Գյուղացիները մտահոգված են. Խաղողի բերքահավաքն ուշանում է

23/09/2020 18:23
Գյուղացիները մտահոգված են. Խաղողի բերքահավաքն ուշանում է

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչները այս տարվա ստացած բերքից չեն դժգոհում, միայն խաղողի իրացման հարցն է հուզում իրենց։
-Անհանգիստ ենք, որ անձրեւները կխանգարեն խաղողի բերքահավաքին, ինչքան շուտ մթերեն այնքան մեզ համար օգտակար կլինի։Լսել ենք, որ խաղողը մթերող կազմակերպությունները խաղողի ինքնարժեքը 135 դրամով են գնահատում, մի քիչ, որ բարձր լինի, լավ է քանի որ ծախսատար բույս է` մշակման համար շատ ծախսեր է պահանջում։ Գարնանից աշխատում ենք, կարելի է ասել մինչեւ դեկտեմբեր` այգեթաղից մինչեւ նոր գարնանային աշխատանքներ։  Մթերման ճիշտ կազմակերպումը կարեւոր է, կառավարությունն էլ, որ աջակցի մեզ լավ կլինի։ Այս տարվա բերքից չենք դժգոհում, շնորհակալ եմ Աստծուց, դեղձի եւ սալորի իրացումը վատ չէր, կարողացանք հարմար գներով իրացնել,- պատմում է Սամվել Խաչատրյանը։
-Սեփականաշնորհված հողեր ունենք, այգի է, պտուղ է, մշակում ապրում ենք։ Մեկս մյուսի ճանաչում ենք, մեր գյուղը շատ լավ գյուղ է, ինչպես բոլոր գյուղերը, մերը մի քիչ լավ։ Ճանապարհներն են սարքվում, փողոցներն են լուսավորվում։ Մանկապարտեզը դեռ չի աշխատում, բայց դպրոցում նախակրթարան է բացվել, մեր երեխաների համար, մանկապարտեզն էլ ասում են հաջորդ տարի կսկսեն սարքել,- պատմում է Խանջյանի բնակչուհի  Հռիփսիմեն։
Խանջյանցիները պատմում են, որ այնքան զբաղված են իրենց հողերի մշակմամբ, որ ժամանակ չունեն համավարակի մասին մտածելու։ Ըստ համայնքաբնակների, ազատ հողեր չկան գյուղում, բոլորը մշակվում են, տեղական իշխանությունները հոգացել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման մասով, բարեկարգվել են նաեւ ներհամայնքային ճանապարհները։ Գյուղի բնակիչները, ի տարբերություն նախորդ տարիների, մշակված բերքը տեղափոխելու խնդիրներ չեն ունենում։
-Ինչքան կարող ենք բերքը հավաքում ենք մեքենաների վրա, հանգիստ տեղափոխում ենք, այնքան, որ ճանապարհները սարքվել են, թեկուզ անձրեւները չեն խանգարում, անկեղծ ասած չենք դժգոհում։ Մեր գյուղի հիմնական աշխատանքը մնացել է մանկապարտեզի շահագործումը, որը գյուղի բյուջեով չի արվի, հսկայական ծախսեր են, մեր Խանջյանն է մենք լավ գիտենք, ով ինչ հնարավորություն ունի։ Մի օր էլ դա կարվի, խոսակցություններ կան հաջորդ տարում կսարքեն, տեսնենք։ Էնա կուլտուրայի շենքն էլ է սկսել աշխատել, երգի, պարի, նկարչության, սպորտի խմբակներ, տաղանդավոր երեխաներ ունենք, թող հաճախեն, զարգանան, տեսնում ենք, դրական փոփոխություններ կան։ Երիտասարդ ղեկավար ենք ընտրել, նոր է՝ եռանդով աշխատում է, հետաքրքրված է գյուղի զարգացման հեռանկարով, դեռ շատ գործեր կանի,- ներկայացնում են խանջյանցիները։