«Ապարան թաղեմ տերդ՝ ութ ամիս ձյան տակ ենք, ցրտի ու բքի մեջ...» գյուղացուն միայն կարկուտն է հավատարիմ մնացել

27/08/2020 16:27
«Ապարան թաղեմ տերդ՝ ութ ամիս ձյան տակ ենք, ցրտի ու բքի մեջ...» գյուղացուն միայն կարկուտն է հավատարիմ մնացել

Ապարանի մի շարք համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական ցանքատարածություններին, մարդիկ տեղեկացնում են, որ այս տարի զրկվել են առատ բերքը հավաքելու հնարավորությունից։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Հայկական Ժամ»-ը զրուցեց համայնքաբնակների հետ։ 
-Երեք անգամ կարկուտը եկավ ջարդեց գյուղացու տանջանքն ու չարչարանքը։ Մեր աճեցրած ցորենը, գարին, վարսակն ու կարտոշկան հողին հավասարեցրեց, հատկապես Վարդենիս գյուղը շատ տուժեց։ Աշխատում ենք, ստեղծում, բայց այս տարի էլի կանգնեցինք հին տաշտակի առաջ։ Ապարան թաղեմ տերդ՝ ութ ամիս ձյան տակ ենք, ցրտի ու բքի մեջ, էս ճանապարհները լավ է գալիս մաքրում են, թե չէ դրսի հետ կապ էլ չենք ունենա,-ասում է վարդենիսցի Անահիտը եւ շտապում է իր գործին՝ խոտհունձ է ժամանակ չունի երկար զրուցելու։
- Էս վիրուսն էլ մի կողմից եկավ, տանից դուրս չենք գալիս, իսկ դուրս գալուց էլ միայն դիմակներով, էսպես ասած ինքնամեկուսացած վիճակում ենք։ Գյուղացու կյանք է, բարձր բերքատվություն էինք ապահովվել, այն էլ կարկուտը սրբեց տարավ մեր ապրուստը։ Նայեք փարթամ արոտներով ու դաշտերով ենք շրջապատված, անասուններ ենք պահում, հող ենք մշակում ապրում ենք։ Մեր տարածքներում բարդ է բնության հետ խաղ չես անի, երբեմն հակակարկտային կայաններն էլ չեն հասցնում ցրեն կարկտաբեր ամպերը, շվարել ենք մնացել,-պատմում են Չքնաղ գյուղի բնակիչները։
Մարդիկ այստեղ տեղեկացնում են, որ արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողները մշտապես ուշադրության կենտրոնում են պահել իրենց դիմողներին։
-Շրջապատից է կախված ղեկավարի լավ թե վատ աշխատանքը, եւ ղեկավարն էլ պետք չի, որ այնքան երկար աշխատի, որ լճանա, լճանալը լավ չի։ Ղեկավար դառնալուց հետո առաջին չորս տարին սովորում են, երկրորդ անգամ ընտրվում են եւ կայունանում են, իսկ երրորդ անգամ ավելորդ է դառնում։ Հիմա մեր քաղաքապետը առաջին ընտրաշրջանում է դեռ, սովորելու փուլում է ինչ բան է քաղաքապետը, ինչ է կարելի, ինչը չի կարելի։ Նախկինում մենք դեպուտատ ունեինք Ալոյան Թամարան սկզբում, որ ընտրվեց անփորձ էր, իսկ հետո շատ լավ քաղաքական գործիչ դարձավ։ Հիմա նույնը մեր ղեկավարությունն է, առաջին փուլում է ու բավականին դրական փոփոխություններ են եղել, քաղաքը տեսքի է եկել, զարգացել է չասելը սխալ է։ Ինչ-որ արվումա նկատելի է, երեւում է,-իրենց կարծիքն են հայտնում Մաշտոց փողոցի բնակիչներից Ֆլորա Հակոբյանը եւ իր մայրը։
-Չգիտե՞ք, որ ապարանցիները  քարը կենդանացնող, քարից հաց քամող ժողովուրդ են։ Մեր պապերի վարք ու բարքով, ավանդներով ու խորհուրդներով ենք ապրում, որ պետք է պահենք մեր ազգային դիմագիծն ու բնավորությունը, դա պապական պատվիրան է։ Ու դեռ դա էլ քիչ է, պետք է մենք էլ ամեն մեկս էդ ստացած ժառանգությանը ավելացնենք մեր սեփական ավանդը, պահել ու պահպանել մեր ազգի անունն ու պատիվը,-իր տան բակում նստած հպարտությամբ նշում է ապարանցի տարեցներից Հովհաննեսը։
Խոշորացված Ապարան համայնքում ներառված երկու տասնյակի հասնող գյուղական բնակավայրերում ազգաբնակչությունը, որքան էլ, որ մատնացույց են անում տեղական իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքներն ու ուշադրությունը, այնուամենայնիվ իրենց ծննդավայրի մեկ միավորի կարգավիճակը, ըստ մեր զրուցակիցների, ավելի արդարացված կլիներ։
-Շենավանը առաջներում Ապարանի գյուղերի հայելին է եղել, հիմա էլ շեն է մեր գյուղը, բայց եթե մեր երկիրը անկախ է, թող թողնեին մեր գյուղն էլ անկախ լիներ, մնացած գյուղերը նույնպես։ Ապարանի քաղաքապետը՝ Կարեն Եղիազարյանը գալիս է, հետաքրքրվում հանձնարարում է գործերը ժամանակին եւ ուշադիր անել, էսպես ասած գալստուկով մարդ չի, մեր նման հասարակ վազող, հասնող մարդ է, բայց մենք անկախ  ու ինքնուրույն գյուղի կարգավիճակն ենք նախընտրում,-ասում է հավաքվածներից շենավանցի Ն․ Ղազարյանը։