Պարտվելը ստորություն չէ, այլ պարտության մտքի հետ համակերպվելն է ստորության գագաթնակետ՝ անբարոյականություն

19/01/2021 18:24
Պարտվելը ստորություն չէ, այլ պարտության մտքի հետ համակերպվելն է ստորության գագաթնակետ՝ անբարոյականություն

Arginyan's Time էջն ուշագրավ առակ է հրապարակել, որը բնորոշում է պատմական այն ժամանակահատվածը, որով անցնում է Հայաստանը:

Ժուկով֊ժամանակով էս կողմերում մի կախարդական անտառ կար. Անտառ ասելըս էլ որնա՞. մի հրաշք, մի աննկարագրելի աղվորություն, որի նմանը ողջ աշխարհքում գոյություն չուներ։ Անտառի Ոգին ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայել ու անտառում էր հավաքել աշխարհքին հայտնի բուսական և կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին և այդ թավ անտառում կենդանիներն իրար կողք֊կողքի շատ սիրով, մին֊մին էլ թշնամանքով՝ վախտը գիտի, ապրում էին, իսկ անտառի Ոգին էլ մշտապես հիանում էր իր ստեղծածով՝ հետևելով կախարդական անտառի կարգ ու կանոնին, կենդանիների վարք ու բարքին, բնության ադաթներին ու բնության զարգացման օրինաչափություններին և այս չնաշխարհիկ միջավայրում կյանքն, իր բնականոն ուղով առաջ էր գնում։

Եվ գուցե կյանքն այդպես էլ բնականոն շարունակվեր մի քանի հազար տարի, եթե գայլերի ընտանիքի դժբախտությունը չխաթարեր անտառային օրինաչափությունների բնականոն ընթացքը։

Օրերից մի օր, գայլերի ընտանիքում մի արու զավակ ծնվեց՝ Սևոն։ Անունի ընտրությունը կապված էր վերջինիս մորթու գույնի հետ։ Մի սիրուն, բրդոտ, լրիվ սև բրդով գելի ճուտ էր։ Սևոյի ծնունդը շատ երկար սպասված ծնունդ էր գայլերի ընտանիքում, ինչն էլ աննկարագրելի ուրախություն պարգևեց անժառանգ ծնողներին և հատկապես մայր գայլին, որն, ինչ֊ինչ պատճառներով այլևս ժառանգ չէր ունենալու և իր մինուճարի ծնվելու առիթով, աշխարհքով մին էր եղել. երկարատև տխրությունը վեր էր ածվել ժպիտի, առույգացել էր՝ գեղեցկացել, իսկ հայր գայլի մոտ էլ ֆիզիկական ուժն էր ավելացել՝ հաճախ էր հաջող որս անում։

Ոգևորությունը պատել էր այս զույգին. հա բա ի՞նչ կաներ՝ որջում ձագուկ էր հայտնվել։ Օրերը մթնում ու անց էին կենում. Զույգը ուրախ և երջանիկ ապրում էր. հայր գայլը գնում էր որսի, մայրը կերակուրներ էր պատրաստում և մեծացնում իր բալիկին։

Բայց էս գայլուկը շատ տխուր էր. ո'չ թայդաշ հարազատ ուներ, ո'չ թայդաշ հընգերտինք ու մենակությունը վերջինիս մեծ վիշտ ու ցավ էր պատճառում։ Առավոտյան արթնանում էր, լվացվում, հաց ուտում ու որջից դուրս գալիս՝ խաղալու։

Դիմացի բացատում բնակվում էր նապաստակների ընտանիքը և ամեն անգամ գայլուկը բարի նախանձով էր նայում, թե ինչպես են նապաստակի ձագերն իրար հետ խաղում՝ վազում, թռչկոտում, ծուլ ու ծուլ ըլում, թոլ ու թոլ ըլում, ծիծաղում, քրքջում, իրար հրմշտում, յեդնուց էլի ախպերանում։ Գայլուկը իջնում էր բացատ, որ հետները մխելա հաղ անի՝ նապաստակները գայլուկին տեսնելով, փախչում էին, տափ կենում ու ընդիան գոռում. ֊Գնա' ըստեղից, չար գայլուկ։ Դու լավը չես, մենք քեզ հետ չենք ուզում խաղալ։ Սա լսելով՝ գայլուկի սիրտը կոտրվում էր ու ստիպված քոռ ու փոշման վերադառնում էր տուն։

Մի օր, երկու օր ու մի օր էլ Սևուկը էլ չդիմացավ։

Վազելով եկավ տուն, գլուխը թաղեց մոր գրկում ու արցունքներն աչքերին սիրտը բաց արավ. «Չեմ ուզում էլ գայլ լինել, ուզում եմ լինել նապաստակ, լինել ուրախ և երջանիկ»: Մայրը շատ տխրեց. բարկացավ, Սևուկին պարսավեց. «Դու հաղթող գայլի տոհմից ես, դու չես կարող վախկոտ նապաստակ լինել։ Հիշիր՝ Նապաստակն ի ծնե պարտված է, իսկ դու հաղթող գայլ ես և որ օր-օրի ավելի հաղթող ես դառնալու»: Մի կերպ գայլուկին համոզեց, ոգևորեց և կարծես թե պահն անցավ։ Բայց հաջորդ օրը նույնը կրկնվեց։

Գայլուկը օր-օրի հանգչում էր. պառկում էր որջի մի անկյունում, գլուխը դնում թաթերին, ո'չ ուտում էր, ո'չ խմում էր ու մենակ արցունքներ էր գլորում։ Սա տեսնելով՝ մայր գայլը խորհուրդ հարցրեց ամուսնուց. «Ի՞նչ անենք այ մարդ, տան գլուխն ես, հլա մի խելքը գլխին խորհուրդ տուր...ախր մեր մինուճարը ձեռից գնում է»։ Ամուսինը, լսելով եղելությունը, շատ տխրեց, բայց հույսը չկորցրեց։ Որոշեցին գնալ անտառի Ոգու մոտ և գուցե նա մի ճար անի, վերջը վերջո անտառի իմաստունն է։ Եվ հաջորդ օրը գնացին անտառի վրա իշխող բարձր սար, որտեղ մի կախարդական քարանձավում էլ ապրում էր իմաստունը։ Երբ եկան անտառի Ոգու մոտ և պատմեցին եղելությունը, իմաստունը, երկար մտածելուց հետո հայտնեց իր որոշումը. «Եթե Ձեր որդու ուղեղը մթագնել է և որոշել է նապաստակ դառնալ, ապա որևէ մեկն անզոր է՝ նրան այդ որոշումից հետ պայելու համար։ Եթե որոշել է՝ ուրեմն կդառնա։ Ծնողները սա լսելով արտասվեցին. մայր գայլը չոքերին էր տալիս հա ոռնալով՝ «կորցրեցի իմ մինուճարին», իսկ Ոգին, իր մոտ կանչելով գայլուկին, վերջին անգամ հարցրեց.

-Որոշումդ վերջնակա՞ն է։

-Այո,֊մղկտալով ասաց Սևոն,֊ Ես ուզում եմ շատ ընկերներ ունենալ և լինել երջանիկ։

-Դե ուրեմն թող քո ասածով լինի,֊տխուր պատասխանեց իմաստունն ու շարունակեց,֊ Երեք անգամ ոռնալուց հետո դու կդառնաս նապաստակ, բայց հիշիր՝ դու այլևս երբեք գայլ չես դառնալու։


Գայլուկը ուրախ-ուրախ երեք անգամ ոռնաց և, նապաստակ դառնալով, արագ վազեց դեպի բացատ։

Քարանձավի մոտ տխուր կանգնել ու հեռացող նապաստակին էին նայում իմաստուն Ոգին, հայր գայլը՝ որի խոսելն էլ չէր գալիս և միայն լուռ հեկեկում էր, իսկ մայր գայլը, որ ցնորվածի նման աջ ու ձախ էր գնում, հուզառատ հոգով իմաստունին մի վերջին հարց տվեց։

֊Մի՞թե մոռանանք մեր բալին, արդյո՞ք նա անլևս գայլ չի դառնալու։

֊Երբե՛ք, ֊տխուր պատասխանեց իմաստունը և շարունակեց,֊ Թերևս միայն մի դեպքում՝ եթե ինքն իրեն սպանի։

֊Դե եթե ինքն իրեն պիտի սպանի, ավելի լավ է, թող որպես նապաստակ ապրի, բայց ապրի իմ բալեն,֊մահու չափ հուզված հազիվ շշնջաց մայր գայլը և ամուսնու հետ սիրտները կոտրած վերադարձան տուն։


Իսկ Սևուկը, որն արդեն նապաստակի կերպարանք էր ստացել և շատ լավ ընդունելություն գտել նապաստակների ընտանիքում, հո ուրախ չէր, հո երջանիկ չէր։ Առավոտից իրիկուն իր թայդաշների հետ խաղում էր՝ բացատում թռչկոտում, վազում, գլորվում։ Ու ըսենց՝ մի տարի, օխտը տարի երջանիկ ապրեց, բայց օրերից մի օր, երբ թայդաշներով դուրս էին եկել բացատում խաղալու, բանից պարզվեց, որ սոված աղվեսների ընտանիքն էլ էր ժանանել բացատ՝ նապաստակի որսի։
Երբ աղվեսների ճահուկն սկսեց օղակել բացատը՝ նապաստակները շատ արագ փախան և Սևուկին վտանգի մասին տեղյակ էլ չպահեցին։ Սևուկն աղվեսներին նկատեց միայն այն պահին, երբ արդեն շատ մոտ էին, բայց՝ ի զարմանք աղվեսների, վերջինս չփախավ։ Կանգնել էր աղվեսների դիմաց և աչքերից կրակ էր ճառագում։ Տեսնելով, որ նապաստակը չի փախչում՝ աղվեսների սիրտը մի քիչ դող ընկավ, բայց շատ սոված էին և հարձակվեցին։

Սևուկը գրեթե արյունլվա, բայց կարելի է ասել, որ ինքն էր հարձակվում։ Միայնակ նապաստակի տարօրինակ քաջությունը տեսնելով՝ աղվեսները թողեցին բացատը և արագ փախան։ Տեսնելով, որ բացատում աղվեսներ չկան՝ նապաստակները թաքստոցներից սկսեցին դուրս գալ և մոտենալ իրենց վիրավոր ցեղակցին։ Բայց վիրավոր ցեղակցի սիրտը շատ էր խոցված՝ ահավոր վիրավորվել էր, որ ընկերներն իրեն դավաճանել էին և միայնակ թողել։ Վիրավորված հոգով ընկավ նապաստակների հետևից և հերթով սկսեց խեղդել՝ վրեժի ծարավը հագեցնելով և ամեն նապաստակի խեղդելով՝ սկսեց վերածվել գայլի՝ վիրավոր գազանի ականջ ծակող ոռնոցով վերադառնալով իր նախկին կերպարանքին։

Այդ ժամ հայտնվեց իմաստուն Ոգին.

֊Այո', սուտ է կերպարանքը... կարևորը հաղթանակող հոգին է, արյունը՝ գենը, ֊սա ասելով կրկին անհետացավ, իսկ Սևուկը շտապեց հայրական որջ, որտեղ արդեն ուրախ ծնողների հետ յոթն օր յոթ գիշեր քեֆ արեցին, որի ժամանակ մայրը հաճախ էր կրկնում. «Որդիս, դու ապացուցեցիր՝ պարտվելը ստորություն չէ, այլ պարտության մտքի հետ համակերպվելն է ստորության գագաթնակետ՝ անբարոյականություն»: