«Գյուղացին մնաց առանց խոտի՝ խոտհարքերը տվեց նախարարի ախպերներին...»

02/09/2020 15:29
«Գյուղացին մնաց առանց խոտի՝ խոտհարքերը տվեց նախարարի ախպերներին...»

ՏԿԶՆ Սուրեն Պապիկյանի արտոնյալ զարմիկների մասին խոսակցությունները տարածվում են ողջ հանրապետությունով մեկ: Պարզվում է միայն Գյումրու «Ֆայտոնը» չի կապված Ս. Պապիկյանի ազգականների հետ, Տաշիրի տարածաշրջանի խոշորացված Մեծավան համայնքում եւս նրանք զարգանում են ու բարգավաճում:
-Գիտեք, որ միավորված Մեծավան գյուղի ժամանակավոր ղեկավար են նշանակել Արման Վարդանյանին, էս աղքատ տարում ինչքան գյուղում խոտհարքեր կար առանց մրցույթի ու հայտարարության, բաժանեց դրսի մարդկանց։ Գյուղացիներս մնացինք առանց անասնակերի, խոտի մեկ տուկը հիմա 1500 դրամ է, ձյունը վաղը, որ դրեց ավելի է թանկանալու։ Իր տան դուռն էլ արդեն երեք հատ դեզ է դրել, նախկինում ուրիշ գյուղերի գյուղապետերի անասուններին խոտ տվողն ու թրիք թափողը էսօր գյուղապետ է դարձել, էս ի՞նչ թիվ ենք հասել։ Ինչ է թե նախարար Սուրենի Պապիկյանի փեսայի ընկերն է, Պապիկյանի բարեկամներին դաժե մեր գյուղերի խոտհարքերից բաժին հանեց։ էս նոր Հայաստանի կա՞րգ է բա, գյուղացիների աչքի առաջ օրական Ս․ Պապիկյանի պապային, իրենց  գյուղ պանիր, գառ ու ոչխար է տանում ընծաներ, որ գյուղը իրա նման անգրագետի վստահեցին։ Թե՞ իրանց գործ տվողների անօրեն գործերի վրա աչք փակելը մոդա է,-տեղեկացնում է Մայիս անունով բնակիչը։

Ըստ տեղացիների, Մեծավան համայնքի ղեկավարի ընտրությունները կռվախնձոր է դառնալու առաջիկայում։ ԱԺ «քայլական», մեծավանցի պատգամավոր Արամ Խաչատրյանը, նույնպես, իր թեկնածուն ունի:

-Ի՞մ ուզած մարդը պետք է լինի Մեծավանի գյուղապետ, թե՞ պատգամավորի, իհարկե իմ՝ նա ո՞վ է։
-Հազար ափսոս քեզ Շահնազար, որ էսօրվա քո ղեկավարը Նագլին է, ում վաղեմի երազանքն էր նստել գյուղապետի աթոռին,- փոխանցում են մեր զրուցակիցները։
Ըստ Պաղ Աղբյուրի բնակիչների, «Նագլի» մականունով Ա․ Վարդանյանը, շրջապատում անկեղծացել է, թե իր միակ ցանկությունը եղել է գյուղապետ դառնալ, ու եթե հիմա թույլ չտան էլ ընտրվի, հոգ չէ՝ ինքը զգացել է գյուղապետ լինելու բերկրանքը:

-Ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից դաստեքով փող փախցնող Նագլին, էսպես հասավ իր նպատակին ու այսօր չորս գյուղ է ղեկավարում, հողերն աշխարհի գլխին, էս ուր ենք հասել, իր դեմ խոսողներին էլ կտա ուժայինների ձեռքը, ամեն ինչի ընդունակ մարդ։ Ձմեռը, որ մեր անասուններ մնացին առանց խոտի, էդ նույն անասուններին կքշենք դեպի մարզպետարանի դուռը, թող մարզպետը լուծի էս խնդիրը,- զայրացած ասում մարդիկ։ 
Ի դեպ, այստեղ մարդիկ խնդրում են իրենց անունները առայժմ չհայտնել, քանի որ Ա․ Վարդանյանը իր բնավորության համաձայն բողոքողնորի համար մեծ խնդիրներ կստեղծի։
-Էդ իրա բնույթն ա,- ասում են մեր զրուցակիցները։