Պատերազմական դրվագներ՝ Մ. Հերացու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներից

21/12/2020 18:52
Պատերազմական դրվագներ՝ Մ. Հերացու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներից

Փրկե՛ք մատներս, ես  ապագա ատամնաբույժ եմ

Հայրենական այս ահեղ պատերազմում, հրաշքով փրկվել ու վիրավորվել են են երկու ընկեր, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական քոլեջի շրջանավարտ երկու բուժակներ՝ Տիգրան Բաբայանն ու Հակոբ Գասպարյանը, ովքեր բժշկի առաքելությունն առած իրենց ուսերին՝ ռազմի դաշտում փրկել են  զինվորների կյանքեր, վիրավորվել ու դարձել հաշմանդամ:

Այս օրերին նրանք արձակուրդային թույլտվությամբ տանն են ու մեր կայքին պատերազմից ուշագրավ դրվագներ են պատմում՝   իրենց իսկ մասնակցությամբ:


-Լայնածավալ պատերազմի սկսելուն պես նետվեցի մարտական դաշտ,-պատմում է Տիգրանը,- Շուրջ բոլորս պայթյուններ էր որոտում, օդից  հռթիռակոծվում էր մեր դիրքերը: Գերբնական մի անասելի ուժով վիրավորներ էի դուրս բերում  կրակահերթերի տակից: Առաջին անգամ մահվանն առերեսվեցի, երբ ծանր վիրավորված մի զինվորի շտապ օգնության մեքենայով տեղափոխում է  բժշկական կենտրոն, որը տեղակայված էր Ֆիզուլիում: Ճանապարհին, ձեքերիս մեջ մահացավ զինվորը…ցավից ու անարդարությունից սիրտս սեղմվում էր, ախր, ինչու՞  պիտի տուն չվերադառնար այդ տղան: Ամեն մի վիրավորի տեղ հասցնելով անչափ ուրախանում էի, հետո  փառք էի տալիս Աստծուն, որ դեռ ողջ եմ: Հերթական վիրավորին տեղափոխման ժամանակ պատահաբար ճանապարհին հանդիպեցի ընկերոջս՝ Հակոբին, ով ասաց, որ Ֆիզուլին ադրբեջանցիները գրավեցին, ետ դարձիր…:
Հոտեմբերի 25-ին՝ ծննդյանս օրը, երեք վիրավորներ էի տեղափոխում, շտապ օգնության ետնամասում էի նստած, երբ  խոցեցին ավտոմեքենային: Ավտոմեքենայի խցում  բռնկվեց  կրակ,  վայրկյանների ընթացքում այրվում էր մարմինս, զգացի, որ մարմնիս այրված ցավերից գիտակցությունս կորցնում եմ, երբ աչքերիս լույսը եկավ, հասկացա, որ ուշքի եմ գալիս, տեսա գետնին եմ պառկած, ձեռքս ջախջախված, դեմքս, ոտքերս այրված, ծունկս բացված, որից առատ արյուն էր հոսում: Լսվեց ձայներ, որ Ջաբրայիլից շտապ օգնության մեքենա է եկել, ապա հրաշքով հայտնվեց ընկերս՝ բուժակ Համլետն ու  վիրակապեց ծունկս: Ծննդյանս օրը ես վերածնվեցի: Ինձ տեղափոխեցին  Մարտունու, հետո Ստեփանակերտի հոսպիտալ, հաջորդ օրն արդեն ես Երևանի թիվ 1 համալսարանական ԲԿ-ում էի: Առիթն օգտագործելով շնորհակալությունս հայտնեմ հանրաճանաչ բժշկին՝ Արտավազդ Սահակյանին ու բժշկական  անձնակազմին, նրանց ջանքերով փրկվեցին ձեռքիս մատներից՝ 4-ը, այրված դեմքս ու ոտքերս,- պատմեց  Արտաշատի բնակիչ՝ Տիգրան Բաբայանը:

Ռազմի դաշտում հայրս իմ համար վահան էր դարձել


Հակոբ Գասպարյանի խոսքերով, այս պատերազմը  հոր՝ Գառնիկ Գասպարյանի 3-րդ մղած կենաց մահու պայքարն է:
-Հայրս մարտի դաշտում իմ վահանն էր,-պատմում է Հակոբը,- Վիրավոր զինվորներ էինք դուրս բերում  կրակահերթերի տակից: Մի օր էլ  ես մարտի դաշտում  վիրավորվեցի ոտքից: Ինքս վիրակապեցի ոտքս, ինձ անմիջապես ուղարկեցին Ստեփանակերտի հոսպիտալ: Հորս խնդրում էի, որ ինձ մարտի դաշտ տեղափոխի:
Հորս հետ պայման էինք կապել, որ եթե մեզանից որևէ մեկը զոհվի, մյուսը ընտանիքի խնամքն անմիջապես վերցնում է իր վրա,-ասում է Հակոբը, ով դեռևս 2 տարի ու 6 ամիս ժամանակ ունի զինվորական ծառայությունն ավարտելու:
Հ.Գ. 1 Երբ շենքի մուտքում ճանապարհում էի նրանց, կատվի աղիողորմ ճիչեր էր լսվում:
-Կատվի գլուխը մնացել է դռան տակ, էլի կյանք փրկեցինք, կատակեցին բուժակ-զինծառայողները:
Հ. Գ. 2 Այս երկու ապագա բժիշկ, հերոս  տղաները հարգանքի են արժանի: Նրանք կցկտուր ու համեստորեն պատմեցին այս անսովոր ու դաժան պատերազմում  իրենց առաքելության ու բժշկական օգնությունների մասին, այն ամենի մասին, որ պատերազմն է պատճառել նրանց ու իրենց ընտանիքներին:

Անի Մադոյան