ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց

19/01/2021 12:05
ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, կառավարության հեղինակած նախագիծն ստացավ 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներ:
«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք:
Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: