Գառնահովիտի ,,դոմիկ,, համայնքապետարանի փակ դուռն ու զոմբի համայնքապետը. Գառնահովիտցի Զիմզիմովը

08/09/2020 18:15
Գառնահովիտի  ,,դոմիկ,,  համայնքապետարանի  փակ դուռն  ու  զոմբի համայնքապետը. Գառնահովիտցի Զիմզիմովը

Արագածոտնի մարզի Գառնահովիտի մեր ընթերցողները խնդրում են անդրադառնալ իրենց անբարեկարգ փողոցներին, որտեղ կոշիկ  ու ավտոմեքենա չի դիմանում: Ըստ նրանց, իրենց  տարվա ապրուստը անասուններն են , դաշտը, իսկ հարուստ համայնքապետն էլ իրենց հոգսը չի ընկալում, քանի որ անհոգս է ապրում՝ քծնելով ներկա իշխանություններին, օր-օրի հարստանալով  ու սաստելով  գյուղի ցանկացած դժգոհություն:
 ՀԺԱՄ-ը Գառնահովիտում է:
Թալինի տարածաշրջանի այս համայնքը ծվարած է սարերի փեշին: Գյուղ մտնողին, առաջինը  դիմավորում է  6, 7 –րդ դարարում կառուցված  սրբ. Գևորգ եկեղեցին՝ իր բարձրադիրքով: Հաջորդ դիմավորողը  երկաթե դոմիկի ժանգոտված կողպեքն է, որով  փակված է համայնքապետարան կոչվող դուռը: Աշխատանքի ժամին այն փակ է, աշխատակիցներ չկան:  Չորացած կանաչների մեջ թաղված-տեղադրված  դոմիկ կոչվածը, պարզ  երևում էր, որ երբևէ  չի էլ բացվել, ասել է, թե՝ կուսական է:


Ըստ գյուղացիների, այն չի էլ բացվում: Համայնքապետ՝ Հրաչ Թադևոսյանը շատ հարուստ մարդ է ու  «լայեղ» չի անի այդեղ նստի, տանն է ընդունում, կամ եկեղեցում, այն էլ հատուկ մարդկանց՝ ոչ իրենց:
-Մեծահարուստ է, ունի թվով 7 խանութներ, կոշիկի արտադրամաս, վարում է թանկարժեք Լեքսուս մակնիշի ավտոմեքենա, գյուղի քանդված ճանապարհներով, այս գյուղի գեղեցկությունն իր ճերմակ Լեքսուսն է, կիննէլ  դպրոցում մեր երեխեքին է դաս տալիս: Գազ չունենք, քյորփեքի  համար մանկապարտեզ չկա, որ գնան, տլի ու ցեխի մեջ ապրում ենք կոկորդիլոսի նման, անասնապահությամբ ու դաշտավարությամբ ենք զբաղվում: Մեր հարուստ  գյուղապետը թունդ նիկոլական է,մի  դժգոհ հարց, կամ Նիկոլից բողոք, մեզ հետ կթշնամանա,- մեզ հետ զրույցում զգուշացնում  էին տեղաբնակներն  ու անհանգստանում, որ իրենց  հանկարծ չնկատեն,- Սա մարզպետի պապական գյուղն ա:

Դիմացից մեզ ընդառաջ եկավ Գառնահովիտի ղեկավարը: Համայնքապետ՝ Հրաչ Թադևոսյանն, իր կողմից վարած   Լեքսուս մակնիշի ավտոմեքենայից  ասաց, որ 20 տարի է, ինչ համայնքապետարանը շենք չունի, ոչ էլ հետաքրքրվում են այդ առնչությամբ: Հրավիրեց եկեղեցի կամ իր տուն՝ զրուցելու:
-Եկեղեցի գնանք,-ասացինք:
-Ո՛չ, տուն գնանք,-պահանջեց համանքապետը...


 -Ես ու եղբայրս ենք  մի քանի մետր ասֆալտապատել  գյուղի ճանապարհը,-հպարտորեն ասաց  համայնքապետն և անսպասելիորեն անդրադարձ արեց   ՀՀ երկրորդ և երրորդ  նախագահներին,նախկին  վարչապետին , մեղադրելով նրանց ՝ անգործունեության, գյուղի ցեխերի և իր ծանոթ ներդնողին չընդառաջելու  համար:

-Անձամբ հանդիպեցի նախկին վարչապետին,  չընդառաջեց:Կոշիկի արտադրամաս էի ուզում բացել մեծ ներդնողի հետ,-ասաց Հ.Թադևոսյանը,-Թալինից եկած ճանապարհն էլ չնորոգեցին:Տեսնու՞մ եք, ինչ ասֆալտ է անում  Նիկոլը:  
-Մենք եկանք  Կարմրաշեն-Ոսկեթաս- Զովասար ասֆալտապատված ճանապարհներով,- ընդհատեցինք Հ. Թադևոսյանին:
-Ասֆալտն իրե՞նք են կառուցել,- զարմացած հարցրեց համայնքապետը՝ կողքին նստած  իր կնոջը:

-Հա՛,2017թ-ին, կարծեմ, վերանորգեցին  Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ,-պատասխանեց կինը:
-Չի՛ կարող պատահել, Հայաստանում Նիկոլն է միայն գործ անում, չե՛մ հավատում,-ասաց  Գառնահովիտի ղեկավարն ու ձեռքն առավ սազը՝ գովերգելու գործող վարչապետին, շրջանցելով իրեն ուղղված մեր հարցերը:
 
-Ու այսպես առաջնորդելով, մոլորեցնո՞ւմ  եք ձեր համայնքին՝ գառնահովիտցիներին,-հարցրեցինք  զոմբիացած  համայնքապետին:
-Սա՞ չի ձեր կայքը՝ ՀԺԱՄ-ը ,-հեռախոսից  ցույց տալով կայքի ֆեյսբուքյան էջը, թշնամաբար մլրտաց Գառնահովիտի Զիմզիմովը:
-Դուք ձեր սուրճը չխմեցիք, մեր ետևից ասաց Գառնահովիտի առաջին տիկինը...
 Իսկ մի քանի քայլ հեռու արդեն մի ուրիշ կին հորդուրում էր.


-Մի նկարեք փակ դոմիկը, գյուղապետը շատ լավ մարդ է, իմ տեգրն է...


Անի Մադոյան