կարսի  մարզի,  Սուրմալուի  գավառի  և  Նախիջևանի  կորուստները՝  դրանց  ապօրինի  զավթումը  Թուրքիայի  և  Ադրբեջանի  կողմից.  բնականաբար,  փաստորեն,  Ռուսաստանի  հարկադրմամբ  Թուրքիայի՝  մի  կողմից,  մյուս  կողմից  Խորհրդային  Հայաստանի,  Ադրբեջանի,  Վրաստանի,  Ռուսաստանի  մասնակցությամբ  կնքված  «բարեկամության»  պայմանագրով  նախատեսված  մեզ  վերաբերվող  հոդվածները  նույնությամբ  ընդունվեցին  Կարսի  պայմանագրով  (Տե՛ս   Հայաստանը  միջազգային  դիվանագիտության  և  սովետական  արտաքին  քաղաքականության  փաստաթղթերում,  «Հայաստան»  հրատ.,  Երևան,  1972,  էջ  499-507, 517-527):
Կարսի  պայմանագիրը,  որով  Թուրքիային  անցավ  շուրջ  28 հազ.  կմ2  տարածք,  այսինքն  մոտավորապես   այնքան,  ինչքան  ներկայիս  ՀՀ-ի  տարածքն  է,  վավերացվել  է  Խորհրդային  Հայաստանի  կողմից՝  1922 թվականին,   վավերագրերը  փոխանակվել  են  Երևանում*: Ուստի  ՀՀ-ը  հաշվի  առնելով  այդ  հանգամանքը  և  այն,  որ  պայմանագրի  կնքման  ժամանակ  խախտվել  է  պայմանագրի  կողմերից  մեկի՝  Հայաստանի  նկատմամբ  իրավահավասարության  միջազգային  հիմնարար  սկզբունքը,  պայմանագիրը  կարող  է  անվավեր  ճանաչել: Ըստ  որում  դրա  համար  որևէ  «հոբելյանական»  ժամկետ՝  10  տարի,  100 տարի  (որն,  ի  դեպ,  լրանում  է  այս  տարի)՝  ժողովրդի  մեջ  շրջանառվող,  սահմանված  չէ.  պարզապես  պետք  է  զգույշ  լինել,  որ  այն  «չվերավավերացվի»՝  «մեծ  պետությունների»  հերթական  խաղերի  արդյունքում… Եվ  այսօր  պետք  է  ոչ  թե  Թուրքիա-Նախիջևան- Ադրբեջան  ճանապարհը  բացել,  այլ  Կարսի  պայմանագիրն  անվավեր  ճանաչել… Այդ  պայմանագիրն  ակնհայտ  թալանչիական  էր,  բայց  ինչպես  հետագայում  նշում  են  նաև  իրենք՝  բոլշևիկյան  ղեկավարները,  նրանք  չէին  ցանկանում  բախվել  թուրքերի  հետ՝  «փչացնել»  հարաբերությունները  նրանց  հետ,  մի  բան,  որը  ձեռնտու  կլիներ  Անգլիային  և  Ֆրանսիային: Ամեն  ինչ  կարծես  այսօրվա  նման  է՝  Ռուսաստանը  չի  ցանկանում  հարաբերությունները  «փչացնել»  Թուրքիայի  հետ,  այլապես  դա  ձեռնտու  կլիներ  Անգլիային,  ԱՄՆ-ին  ու  Ֆրանսիային.  արդյունքն  այն  է,  ինչ  առկա  է՝  բոլորին  հայտնի…
Արցախի  հարցում  և  ընդհանրապես  ազգօգուտ  որևէ  դրական  արդյունքի  հասնելու  համար  մենք  պետք  է  կարողանանք  նրբորեն  օգտվել  այդ  հակասություններից…  Իսկ  ընդհանրապես՝  եթե  խոսքը  վերաբերվում  է  Հայրենիքին,  ապա   սատանայի  հետ  էլ  կարելի  է  դաշինք  կնքել… Ռուս-ամերիկյան  հարաբերությունների  որոշակի  լարվածության  (նաև  թուրք-ամերիկյան,  թուրք-ֆրանսիական  հարաբերությունների  լարվածության)  ֆոնի  վրա  Թուրքիան  նմանվում  է  դեռևս  գեղեցկության  նախկին  հմայքը  լրիվ  չկորցրած  այն  մարմնավաճառուհուն  կամ  գոնե՝  առնվազն  Դյումայի  «Կամելիազարդ  տիկինը»  վեպի  հայտնի  հերոսուհուն,  որին  երկու  կողմերից  ոչ  մեկը  չի  ցանկանում  կորցնել… Բայց  Թուրքիան  խորամանկ  մարմնավաճառուհի  է՝  նա  կարող  է  ինքը  բոլոր  կողմերին  օգտագործել  ի  օգուտ  իրեն  և  արդյունքը  ստանալուց  հետո  հրաժարվել  բոլոր  կողմերից,  կամ  անցնել  կողմերից  մեկի  կողմը՝  ըստ  որում  անտեսելով  նրա  հետ  իր  նախորդ  «եղբայրությունը»… Մեր  խնդիրն  այն  է,  որպեսզի  այդ  վիճակից  ըստ  հնարավորին  օգտվենք  մենք  և  ոչ  թե  Թուրքիան՝  որին,  ինչպես  նաև  Ադրբեջանին  կարծես  թե  լիովին  չի  բավարարում  նույնիսկ  նոյեմբերի  9-ի  թալանչիական  համաձայնագիրն  ու  ռուսների  մուտքն  Ադրբեջան… Այսպիսի՝  առկա  պայմաններում  հատկապես  առավել  քան  հրատապ  է  դառնում  ձախողված  Փաշինյանի  ու  նրա  կառավարության  անհապաղ  հեռացումն  իշխանությունից  ու  երկրում  իմաստուն  կառավարում  սահմանելը:
Այսպիսով՝  Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերն  այսպես  կոչված  «Մեծ  պետությունների»  միջև  շահերի  բախման  արդյունքն  է,  ինչպես  և  նոյեմբերի  9-ի  և  11-ի  համաձայնագրերը  և  այստեղ՝  իմ  վերը  բերած  մարմնավաճառուհու  օրինակի  հետ  կապված,  ավելի  շատ  կարելի  է  խոսել  ոչ  թե  Թուրքիայի,  այլ  այդ  պետությունների  «անառակության»  մասին,  որի  շնորհիվ,  ի  դեպ,  Փոքր  Ասիայում  միջնադարում  հայտնվեց  Թուրքիա  պետությունը,  որն  այսօր  էլ  մնում  է  որպես  մի  չարորակ  ուռուցք  քաղաքակիրթ  մարդկության  մարմնի  վրա… Բայց  մենք  չպետք  է  անտեսենք  նաև  մյուս  կողմից՝  այդ  թվում  մեր  «բարեկամներից»  եկող  վտանգը…
Այսօր՝  Արցախյան  հիմնախնդրի  հետ  կապված,  Թուրքիան  և  նրա  փոքր  եղբայր  Ադրբեջանն  Անդրկովկասը  դարձրին  աշխարհաքաղաքական  խաղերի  մի  եռացող  կաթսա՝  հղի  աննախադեպ  ծանր  հետևանքներով. Արցախյան  հիմնախնդիրը՝  Արցախում  մնացած  մի  բուռ  հայերի  սոսկ  իրական  վիճակը  քողարկելու  առիթ  է.  այնպես  որ  իրական  վտանգները  դեռ  առջևում  են… Այսօր,  առավել  քան  երբևէ  մեզ  համար  չափազանց  վտանգավոր  են  նաև  թուրքաադրբեջանական  այն  կարգախոսները,  թե  իբրև  հայերն  ու  թուրքերը  կարող  են  հաշտ  ու  խաղաղ՝  բարեկամաբար  ու  հարևանությամբ  ապրել… Թուրքը  եկել  է  գրավել  հայի  օջախը,  մտել  նրա  տունը  և ասում  է՝  ես  պատրաստ  եմ  քեզ  հետ՝  քո  կնոջ,  քո  երեխայի,  որի  եղբոր  գլուխը  նոր  եմ  կտրել,  հետ  խաղաղ  ապրել՝  ինչ  կա  դրանում  զարմանալի… Այս  կարգախոսի  քաղաքական  շրջոնքն  էլ  այն  է,  որ՝  ռուսներ  գնացե՛ք,  հեռացե՛ք  Ադրբեջանից  (նոր  են  գլխի  ընկել  ինչ  սխալ  են  թույլ  տվել  ռուսներին  Ադրբեջան  բերելով…).  մենք  դարերով  ապրել  ենք  հայերի  հետ  ու  կշարունակենք  նրանց  հետ  հաշտ  ու  խաղաղ  ապրել.  մտքով  կույր  պետք  է  լինել  դրա  իրական,  մեզ  համար  աղետալի  վտանգը  չընկալելու,  պատմության  դասերից  հետևություններ  չանելու  համար…
Ես  բարեկամության  կողմնակից  եմ  և  նույնիսկ  մի  քանի  անգամ  պ-ն  Ալիևին  այդ  կտրվածքով  նամակներ  եմ  գրել  (Իհարկե  հասել,  թե  չի  հասել  չգիտեմ…).  բայց  իրատես  պետք  է  լինել.  հաշտ  ու  խաղաղ  ապրելու  կոչ  անող  Ալիևը  պահում  է  մեր  գերիներին,  նվաստացնում,  նույնիսկ  տանջում,  նոր  գերիներ  վերցնում՝  «որպես  ահաբեկիչների»,  Արցախը  «մաքրում»  հայերից,  իսկ  պ-ն  Էրդողանը  կամ  Ռեջեբ  փաշան  Հայաստանի  արևմտյան  և  արևելյան  հատվածներում  հայերին  կոտորած  Էնվերին  ու  նրա  խորթ  եղբայր  Նուրի  փաշային  է  աստվածացնում...,  էլ  չեմ  ասում  շուրջ  2  միլիոն  հայ  կոտորելու  համար  անգամ  ներողություն  չի  խնդրում… Դե  արի  ու  այդ  մարմնավաճառներին  հավատա… (Չնայած  Փաշինյանը  «դյուրահավատ  է»,  հավանաբար  հավատում  է…  թուրքերին  ճանապարհ*  է  տալիս  Հայաստանով,  դրա  դիմաց  դեռևս  նրանց  մոտ  գտնվող  գոնե  մեր  գերիներին  ու  պատանդներին,  անգամ  նրանցից  մեկին  էլ  չի  ազատում… Հույս  է  հայտնում,  որ  այդ  հարցը  կլուծվի  իր  եղբայր  Ալիևի  հետ  իրենց  հետագա  հանդիպումներում… Իսկ  գերիներին  փոխելու  մի  իրական  տարբերակ  կա.  «անտեր  ու  դուս»  վիճակ  է  նաև  Ադրբեջանում՝  երևի  կայֆի  կամ  էյֆորիայի  տակ  են՝  նույնիսկ  եթե  Մերձավոր  Արևելքում  գտնվող  10  հազարից  ավելի  հայ  մարմնավաճառուհիներից  (տղամարդկանց  վիճակը  ՀՀ-ում  վատ  է…)  100-200  հոգի  պատրաստենք  ու  դեսանտային  խումբ  կազմենք՝  կարելի  է  օրը  50  ադրբեջանական  ահաբեկիչ  գերի  վերցնել  ու  մեր  գերիների  ու  Արցախի  հետ  փոխանակման  գործընթաց  սկսել… Կամ  գոնե  Փաշինյանին  պատանդ  վերցնել  և  Իլհամ  Ալիևին  ասել.  «Քանի  դեռ մեր  գերիներին  չես  տվել,  քո  եղբայր  Փաշինյանին  չենք  տա…»: Տարբերակներ  շատ  կան.  գործի  պետք  է  անցնել,  թե  չէ  Ալիևը  մեր  գերիներին  փոխանակելու  է  կամ  Սյունիքի  կամ  Երևանի  հետ.  Փաշինյանն  էլ  ասելու  է՝  ինչ  անենք,  մեր  գերիների  կյանքն  ավելի  թանկ  էր,  քան  Հայրենիքը… Ինձ  նորից  վարչապետ  ընտրեք…
Մեր  բախտը  մեր  ձեռքին  է՝  այն  հաջողությամբ  տնօրինելու  համար  մենք  պետք  է  արմատապես  փոխենք  երկիրը,  մեր  ռազմական  հզորությունը  հնարավորինս  ամենակարճ  ժամկետում  հասցնենք  աննախադեպ  բարձր  մակարդակի,  ստեղծենք  ճկուն  դիվանագիտություն,  երկիրն  ազատենք  զանազան  բախտախնդիրներից  ևն,  ևն… Փաստորեն  մենք  ունակ  չենք  պատմությունից  դասեր  քաղելու,  եթե  ունակ  լինեինք  դրան,   ապա  1918-20 թվականները  չէինք  կրկնի… (Որը,  ցավոք,  դեռ  ավարտված  չէ…): Մեր  ժողովուրդն  այսօր էլ  շարունակում  է  իր  հույսը  դնել  «կախարդական  փայտիկ  կրող»  առանձին  անձանց  վրա՝  «հովիվներ»  փնտրել.  առանց  հասկանալու,  որ  չարիքի  աղբյուրը  համակարգն  է՝  անհապաղ  արմատական  փոփոխության  ենթակա… Իհարկե  ձախողակ  Փաշինյանի  և  նրա  ընդդիմության  կառավարության  անհապաղ  հեռացումն  այլընտրանք  չունի.  բայց  ո՞ւր  է  համակարգային  փոփոխության  ծրագիրը…
Առայժմ  այսքանը.  շարունակելի…
* Ի  դեպ,  նույիսկ  նման  առաջարկության  համար  Կարեն  Դեմիրճյանը  ծագած  վիճաբանության  ժամանակ  ապտակում  է  Հեյդար  Ալիևին՝  Իլհամի  հորը՝  այն  ժամանակ  ԽՍՀՄ  մինիստրների  խորհրդի  նախագահի  առաջին  տեղակալ,  և  ԽՄկկ  կենտկոմի  քաղբյուրոյի  անդամ… Կարեն  Սերոբիչը  նման  բանի  համար  Պուտինին  էլ  կապտակեր,  որովհետև  տղա  էր,  տղամարդ  էր  ու  մեծ  հայրենասեր  (անձամբ  նրան  լավ  եմ  ճանաչում՝  գիտեմ).  Իսկ  էդ  խեղկատակ-ցմփոր  Փաշինյանն  ինչ  կարող  էր  անել… Ամոթ  է  մեր  5  հազարամյա  ժողովրդին՝  արդեն  շուրջ  30  տարի  է  10  միլիոնից  մի  խելքը  գլխին  ղեկավար  էլ  չի  կարողանում  ընտրել… Իսկ  այսօր  միայն  սեփական  զենքի  ուժով,  միայն  գերմարդկային  ճիգերով  կարող  ենք  փրկել  մեր  Հայրենիքը…
 
Մալիկ  Թելունց
Իրավագետ,  պատմաբան
* Ընդ  որում  ըստ  տեղեկությունների  Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերն  անվավեր  ճանաչելու  հարցը  քննարկվել  է  ՀԽՍՀ  ԳԽ-ի  կողմից՝  1989-91թթ.: Տե՛ս  Լենդրուշ  Խուրշուդյան,  Հայկական  հարցը,  Ե.,  1995,  էջ  70-71.  սակայն  արդյունքները  մեզ  հայտնի  չեն – Մ.Թ.: