<<Ստի խարույկ>> որի մեջ յուրաքանչյուրս մեր գցած փայտի մասնաբաժինն ունենք...

03/01/2021 10:30
<<Ստի խարույկ>> որի մեջ յուրաքանչյուրս մեր գցած փայտի մասնաբաժինն ունենք...

Լա'վ, սա էլ գրեմ. Ես չգրեմ, բա ո՞վ գրի։ Թքած, թե շատերը չեն նեղանա, բայց դե ճշմարտությունը վեր է ամեն ինչից։
Եթե՞ սուտ եմ գրում, ասեք՝ սուտ ես գրում։ Եթե՞ սխալ եմ գրում, ասեք՝ սխալ ես գրում։
Պատերազմը տևել է 44 օր, ճի՞շտ է, բայց տարածքային զիջումներից սկսել են խոսել վերջին 7 օրերին, երբ վաղուց բանը բանից անցած էր։ Լա'վ, թող վերջին 10 օրերին խոսեին կամ 11, բայց առաջին 30 օրերին ո'չ ոք ոչինչ չի խոսել՝ կանխամտածված թաքցնելով իրականությունը։
Արծրուն Հովհաննիսյանի և Շուշանիկ Ստեփանյանին առաջին քննադատողներից մեկը՝ ստեր մատուցելու համար, եղել եմ ես, իսկ ընդհանուր քարկոծելու առումով հավանաբար թոփ տասնյակում կլինեմ։
Նորից հիշեցնեմ, որ ՖԲ մի քանի օգտատերեր՝ Գագիկ Սողոմոնյան, Գագիկ Նիկողոսյան և ևս մի հինգ հոգի խոսել են տարածքային կորուստներից՝ արժանանալով թուրք֊պրովոկատորի պիտակի, բայց նորից կրկնեմ միայն պատերազմի վերջին հատվածում։
Ինչ է դուրս գալիս. Ողջ հայությունը մինչև նոյեմբերի 4֊5 թաքցրել են ամեն ինչ, իսկ մի քանիսն էլ խոսել են հոկտեմբերի 25֊ց հետո ( դե մի երկու օր այսկողմ ու այնկողմը հեչ) բայց ցավը նրանում է, որ, բացառությամբ Շուշիի դեպքերի, հիմնական կորուստները եղել են մինչև հոկտեմբերի 15֊ը։ 
Հա չմոռանամ, որ իմ ընկերներից մի ռուսախոս տղա էլի հոկտեմբերի 25֊26կողմերը մի գրառում արեց՝ <<Եթե երկու օր էլ ռուսը չմտնի Արցախ, ապա վերջ>> բայց շատ արագ էլ գրառումը հանեց, քանզի քոմենթներում ինչ քամահրական խոսքեր կար գրեցին՝ դավաճան, թուլամորթ, Ադրբեջանի կայքերից օգտվող և այլն։ Ցավը նրանում է, որ այս մարդուն քննադատողների 99%֊ը հենց Արցախի բնակիչներ  էին, ասել կուզե՝ այդ պահին իսկապես տիրապետում էին ինֆորմացիայի և կարծես թե այդ տղան իսկապես ճիշտ գրառում չէր արել։ Ինչևէ, նորից կրկնեմ, որ որևէ մեկը չի խոսել կորուստներից առաջին 30֊35 օրերի ընթացքում։
Տեսեք՝ Արցախն ունի 100000 բնակիչ. Լա'վ, մեկը կարող էր չիմանալ, հազարը կարող էին չիմանալ, թե ինչ է կատարվում, բայց հո մեծ մասը գիտեին։ Ես մոտ հազար Արցախցու՝ ընկեր, բարեկամ, հարազատ, ֆբ ընկեր հարցրել եմ՝ <<Ճի՞շտ է, որ Ջաբրաիլը էլ չկա, Ֆիզուլին էլ չկա։>> Մի պատասխան չի եղել, որ ասեն՝ այո։ Բոլորը մեկ մարդու նման ասել են՝ մի ընկիր սադրանքների գիրկը, նման բան չկա և հլա մենք ունենք ձեռքբերումներ։ Սա ասել են այն օրերին, երբ 20 օր առաջ արդեն կորցված են եղել։
Ջաբրաիլից ընկերոջս տղան զանգեց և ասեց՝  Ջաբրաիլը տվեցին։ Հաստատ իմանալու համար կապվեցի Արցախում ապրող մոտ 10 և ավել ընկերների, բայց բոլորն էլ ասեցին՝ նման բան չկա՝ պրովոկացիա է։ Մի պահ մտածեցի, որ ընկերոջս որդին հավանաբար գերի է ընկել և պրովոկացիա է անում։
Բայց հետաքրքիր է չէ՞. Հարյուր հազար արցախցիներից մեկը մի ինֆորմացիա չհանեց, միայն ասում էին՝ սաղ լավ է։
Գուցե այդպես էր պետք՝ չգիտեմ։
Արցախի հետ շփվող մի քանի 100 հազար հայաստանցիներ՝ որի որդին էր Արցախում, որը բարեկամ ուներ, որը գործով էր այնտեղ, մի քոռ ինֆորմացիա չհայտնեցին, միայն ասեցին՝ լրիվ օկ է։
Գուցե այդպես էր պետք՝ չգիտեմ։
Անցնենք առաջ։
Ուժայինների աշխատողները, նրանց հարազատ֊բարեկամները կարողա՞ Արծրուն Հովհաննիսյանի ասածով էին առաջնորդվում։ Իհարկե՝ ոչ և, փաստորեն, սրանք էլ լռեցին։
Որևէ մի կուսակցության կամ ամենատարբեր քաղաքական, ազգայնական, կրոնական ու չգիտեմ թե ինչ ուժի առաջնորդ կամ անդամ մի որևէ գրառում արե՞ց։ Պատերազմն սկսցելուց 30 օր անց կամ մինչ այդ դուք տեսե՞լ եք, որ մեկը կորուստներից խոսի։ Իհարկե՝ ոչ, միայն ասել են՝ լավ է կամ ոչինչ չեն ասել։
Բայց ընդունում եք չէ՞, որ որևէ կուսակցության առաջնորդի ինֆորմացիոն աղբյուրը դժվար թե Արծրունը լիներ։
Լրագրողներ.  Հետաքրքիր է՝ ՀՀ և Արցախի լրագրողնե՞րն էլ են Արծրունից ինֆո ստացել։ Բազմաթիվ կայքեր կան՝ Հրապարակ, 168ժամ ու չգիտեմ, թե ինչեր, որոնք, պետք եղած ժամանակ, գիտեն թե ում սիրեկանը շաբաթվա տվյալ օրը ինչ գույնի ներքնազգեստ է հագնում։ Բա դա գիտեն ու չգիտեի՞ն, որ Արցախի կեսն այլևս չկա։ Փաստորեն, սրանք էլ թշնամաբար լռեցին։
Գեներալիտետ. Լա'վ, ասենք թե մի մասը պաշտոնատար  գեներալներ էին, բա պաշտոնաթող գեներալներ էլ կան է։ Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը օրերս հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հենց սկզբում մեծ թվով հայրենասեր և բանիմաց գեներալների է ազատել աշխատանքից։ Ի՞նչ եք կարծում՝ այս գեներալների ինֆորմացիոնն աղբյուրը Արծրու՞նն էր։ Փաստորեն՝ սրանք էլ թաքցրեցին կատարվող ազգադավ իրականությունը։
Չեմ կարծում, որ 50֊ից 100 հազար անդամ ունեցող ԵԿՄ անդամներն Արծրունի տված ինֆոյով էին շարժվում։
Է հա, բա որ ոչ ոք ոչինչ չի ասել, ավելին՝ թաքցրել է իրականությունը, բա որտեղի՞ց իմանայինք, հո Նիկոլից չէինք իմանա։
Ամբողջ ՖԲ֊ում միայն մի օգտատեր՝ Գրիգորյան, խոսել է այն մասին, որ Գորիսից մարդկանց հետ են տալիս։ Օրը երկու գրառում էր անում և չէր հասցնում պատասխանել՝ իրեն պրովոկացիայի մեջ մեղադրողներին։
Փաստորեն, սրա մասին միայն այս տղան գիտե՞ր, հա՞։ Բա էն 20 հազար հոգին, որ Գորիսի ու Ղափանի տաքուկ զորամասերում լռված էին, չէին կարում ասեն՝ էս խի՞ եք մեզ այստեղ պահում։ Լավ չէին կարողանում, թող ինֆո հանեին, թե՞ պետք չէր, ձեռք չէր տալիս... հազիվ տաքուկ տեղ լռված էին։
Մի ընկերոջ հարցրեցի՝ ճի՞շտ է, որ Կուբաթլուն էլ չկա, ասեց՝ ապեր ստերի մի հավատա, կնոջս ու երեխաներիս հետ քաղաքում եմ։ Դրանից երկու օր անց բախտ վիճակվեց լինեկ տարածքում։ Կրկին զանգեցի, ասեցի՝ ու՞ր ես ես չաստի մոտ եմ՝ քաղաքը չկա։ Ասեց՝ 20 օր առաջ ենք դուրս եկել։ 
֊Բա այ բես, որ 20 օր առաջ թողել ես, երկու օր առաջ ո՞նց էիր հաստատում, որ կնոջդ հետ այնտեղ ես։
Երևի ըտենց էր պետք՝ չգիտեմ։
Բա որ սաղի համար ըտենց էր պետք ու ճիշտը դա էր, էն հարիֆ Արծունն ի՞նչ մեղք ունի... նա ո՞վ էր, որ ազգին ու պետական ապարատին դեմ գնար ու այլ բան ասեր։
Կարճ կապեմ. Նիկոլը շատ բաներում է մեղավոր, գրեթե ամեն ինչում, բայց նիկոլի արարքներն ու հայրենիքի կորուստը ծածկադմփոց անողը եղել ենք մենք, իսկ Արծրուն Հովհաննիսյանը եղել է ընդամենը մի <<ստի խարույկ>> որի մեջ յուրաքանչյուրս մեր գցած փայտի մասնաբաժինն ունենք...
Իսկ այս դեպքում էլ հարց է առաջանում.
֊Բա էլ ի՞նչ կապիկություն ենք անում՝ մենք չգիտեինք, նիկոլը թաքցրել է... ԼՈՒ՞ՐՋ։

Արմեն Արգինյան