«Բարերարները ԿԳԲ-ի պետի վրան փող կցփնեին, հո քյասիբին փող չէին տա... բա՜, բարերար են»

11/09/2020 16:57
«Բարերարները ԿԳԲ-ի պետի վրան փող կցփնեին, հո քյասիբին փող չէին տա... բա՜, բարերար են»

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում հունիսի 20-ին տեղի ունեցած պտտահողմը գյուղաբնակներին մեծ վնասներ հասցրեց, սական ինչպես տեղեկացնում են գեղանիստցիները՝ կառավարությունը մտադիր չի փոխհատուցել բնության արհավիրքից տուժած մարդկանց։
-Մեզ խորհուրդ էին տալիս, որ մեր տան տանիքները մի երկու փայտով ծածկենք մինչեւ պետությունը մտածի ու հասնի օգնության, բայց դա փափուկ բարձ էր մեր գլխի տակ դնելու համար։ Մենք մեր տունը կսարքենք,հիմա  ինչքան մեր ուժը պատեց կանենք, վարկով է ինչով է, հո չենք մնա ձան ու անձրեւի տակ,-փոխանցում են մեր զրուցակիցները։
Ընթերցողին տեղեկացնենք, որ Գեղանիստ գյուղում մի քանի տարի է ինչ հնչեղ է եղել ծնունդով գեղանիստցի ռուսաստանաբնակ բարերարների աշխատանքները։ 
Օրինակ, գյուղում հանդիսությունների սրահի անվան տակ  կառուցված ռեստորանը, որը ըստ գեղանիստցիների ,Ավետիք Մարտիրոսյան բարերարն է սարքել, գործում է ի շահ նրա բիզնեսի։ Բնակիչներին ուղղված հարցին, թե, եթե կան բարերարներ, ապա չե՞ն աջակցում համագյուղացիներին, պտտահողմի հետեւանքները կարգավորելու համար, վերջիններս պատասխանեցին։ 
-Ձեր հարցին հարցով պատասխանենք, բարերարը մի նպատակ պետք է ունենա չէ՞, որ փող ծախսի։ Ռեստորան են սարքել, ու դա իրանց համար բիզնես է, գյուղացուն ի՞նչ ռեստորանը, է դրանից գյուղացու կյանքը լավացա՞վ, փող պետք է տանք, հարսանիք կնունք ու ծնունդ անենք։ Ի՞նչ բարերարության մասին է խոսքը, կամ եկեղեցի են սարքել, իրենց անվան համար, որ փառաբանենք, իրանց անունը մնա գյուղում, էդ է։ Բարերար ամեն մարդի չի էղնի, էնե բերին իրանց մարդուն դրին գյուղապետ, ով ռիսկ կանի մի բան խոսա, նույն օրը կաքսորեն, լավ կեղնի մեր գեղն էլ խփեն Արթիկին պրձնեն։ Էդ նույն բարերարներն էն ժամանակ, որ գալիս էին Հայաստան, էլի  իրանց անունի համար քեֆերի ժամանակ դոլար շաղ կդային պարող միլիցեքի ու ԿԳԲ-ի պետի վրա, կարո՞ղ է բերին հիվանդի կամ քյասիբի տվեցին։ Մենակ իրենց փառքի ու անունի համար կաբրին բարերարներն ու ամեն տեղ, ոչ մենակ Գեղանիստում, կուշտ ենք բարերարից, թող պետությունը իր վրա վերցնի մեր հոգսը, որ իմանանք, թե անիմաստ չենք եկել աշխարհ ու հայրենիք ունենք,-ասում են գյուղում եւ խնդրում իրենց անունները չհրապարակել, քանի որ Ա․ Մարտիրոսյանի եղբորորդին, նորաթուխ գյուղապետ՝ Սենիկ Մարտիրոսյանը քիննախնդիր է ու պատժող։
Հերմինե Մանուկյան